ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը

13 նոյեմբերի, 2018

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Սկսեմ իմ ներածական խոսքից։

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը, որին հաջորդել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով և լիագումար նիստեր: Ինչպես գիտեք, այդ նիստերի ընթացքում ստորագրվել են մի շարք որոշումներ և փաստաթղթեր, մասնավորապես, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Քննարկումների օրակարգում է եղել նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը, և որոշում է կայացվել հարցին վերստին անդրադառնալ առաջիկա հարմար առիթով, այն է՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՀԱՊԿ ձևաչափով գումարմանը: Միաժամանակ, հանձնարարություն է տրվել Քարտուղարությանը մշակել և ներկայացնել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման, այդ թվում՝ լիազորությունների կատարման անհնարինությամբ պայմանավորված հարցերը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծեր:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որտեղ «Փարիզի խաղաղության համաժողովի» ընթացքում հնչեցրած իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի տարբեր երկրներ ընդգծել են ժողովուրդների ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Որպես օրինակ նշվել է, որ օրերս Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունն այդ իրավունքին, և Նոր Կալեդոնիայի ժողովրդին հնարավորություն է տրվել իրացնելու ազատ կամարտահայտության իրենց իրավունքը:

Կապված Նոր Կալեդոնիայիում անցկացված հանրաքվեի հետ՝ ԱԳ նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արդիական է, քան երբևէ, և ժողովրդի կողմից ազատ կամարտահայտման ամենավերջին օրինակը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիան է:

Վերջին տեղեկատվությունը Լարսի անցակետից, որը ստացել ենք մոտ կես ժամ առաջ։ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթի գոյացումը կազմում է 2-2,5 կմ։ Անցակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Հերթի գոյացումը հիմնականում բեռնատարներին է վերաբերում։ Իսկ վրացական կողմից ստացված տեղեկության համաձայն՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է, ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով՝ ձյունով և մերկասառույցով։ Դրանով պայմանավորված՝ կարող են որոշակի սահմանափակումներ լինել, քանի որ ճանապարհի այդ հատվածը փակ է, նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակված է։ Մնացած մեքենաների համար որևէ սահմանափակումներ չկան։

Առաջիկա այցերի հետ կապված։

Առաջիկայում կայանալու է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի աշխատանքային այցը Ստրասբուրգ, որտեղ վերջինս մասնակցելու է Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը, ունենալու է մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ:

Տեղեկացնեմ նաև, որ դեկտեմբերի 6-ից 7-ը Իտալիայի Միլան քաղաքում կայանալու է ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցելու է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Մենք երեկ հայտարարություն ենք տարածել նիստի լուսաբանման համար ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման կարգի մասին, որը հասանելի է նաև մեր պաշտոնական կայքում։ Նշեմ, որ հավատարմագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է։ ԵԱՀԿ տարեկան հավատարմագրում ունեցող լրագրողները նույնպես պետք է հավատարմագրվեն Նախարարական խորհրդի 25-րդ նիստը լուսաբանելու համար։

Դեկտեմբերի 4-ից 5-ը Զոհրաբ Մնացականյանն այցելելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստի շրջանակում անցկացվող Հաստատակամ աջակցություն առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Եվս մեկ հայտարարություն մեր լրատվամիջոցների համար։ Մեկնարկել է ԱԳՆ տարեկան հավատարմագրումը, որի վերջնաժամկետը դեկտեմբերի 16-ն է։ Որոշակի փոփոխություններ են մտցվել հավատարմագրման կարգի և ԱԳՆ մուտքի հետ կապված։ Քանի որ մեր գործընկերների կողմից մշտապես առաջարկներ են հնչել, որպեսզի հավատարմագրվող լրագրողների քանակային սահմանափակումն առավել մեղմացվի, դա պայմանավորված է նրանով, որ արձակուրդային շրջանում լրագրողները հասանելի չեն լինում, ինչը խնդիրներ է առաջացնում. այժմ յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել 6-7 լրագրող, օպերատոր, լուսանկարիչ։ Կաշխատենք սահմանափակումները հնարավորինս կրճատել։

