ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը

26 սեպտեմբերի, 2018

 

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Տեղյակ եք, որ այս օրերին Նյու Յորքում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Երեկ վարչապետը ծրագրային ելույթ ունեցավ, որտեղ ներկայացրեց իր գլխավորած կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Վարչապետը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ։ Դուք ծանոթ եք դրանց:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում է նաև արտաքին գործերի նախարարը, ով կշարունակի մնալ  Նյու Յորքում. վարչապետը, ինչպես գիտեք, կմեկնի, ինչպես գիտեք, Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին: Նախարարն արդեն հանդիպել է իր որոշ գործընկերների: Մինչև շաբաթավերջ նախատեսված են նախարար Մնացականյանի բազմաթիվ երկկողմ և բազմակողմ հանդիպումները, ինչպես նաև ելույթներ նստաշրջանի շրջանակներում նախատեսված տարբեր միջոցառումներին:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Արդյունքները կհրապարակվեն հանդիպման ավարտին։ Երեկ տեղի է ունեցել նախարար Մնացականյանի հանդիպումը Մինսկի խմբի համանխագահ երկրների դեսպանների հետ, որի մասին հաղորդագրությունը արդեն տեղադրված է ԱԳՆ կայքում։

Մեր վերջին ճեպազրույցին հաջորդած երկու շաբաթները շարունակել են ակտիվ մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում:


Սեպտեմբերի 13-14-ին արտգործնախարարը այցելությամբ գտնվում էր Ժնևում, որտեղ հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաշելեին, ելույթներով հանդես եկավ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին:


Հայաստանը բավական սերտ համագործակցում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Դրա բազմաթիվ վկայություններից մեկը է այն, որ մեր միջազգային գործընկերները բարձր են գնահատում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում Հայաստանի զգալի ներդրումը:


Սեպտեմբերի 17-ին Արցախում գտնվող արտգործնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, ինչպես նաև այցելեց Ստեփանակերտի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հանդիպումներին մանրամասն քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը, հայկական երկու հանրապետությունների արտգործնախարարությունների աշխատանքների համադրման հետ կապված հարցեր:


Կցանկանայի մեջբերել նախարարի՝ արցախյան լրատվամիջոցներին տրված ճեպազրույցի ընթացքում հնչեցրած այն համոզմունքը, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը միայն հակամարտություն չէ, Արցախը կոնկրետ 150 հազար մարդիկ են: Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն մնալ: Հայկական կողմերը պատրաստ են ամեն ջանք գործադրել՝ վստահության ամրապնդման մեխանիզմների ձևավորման ուղղությամբ, սակայն սա պետք է փոխադարձության վրա հիմնված լինի, որպեսզի կարողանանք կայուն և երկարատև արդյունքի հասնել:


Սեպտեմբերի 15-22-ը Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությունը։ Սեպտեմբերի 19-ին նրան ընդունեց նախարար Մնացականյանը: Այցի շրջանակում վերջինս պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, նաև ճյուղային նախարարությունների և կառույցների ղեկավարությունների հետ։ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հանդիպումների օրակարգում էին Հայաստանի օրենսդրական բարեփոխումները,  մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները, երեխաների, տարեց և հաշմանդամ անձանց, խոցելի խմբերի իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցերը և այլն: Այցի արդյունքներով Հանձնակատարի զեկույցը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում։


Անկախության 27-րդ ամյակի օրն արտգործնախարարը լայնածավալ հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդմանը, որի ընթացքում մանրակրկիտ անդրադարձ կատարեց ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հայկական կողմի տեսակետներին, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային բազմաթիվ այլ խնդիրների:ԵՎ տեսագրությունը և սղագրությունը տեղադրված են Արտգործնախարարության կայքէջում: Կարող եք նայել, ովքեր չեն տեսել:


Մի կարևոր պարզաբանում ունեմ: Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների կողմից հիշատակվում է, որ Ռուսաստանի փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել Հայաստանի տարածքում, այսպես կոչված, «ամերիկյան կեսնաբանական լաբորատորիաներ»։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ Հայաստանի տարածքում ոչ ամերիկյան, ոչ էլ որևիցե այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան: Դրանք բացարձակապես հայկական,  Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիները։ Այո՛, ռուսաստանցի փորձագետները այցելում են այդ լաբորատորիաներ՝ սկսած 2017թ.-ից, և դա բավականին բնական է երկու դաշնակից երկրների համար։  