Մյուս փոփոխությունը կապված է կարգի հետ։ 2019թ․-ից ԱԳՆ-ում անցկացվող ճեպազրույցներին, մամուլի ասուլիսներին և արարողակարգային հանդիպումներին լուսաբանելու համար այլևս չի լինելու նախապես գրանցվելու անհրաժեշտություն։ Մուտքը լինելու է ԱԳՆ հավատարմաքարտերով, բայց բացառապես այդ հավատարմաքարտերով, եթե մոռանաք հավատարմաքարտը, մուտքն այլևս չենք կարող ապահովել։ Բայց դրա շնորհիվ մենք վերացնում ենք նախապես գրանցվելու անհրաժեշտությունը։ Ուստի խնդրում եմ մինչև դեկտեմբերի 16-ը ներկայացնել հայտադիմումները։ Դրանից հետո ուղարկված դիմումները չենք ընդունելու և չենք դիտարկելու։

Դեկտեմբերի 16-ը վերաբերում է նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ միայն մեր հավատարմաքարտի հիման վրա նրանք կարող են դիմել այլ գերատեսչություններում հավատարմագրմանը։

Տարեկան հավատարմագրման վերաբերյալ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱԳՆ պաշտոնական կայքէջում։ Նաև մեր աշխատակիցները մշտապես հասանելի են ցանկացած զանգի, ցանկացած պարզաբանում տալու համար։

Մեկ հայտարարություն ևս։ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները, այդ թվում նաև Հայաստանում գործողները և ԱԳՆ տարեկան հավատարմագրում ունեցողները, պետք է ևս մեկ անգամ հավատարմագրում անցնեն Արտաքին գործերի նախարարությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրման կարգով անցնելու համար։

Այսքանով կսահմանափակեմ իմ ելույթը և կպատասխանեմ ձեր հարցերին։

Հանրային հեռուստաընկերություն․ Տիկի՛ն Նաղդալյան, Դուք նշեցիք Զոհրաբ Մնացականյանի առաջիկա այցը Միլան։ Կհաստատե՞ք արդյոք, որ այնտեղ սպասվում է հանդիպում Ադրբեջանի պաշտոնակցի հետ։

Աննա Նաղդալյան․ Ինչպես նշվել է, համանախագահների կողմից եղել է առաջարկությունը մինչև տարվա վերջը՝ ԵԱՀԿ Նախարարական համաժողովի ժամանակ, կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունն ըստ կարգի, ինչպես և եղել է, այդ մասին կտեղեկացվի: Պարզապես ընդգծեմ, որ այս հարցով երբևէ չի եղել որևէ հանդիպում կամ բանակցություն, որի մասին մեր հանրությունը չի տեղեկացվել։ Երբ հաստատվի, մենք, ըստ կարգի, այդ մասին կհայտնենք։

Հանրային ռադիո․ Երկու հարց ունեմ․ առաջինն այս տարի ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանի հետագա ճակատագրի հետ կապված հարցն է։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատական գործընթաց է սկսվել։ Դուք ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կարեն Ղազարյանին միգուցե Հայաստան տեղափոխելու ուղղությամբ կամ կա՞ Կարմիր խաչի հետ աշխատանքների մասին տեղեկություն։ Երկրորդ հարցը․ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ֆոնին կարծես ամենաշատը Հայաստանն է տուժելու։ Կխնդրեի Դուք նշեք նաև՝ դիվանագիտական աղբյուրներով ինչ աշխատանք է տարվում, որպեսզի այդ վնասը նվազագույնի հասցվի և կա՞ն արդյոք արդյունքներ։

Աննա Նաղդալյան․ Սկսեմ երկրորդ հարցից․ Իրանի հետ կապված մենք արդեն հայտարարել ենք, որ ուշադրությամբ հետևում ենք Իրանի շուրջ պատժամիջոցների կիրառմամբ ստեղծված զարգացումներին և արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր։  Ես ուղղակի այս փուլում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք վարում գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ՝ հստակորեն ներկայացնելու մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու մեր գործողությունների տրամաբանությունը։ Այս պահի դրությամբ միայն այդքանը կարող եմ ասել։ Երբ արդեն կտրվի համապարփակ գնահատական այդ իրադրությանը, մենք արդեն հնարավորություն կունենանք ավելի մանրամասն  ներկայացնելու մեր հետագա քայլերը։

Իսկ Կարեն Ղազարյանի առնչությամբ կարող եմ նշել, որ ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու ներգրավմամբ թատերական ինչ-որ բեմականացում իրականացնել տեսախցիկների առջև՝ վերջինիս ներկայացնելու որպես դիվերսանտի: Բայց իրենց առաջնային այս սցենարը, կարծես թե, տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ուներ հոգեկան խնդիրներ և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի  վերաբերյալ բոլոր ապացույցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել էր, որոնք կարծես թե, արդեն ակնհայտորեն անտեսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից։

Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով գործում ներգրավել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Եվ ամբողջ այս ֆարսը հետապնդում է մի նպատակ․ այն է՝ անմեղ, առողջական խնդիրներ ունեցող մարդուն ներկայացնել որպես հանցագործ և որոշակի հավասարության նշան դնել ծանր հանցագործություն իրականացրած դիվերսանտների միջև։

Հիշեցնեմ, որ 2015թ․ Արցախի դատարանի կողմից դատապարտվել է երկու ադրբեջանցի, ովքեր մեղադրվում էին սահմանն անօրինական հատելու, զենք կրելու և ատելության դրդապատճառներով անչափահասին սպանելու, զենքի կիրառմամբ անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու,  և նրանցից մեկը՝ ևս երկու հոգու նկատմամբ մարդասպանության փորձ կատարելու մեջ:

Ինչ վերաբերում է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԳՆ կողմից, ես կարող եմ միայն այս պահի դրությամբ ասել, որ մեր կողմից համապատասխան աշխատանքներ տարվում են և մեր հայրենակցին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում։ 

Tert.am. Ինձ հետաքրքրում է նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքների մասին Նազարբաևը հայտարարեց, որ Բելառուսի ներկայացուցչի շուրջ կա կոնսենսուս: Ինձ հետաքրքիր է՝ դեկտեմբերի 6-ին քննարկվելու՞ է արդյոք Հայաստանի ներկայացուցչի ընտրվելու հարցը, Հայաստանը ներկայացուցիչ ունենալու է, թե՝ ոչ: Եվ նաև երեկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Բաքվում/ Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ խոսել է ՀԱՊԿ մասին և նաև ներկայացրել է, որ առնվազն երեք թեկնածու իրենք ունեն, ու նաև Հայաստանի հետ բանակցությունների մանրամասներ է ներկայացրել: Ինձ հետաքրքիր է՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է նման դեպքերում, որովհետև Հայաստանին հակառակորդ երկրի հետ քննարկում են այն կառույցին վերաբերող հարցեր, որին Ադրբեջանը չի էլ անդամակցում:

Aysor.am. Եվ  նաև դեսպանի հետ հանդիպմանը Լուկաշենկոն նշել էր, մասնավորապես, որ Հայաստանի վրա դրված է ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի նախագահությունը, և կարծես թե, Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունի լուծելու Կառավարությունում, և կդիմանա արդյոք Հայաստանը նման ծանրաբեռնվածութանը: Գործընկերոջս հարցը` առավել ընդգծելու համար` արդյո՞ք ճիշտ է, որ Բելառուսի նախագահը, ով ՀԱՊԿ անդամ է մեզ հետ նույն դաշինքում, մեզ, այսպես ասած, ոչ բարիդրացիական երկրի հետ քննարկի նման հարցեր: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան․ Շնորհակալություն հարցի համար: Անդրադառնամ երկրորդ հարցին, միասնական: Նշեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է՝ որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակի, որը վերաբերում է վեց պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ բավական քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա ի վերջո կոռեկտ չէ:

Հայաստանի նախագահության առումով, նշեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թթ., և դա համարվում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը ՀԱՊԿ-ում: Մեր նախկին նախագահության գնահատականը լավագույն պատասխանն է ցանկացած՝ նախագահության հետ կապված քննարկումներին:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նոյեմբերի 8-ի իրադրությանը, նշեմ, որ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է կառույցի ամրապնդումը և արդյունավետության բարձրացումը: Եվ սա չի սահմանվում միայն գլխավոր քարտուղարի հարցով: Սա սահմանվում է վեց պետությունների միասնականությամբ և հանձնառությամբ, և մենք այս ամբողջ իրադրությունը գնահատում ենք հենց այդ համատեքստում: ՀԱՊԿ-ը «երիտասարդ» կառույց է, որը գտնվում է իր կայացման փուլում, և մենք՝ վեց պետություններս, պետք է հանձնառու լինենք շարունակական ջանքեր գործադրելուն, որոնք ուղղված են կառույցի ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը: ՀԱՊԿ-ի օրակարգը շատ ավելի լայն է, քան այն փորձվում է հիմա ներկայացվել:

Ինչ վերաբերում է Գլխավոր քարտուղարի  հարցին, ինչպես գիտեք, Գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումների առնչությամբ որոշում կայացվեց տեղափոխել դրանք դեկտեմբերի 6-ին այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չբերվեց այդ հարցի շուրջ: Մենք ունենք, բնականաբար, տեսակետներ այդ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ պետք է համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ: Եվ այս հարցի շուրջ քննարկումները  խորհրդակցությունները շարունակվելու են:

Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման մեջ, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ որպես պետություն ավարտելու Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ-իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի՝ պաշտոնի վաղաժամ դադարեցման հետ:

Shant TV. Շարունակելով ՀԱՊԿ թեման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած որևէ պաշտոնյա երբևէ Ադրբեջանին հասցեագրված հայտարարություն չի արել, բացի Խաչատուրովից, սեպտեմբերին, երբ կոնկրետ հասցեագրված նշվեց, որ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի տարածքները։ Ուրիշ որևէ պաշտոնյա նման կոնկրետ հասցեագրված հայտարարություն չի արել։ Հիմա Բելառուսի կողմից նշված պաշտոնյան՝ Ստանիսլավ Զասը, եթե մենք նրա կենսագրության  ենք նայում, բացի նրանից, կրթությունը ստացել է Ադրբեջանում նաև «Պոլոնեզների» վաճառքի հայտնի, այսպես ասած, կնքահայրն է։ Նա է հանդիպել  Ֆուադ Ալեսկեևի հետ, նա է հայտարարել, որ Բելառուսը պետք է  «Պոլոնեզների» նոր վաճառք իրականացնի Ադրբեջանին, և որի, մարտի  մեկի հանդիպումից հետ, արդեն ապրիլին այդ պայմանագիրը կնքվեց և հուլիսին էլ եղավ մատակարարումը։ Հիմա, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանը վստահ է, որ եթե Ստանիսլավ Զասը, որն ի դեպ հենց Գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուն է, ընտրվելու դեպքում ավելի շատ ադրբեջանամետ պահվածք չի ցուցաբերի և արդյոք հայկական կողմը չունի վետոյի հնարավորություն կոնկրետ այդ մարդու նկատմամբ։ Շնորհակալություն։

Աննա Նաղդալյան․ Ձեր հարցը մի քանի կոմպոնենտ ունի։ Սկսեմ վերջից։ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են  կոնսենսուսի հիման վրա, ինչ նշանակում է անդամ պետություններից յուրաքանչյուրը ունի կարծիք, որը կարող է արտահայտել, և եթե հիշում եք նախկին գլխավոր քարտուղարի  նշանակման գործընթացը բավականին երկար տևեց, որովհետև չկար թեկնածուի շուրջ կոնսենսուս։ Նույն ձևով այս հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը, որովհետև այդ հարցի շուրջ  չկա կոնսենսուս, ինչը նշանակում է 6 պետություններ պետք է համաձայնություն տան որևէ խնդրին, որպեսզի այն կարողանա անցնել ՀԱՊԿ շրջանակներում:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. այստեղ մի փոքր գերագնահատում կա ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի լիազորությունների նկատմամբ: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը կառույցի ադմինիստրատիվ պաշտոնն է: Եթե համեմատենք, այն մոտավորապես կառույցի մենեջերի հետ կարող է համեմատվել, որը որևէ անդրազգային լիազորություն չունի. նա ինքնուրույն գործելու որևէ լիազորություն չունի: Գլխավոր քարտուղարի պարտականությունն է ապահովել քարտուղարության բնականոն գործունեությունը, ապահովել որոշումների կայացման գործընթացը և ՀԱՊԿ-ը ներկայացնել ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրներում: Դրանով գրեթե սահմանափակվում են իր լիազորությունները: Նա ներկայացնում է վեց պետությունների շահերը և ինքնուրույն գործունեության որևէ լիազորություն չունի: Ուստի ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացվող որոշումները արտահայտում են հենց այդ վեց պետությունների շահերը, որտեղ, ևս մեկ անգամ նշեմ, որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Չպետք է գերագնահատել այն պաշտոնը, որը տրված է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին, այն զուտ ադմինիստրատիվ գործառույթներ ունեցող պաշտոն է:

Հարց. Այսինքն Հայաստանի համար ընդունելի՞ է նրա թեկնածությունը:

Աննա Նաղդալյան․ Գիտեք, երբ արդեն որոշումը կկայացվի հիմքի շուրջ, թե ինչպես է կայացվելու նոր Գլխավոր քարտուղարի ընտրությունը, եթե վաղաժամ դադարեցվում են նախկինի պարտականությունները, արդեն կմտնենք թեկնածուների շուրջ քննարկումների փուլ, և այդ ընթացքում առաջարկված թեկնածուների վերաբերյալ որոշում կկայացվի, թե որ թեկնածուն է ընդունելի հայկական կողմի համար և որ թեկնածուն ընդունելի չէ: Բայց մենք դեռևս այդ փուլ մուտք չենք գործել: Եվ պետք է ընդգծել, որ Հայաստանը աջակցում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի ռոտացիոն սկզբունքին: Ուստի երբ կմտնենք այս փուլ, ես հնարավորություն կունենամ պատասխանել , թե արդյոք որ թեկնածուն է ավելի ընդունելի Հայաստանի և մյուս հինգ պետությունների համար:

PARA TV. Երկու հարց ունեմ. Մեկ հարցս կապված է օպերատիվ կապի հետ, արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարության և Ադրբեջանի արտգործնախարարության մեջ ուղիղ օպերատիվ կապ կա, քանի որ նշվեց Ադրբեջանի կողմից, որ նախարարությունների միջև որևէ գերատեսչությունների միջև որևէ ուղիղ կապ չկա: Ի՞նչ օղակների միջև է օպերատիվ կապը պահպանվում երկու երկրների միջև: Երկրորդ հարցս վերաբերում է վերջերս հրապարակված ինֆոգրաֆիկային, արդեն երկրորդ ինֆոգրաֆիկային, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Ադրբեջանը գումարներ ծախսում, արդեն 27 միլիոն դոլլար գումար է ծախսել, լոբբիստական ծառայությունների համար ԱՄՆ-ում, և այդ գումարները նույնիսկ հասնում են Դոնալդ Թրամփին: Ինչպե՞ս է Հայաստանը ընդհանրապես վերաբերում և արդյո՞ք ինչ-որ քայլեր ձեռնարկվում են հավասարակշռելու, ԱՄՆ-ում լոբբիստական և քարոզչական միջոցները պահպանելու համար նույն սանդղակի վրա, ինչ որ Ադրբեջանն է անում:

Աննա Նաղդալյան․ Գիտեք, օպերատիվ կապի առնչությամբ, կարծեմ, երեկ պաշտպանության նախարարը լիարժեքորեն անդրադարձել է այդ հարցին: Օպերատիվ կապը վերաբերում է ռազմական ոլորտին: Արտաքին գործերի նախարարները, ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում մշտապես փոխանակվում են տեղեկատվությամբ, կապը այդպես կարելի է ապահովել: Ուղղակի չեմ պատկերացնում օպերատիվ կապը Արտաքին գործերի նախարարների մակարդակում. իրենք տարբեր հարթություններ են:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների միջև կապին, արդեն հանդիպումներ անցկացվել են, ես նշեցի, որ մինչև տարվա վերջ անցկացվելու է ևս մեկ հանդիպում  արտգործնախարարների մակարդակով, ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր մշտական կապի մեջ են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ: Սրանից ավել որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, գիտեք, հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Մենք քայլեր ենք ձեռնարկում հայ-ամերիկյան գործընկերային հարաբերություններն առավել խորացնելու, զարգացնելու ուղղությամբ և այդ առումով, որպես հանգրվանային կարող ենք համարել պարոն Բոլթոնի այցը Հայաստան, որը մեզ հնարավորություն տվեց քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, հետագա քայլերին, ինչպես նաև միջազգային օրակարգին առնչվող հարցեր, համադրելու մեր դիրքորոշումները, ներկայացնելու մեր գործողությունների տրամաբանությունը, հասկանալու իրենց գործողությունները և հաստատելու առաջին նման բարձր մակարդակի շփումը  երկու երկրների ղեկավարության միջև։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես բազմիցս ենք նշել, հայաստանամետ է և հայամետ, և ըստ այդ տրամաբանության էլ իրականացվում են Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները և գործողությունները։ Սակայն մենք մեր արտաքին քաղաքական օրակարգը երբևէ չենք պայմանավորել որևէ երկրով կամ երբևէ չենք ուղղել որևէ երկրի դեմ։ Մեր արտաքին քաղաքական օրակարգում մեր ժողովուրդն է և պատասխանատվություն մեր ժողովրդի առջև է։

Հանրային հեռուստաընկերություն․ Շնորհակալություն, կխնդրեի մեկնաբանել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի անձի շուրջ զարգացումները։ Եթե չեմ սխալվում, դատարանը որոշում է արգելել լրատվամիջոցներին անհիմն պնդումներ տարածել նրա հասցեին։

Աննա Նաղդալյան․ Գիտեք, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել Գերմանիայի պատկան մարմինների հետ ճշտելու այդ պնդումների հավաստիությունը և մենք հաստատում ենք, որ Գերմանիայում որևէ տեղեկություն չկա հետաքննության մասին որը վերաբերում է  Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին: Իրավացի եք, Բեռլինի երկրամասային դատարանը համապատասխան վճիռ էր կայացրել, որի հիման վրա գերմանական Շպիգել և MRD լրատվականների կայքերից հեռացվել են բոլոր այն ձևակերպումները, որոնք դատարանի վճռում ներառված են և վերաբերում են ՀՀ դեսպանին։ Դրանք նաև հանվել են այդ տեղեկատվությունն արտատպած բոլոր գերմանական  կայքերից, և դա վերաբերում է բոլոր այն կայքերին, որոնք հղում անելով այդ երկու լրատվամիջոցներին, արտատպել են այդ տեղեկատվությունը։

Նշեմ պարզապես, որ Բեռլինում ՀՀ դեսպանության բնականոն գործունեության խաթարմանն ուղղված այդ միջադեպը որևէ ազդեցություն չի ունեցել և մենք լիարժեք վստահությամբ շարունակում ենք մեր քայլերը՝ ուղղված Հայաստանի և Գերմանիայի միջև կարևոր օրակարգի առաջմղմանն, ամրապնդմանն ու առավել հարստացմանը։ 

Ազատություն ռադիոկայան.  Շնորհակալություն, երկու հարց ունեմ: Առաջինը՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Հարցս հետևյալն է. ամսի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք քննարկմանը, Հայաստանը մտադի՞ր է առաջարկել իր թեկնածուին, թե՞ ոչ: Երկրորդ. Գերմանիայում մեր դեսպանի հետ կապված Հայաստանի արտգործնախարարությունը, իրավապահ մարմինները հատուկ հետաքննություն անցկացրե՞լ են պարզելու՝ որքանով են հիմնավոր դեսպանի հասցեին հնչած այդ մեղադրանքները, հետաքննություն կամ քննություն արվե՞լ է պարզելու դա, թե՞ ձեր դիրքորոշումը հիմնված է միայն դեսպանի խոսքերի վրա: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Առաջին հարցին կարծես թե ես անդրադարձա: Որոշում է կայացվել դեկտեմբերի 6-ին շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ քննարկումները: Եվ մինչ այդ զուգահեռ գործընթացում պետք է մշակվի իրավական նորմատիվ դաշտը, որը կարգավորելու է նման իրավիճակները: Այս գործընթացների համադրությունից հետո նոր արդեն կթևակոխենք հաջորդ փուլ: Բայց առաջնայինը շարունակվելու են քննարկումները, իսկ այդ քննարկումների արդյունքներով կտեսնենք արդեն, թե ինչ եզրահանգումների են եկել և ինչ որոշումնր են կայացվել:

Իսկ Գերմանիայի հետ կապված, եթե ուշադիր եք եղել, ես նշեցի, որ մենք ի սկզբանե կապ ենք հաստատել Գերմանիայի պատկան մարմինների հետ՝ ճշտելու պնդումների արժանահավատությունը, և դրա հիման վրա ես այժմ հաստատում եմ, որ որևէ տեղեկություն չկա հետաքննության մասին, որը վերաբերում է Գերմանիայում մեր դեսպանին: Կարծում եմ սրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել:

Շնորհակալություն:

Տպել էջը