Հայաստանը թևակոխել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլ: Շուտով կհրապարակվի լրատամիջոցների համար ուղեցույց ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ գագաթաժողովի միջոցառումների հիմնական, ծանրակշիռ մասը լինելու է ֆրանսերեն լեզվով, տեղում համաժամանակյա թարգմանություն ապահովվելու է միայն եզրափակիչ ասուլիսին՝ հոկտեմբերի 12-ի:


Այս պահի դրությամբ գագաթաժողովի աշխատանքներն ու հարակից միջոցառումները լուսաբանելու համար հավատարմագրվել է 300-ից ավել լրագրող, որոնցից միայն 50-ն են տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հավատարմագրման հարթակը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը: Այնպես որ ով չի հասցրել, խնդրում ենք շտապել:


Տեղեկացնեմ նաև, որ հոկտեմբերի 2-ին մենք նախատեսում ենք ասուլիս՝ նվիրված գագաթաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը, որին կմասնակցեն  գագաթաժողովի մեր աշխատանքային խմբի համակարգող արտգործնախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, կարծում եմ՝ Էկոնոմիկայի նախարարությունից մեր գործընկերները Տնտեսական ֆորումի մասով, նաև Պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանը և Գագաթաժողովի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:


Ինձ մոտ թերևս այսքանը։ Խնդրեմ հարցեր:


Պարա ԹիՎի. Պարո՛ն Բալայան, արդեն որևէ հստակեցում կա՞, թե ինչ սկզբունքների հիման վրա է փոխվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ի՞նչ ժամկետներում: Եվ երկրորդ հարցը. Տեղեկություն կա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Արդյո՞ք համապատասխանում է տեղեկությունն իրականությանը: Եթե այո, ապա՝ ինչո՞ւ:


Տիբրան Բալայան. ՀԱՊԿ-ի մասով՝ ո՛չ, քննարկումները դեռ շարունակվում են, խորհրդակցությունները տարբեր մակարդակներով և տարբեր ուղղություններով՝ թե՛ բազմակողմ և թե՛ երկկողմ ուղղություններով շարունակվում են: Հստակություն ժամկետների և փոփոխման այլ սկզբունքների վերաբերյալ դեռ չկա: Քննարկումները շարունակվում են:


Ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագիրը այս կամ այն անձին տալու և չեղարկելու կամ վերադարձնելու հարցով, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա պաշտպանված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքով: Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել: Այս պահի դրությամբ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են, 254-ը՝ չեղարկվել:


Հանրային ռադիո. Երեկ Նիկոլ Փաշինյանը, ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսելով, նորից շեշտեց, որ պետք է Ադրբեջանն իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը, ինչպես նաև Արցախը պետք է իր անունից խոսի: Այսօրվա Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում արդյո՞ք այս հարցերն են շեշտադրվելու, թե՞ դրանք ավելի շատ երկու երկրների ղեկավարների քննարկվելիք հարցեր են: Ուստի կքքնարկվի ղեկավարների հանդիպման հավանականության հարցը:

Նաև Թուրքիայից հայկական կողմն անցած գերուն վերադարձնելու մասով ի՞նչ ընթացակարգ էր:


Տիգրան Բալայան. Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպման օրակարգին: Որպեսզի հանդիպեն երկրների ղեկավարները, տվյալ դեպքում՝ մեր վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ապա այդ հանդիպումը, բազմիցս նշել ենք, չպետք է ինքնանպատակ լինի և պետք է ունենա բովանդակություն:


Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, երբ պայմանավորվում էինք, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում:


Այո՛, Փաշինյանը շեշտել էր, և ասա առաջին անգամը չէր, պարզապես առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է շեշտել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը գնում է ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Դուք այդ ձևակերպումներն ինձնից էլ լավ գիտեք:


Խոսքը վերաբերում է ,մասնավորապես,  միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և քանակի ավելացմանը:


Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք ասելու և հիմա էլ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը մինչ օրս արգելափակում է այդ պայմանավորվածությունների իրականացումը: 2016թ.-ից մինչ օրս Ադրբեջանի կողմից արգելափակվում է: Օրինակ, ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, երբ պետք է որոշում կայացվի ավելացնելու գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորումը, Ադրբեջանը միակ երկիրն է, որն արգելափակում է այդ որոշման կայացումը: Խոսքը վերաբերում է այդ պայմանավորվածություններին:


Այո՛, մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Խոսքը հենց սրան է վերաբերում: Կարծում եմ, որ, այո՛, այս հարցերը մեր կողմից դրվելու են այսօր Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը, և համապատասխան տեղեկատվություն կլինի արդեն, ինչպես նշեցի, հանդիպման ավարտին:


Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում հայտնված թուրք պատանուն, երեկ մեկնաբանություն էինք տարածել, որ քրեական գործը կարճվել է: Հայրը դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ գթասրտություն ցուցաբերելու և որդուն տուն վերադարձնելու խնդրանքով: Գործը կարճվել է, մենք սպասում ենք թուրքական կողմի արձագանքին՝ նրան Թուրքիա ուղարկելու համար: Հայրը, մեր տեղեկություններով, արդեն ժամանել է Հայստան, որպեսզի որդուն ուղեկցի տուն:


Արմենիա ՀԸ. Պարո՛ն Բալայան, Սիրիայի այդ առաքելության հետ կապված եմ ուզում հարցնել: Արդեն ակնհայտ է, որ ինչ-որ առաքելություն լինելու է, բայց մանրամասները դեռ հայտնի չեն: Ի՞նչ կարող եք ասել. ի՞նչ ֆորմատով է լինելու, ովքե՞ր են այդ առաքելությունն իրականացնելու, դա Պաշտպանության նախարարությանն է, թե՞ ԱԻՆ-ի, ի՞նչ ձևաչափով է իրականացվելու և մոտավոր ո՞ր ժամկետներում: Շնորհակալություն:


Տիգրան Բալայան. Կարծում եմ՝ վարչապետի՝ Մոսկվայում հնչեցրած հայտարարության մեջ բավական հստակ ասված էր, որ դա հայկական դրոշի տակ զուտ հումանիտար առաքելություն է լինելու: Այսինքն, զինվորական, ռազմական առաքելություն չի լինելու: Լինելու են սակրավորներ, բժիշկներ, ովքեր Սիրիայի տարբեր հատվածներում, հիմնականում՝ հայաշատ, հայաբնակ շրջաններում, հումանիտար առաքելություն են իրականացնելու ականազերծման և բժշկական օգնության տրամադրման: Մենք նաև ունենալու ենք որոշ անձիք, ովքեր ապահովելու են մեր այդ հումանիտար առաքելությանը մասնակցող մարդկանց անվտանգությունը: Որևէ ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չի գնում:


Ցանկանում եմ կրկին շեշտել, որ դա հայկական դրոշի ներքո իրականացվելիք առաքելություն է լինելու՝ միջազգային իրավունքի տառին և ոգուն համապատասխան Սիրիայի կառավարության հրավերի հիման վրա:


Այսօր.ամ. Պարո՛ն Բալայան, ԱՄՆ այցից առաջ շատ էր խոսվում պարոն Փաշինյանի և Դոնալդ Թրամպի հանդիպման մասին: Այնուհետև նշվեց, որ պետք է նախապատրաստական փուլ: Ի վերջո, ինչո՞ւ չկայացավ հանդիպումը, և ԱՄՆ-ում ձեռ բերվե՞լ են որոշակի պայմանավորվածություններ նման հանդիպում հետագայում կազմակերպելու մասին: Շնորհակալություն:


Տիգրան Բալայան. Այո՛, կար նպատակադրություն նաև ամերիկյան կողմից, որի մասին խոսել էին թե՛ դեսպանը, թե՛ այլ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաներ, թե՛ մեր կողմից՝ կազմակերպելու նման հանդիպում:


Հանդիպում տեղի չունեցավ օրակարգերի սղության պատճառով՝ թե՛ մեր, թե՛ Միացյալ Նահանգների ղեկավարի: Ամեն դեպքում, այդ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ՝ դեռ առիթներ կլինեն բարձրագույն մակարդակով հանդիպման համար ոչ միայն Միացյալ Նահանգների ղեկավարի, այլև այլ աշխարհաքաղաքական կենտրոնների և մեր բարեկամ երկրների ղեկավարների հետ:


Ազատություն. Շնորհակալություն: Պարո՛ն Բալայան, երկու հարց: Առաջինը Դուք նշեցիք, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն, պետք է քննարկելու բովանդակություն լինի, պետք է կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ես ճի՞շտ հասկացա, որ նախապայման է դրվում, որ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանի ղեկավարը զերծ կմնա Ալիևի հետ հանդիպումից:

Երկրորդ հարցը: Տեղյակ եք, որ Ադրբեջանը մտադիր է դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Արդյո՞ք ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում քննարկվում է Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու կամ լիարժեք անդամակցության հարցը: Եվ եթե նման քննարկումներ եղել են, ի՞նչ դիրքորոշումներ ունեն Հայսատանի դաշնակից երկրները և Հայաստանը: Շնորհակալություն:


Տիգրան Բալայան. Ո՛չ, ճիշտ չհասկացաք, մեր կողմից նախապայման չի դրվում: Մենք պատրաստ ենք հանդիպման, և վարչապետն էլ տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնել է, որ ինքը պատրաստ է հանդիպել և բանակցել Հայաստանի անունից Ադրբեջանի ղեավարի հետ:


Պարզապես, նորից եմ կրկնում, հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ, զուտ լուսանկարվելու և տեսագրվելու առիթ: Հանդիպումը պետք է լինի բովանդակային, և մենք ակնկալում ենք, որ հանդիպումը կբերի կոնկրետ արդյունքների նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասով:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, գիտեք՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Պետք է ճշտեմ, թե արդյոք մենք դիմել ենք դիտորդի կարգավիճակ ստանալու կազմակերպությունում: Ձեզ կպատասխանեմ կամ հեռախոսով, կամ գրավոր:


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը դիտորդի կարգավիճակով, այս պահի դրությամբ դա պարզապես հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշենրին: Հետևաբար, նման քննարկում թե՛ ստորին մակարդակով, թե՛ բարձր մակարդակով, այս պահի դրությամբ չի եղել: Եվ նորից հիշեցնեմ, որ այդ կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:


Ար ՀԸ. Պարո՛ն Բալայան, այնուամենայնիվ, անդրադառնալով նախորդ հարցին, Սիրիան հենց հիմա՞ է խնդրանքով կամ հրավերով դիմել Հայաստանին՝ իրականացնելու խաղաղապահ առաքելություն: Նախկինում նման հրավերներ չե՞ն եղել: Ցանկանում եմ հասկանալ, թե ինչու հենց հիմա Հայաստանը որոշեց միանալ և իրականացնել այդ մարդասիրական գործունեությունը: Եվ երկրորդ հարցը. ի վերջո, հայտնի է այսօր արդեն Ռուսաստանի նախագահն Ադրբեջան է մեկնում աշխատանքային այցով: Ռուսական լրատվամիջոցները, պաշտոնական օղակները հաստատել են արդեն: Ե՞րբ է նախատեսվում այցը Հայաստան: Կա՞ որոշակի տեղեկություն:


Տիգրան Բալայան. Սիրիայի կառավարության հրավերը եղել է, եթե չեմ սխալվում, մի քանի ամիս առաջ, որ իրենք կողջունեն, եթե Հայաստանը կարողանա նման հումանիտար առաքելություն իրականացնել Սիրիայի տարածքում: Ոչ միայն ես, այլև մեր բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով նշել են, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ Հայաստանը չի կարող պարզապես անտարբեր դիտորդի և կրավորական կեցվածք ընդունել: Մենք շահառու ենք Սիրիայում՝ ունենալով հսկայական պատմամշակութային ժառանգություն, ունենալով բազմահազարանոց հայկական համայնք:


Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ ժամանակին 120-140 հազարանոց հայկական համայնքից, որը Սիրիայում բնակվում էր մեծամասամբ Հալեպում, այսօր կեսն էլ չի մնացել: Մենք իրոք խնդիր ունենք պահպանելու մեր հայ համայնքը Սիրիայում, պաշտպանելու մեր պատմամշակությաին ժառանգությունը, և այս առաքելության իրականացումը մեր կողմից հարկավոր է դիտարկել նաև այդ տեսանկյունից, որպեսզի ինչ-որ մի բանով կարողանանք թեթևացնել տեղում գտնվող և պատրերազմի բոլոր տանջանքները վերապրած մեր հայրենակիցներին:


Ռուսաստանի նախագահի հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետներ հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, դա հրապարակային է, այսինքն իմ հաստատման կարիքը չկա, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ, չասեմ՝ մոտ ժամանակներս, բայց առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ:


Շանթ ՀԸ. Պարո՛ն Բալայան, երեկ Հայաստանի վարչապետը նշեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքները հարգելու հետ կապված խնդիրներ կան: Եվ այդ կոնտեքստում Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով ձերբակալվում են Ադրբեջանի քաղաքացի գործիչներ, որոնք հայամետ հայտարարություններ են անում, Նիդերլանդներում են հետապնդումների ենթարկվում, Ֆրանսիայում, երեկ նաև հայտնի դարձավ, որ իսրայելցի էլի գործիչներ կան, որոնք հայամետ հայտարարությունների համար Ադրբեջանի կողմից հետապնդումների են ենթարկվում: Հայաստանը դիվանագիտական մակարդակով չի պատրաստվու՞մ այդ հետապնդումների ենթարկվող մարդկանց, որոնց նաև ձերբակալում են, քաղաքական ապաստան առաջարկել:


Տիգրան Բալայան. Քաղաքական ապաստան, ըստ միջազգային իրավունքի, տրվում է միայն համապատասխան դիմումի դեպքում, այն էլ՝ տվյալ երկրի քաղաքացին պետք է գտնվի Հայաստանի տարածքում, որպեսզի մենք այդ ապաստանը տրամադրենք:


Տեղյակ եք, որ անցած տարի մենք մի թալիշ գործչի տրամադրեցինք քաղաքական ապաստան, երբ նա արդեն գտնվում էր Հայաստանում և համապատասխան դիմումով հայցեց այդ կարգավիճակը Հայաստանի իշխանություններից:


Եթե կգտնվեն անձիք, ովքեր կդիմեն Հայաստանին Ադրբեջանում հետապնդումների կամ այլ երկրների տարածքում Ադրբեջանի կողմից իրենց գործունեությունը, քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար հետապնդումների ենթարկվելու հետևանքով Հայաստանում որոշակի կարգավիճակ ստանալու, պարզ է, որ մենք ամենայն լրջությամբ կդիտարկենք այդ դիմումները:


Հարց. Պարո՛ն Բալայան, դուք ասացիք, որ քննարկումները ՀԱՊԿ-ում շարունակվում են: Իսկ ինչ-որ թեկնածություն կա՞ արդեն, որը կփոխարինի Խաչատուրովին:


Տիգրան Բալայան. Եթե որոշվեն և հստակություն մտցվի սկզբունքների ժամկետների վերաբերյալ, պարզ է, որ մենք էլ առաջ կքաշենք մեր դիրքորոշումը, մեր տեսակետը և, ինչու չէ, նաև մեր թեկնածությունը: Բայց դեռ հստակություն չկա, որովհետև կանոնադրությամբ ամրագրված է, որ պետք է փոփոխվի այբբենական կարգով և այլն, կարծում եմ բոլորդ կարդացել եք կանոնադրության այդ հոդվածը, բայց նման իրավիճակ, որ ժամկետից շուտ գլխավոր քարտուղարը հետ կանչվի, դեռևս տեղի չի ունեցել, այսինքն նման նախադեպ չկա: Եվ հիմա քննարկումները հենց կենտրոնացված են այդ հանգամանքի վրա, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու, տվյալ դեպքում, ռոտացիան:


Արարատ. Պարո՛ն Բալայան, Հենրիխ Մխիթարյանին նորից վերադառնանք: Նա ունեցե՞լ է դիվանագիտական անձնագիր, և եթե այո, ուղղակի կարգը նշեք, թե ինչպե՞ս են ստանում:


Տիգրան Բալայան. Ես հենց նոր Ձեր գործընկերոջը պատասխանելիս ասացի, որ ես չեմ կարող հաստատել որևիցե մեկի կողմից դիվանագիտական անձնագիր ունենալու կամ չունենալու փաստը: Կարող եմ միայն հաստատել, որ եղել են անձինք, ում, ինչպես նախատեսված էր «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախորդ խմբագրմամբ, նախագահի հանձնարարությամբ տրվել է դիվանագիտական անձնագիր: Եղել են այդպիսի անձինք՝ առանց, իհարկե, հաստատելու Հենրիխ Մխիթարյանի կողմից ՀՀ դիվանագիտական անձնագիր կրելու փաստը:


Եվ մեր կողմից, գիտեք, հուլիս կամ հունիս ամսից սկսած  հրապարակային կոչեր, հորդորներ և խնդրանքներ են հնչել այն անձանց, ովքեր գործող օրենսդրությամբ արդեն չեն կարող կրել դիվանագիտական անձնագիր, վերադարձնել այդ անձնագրերը: Կարող եմ ասել որ  հարյուրին մոտ անձնագրեր վերադարձվել են տարբեր նախկին պաշտոնյաների, անհատների, գործող պաշտոնյաների կողմից նաև, նրանց կողմիցորոնք դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք այլևս չունեն: Այստեղ գալուց առաջ մենք ճշտեցինք մեր հյուպատոսական վարչությունից, և այն անձնագրերի քանակը, որոնք չեն հանձնվել և չեղարկվել են, 254 է:


Հարց. Ե՞րբ է նախատեսվում Երևանի ժամանակով Մամմեդյարով- Մնացականյան հանդիպումը:


Տիգրան Բալայան. Նյու Յորքի ժամանակով երեկոյան, մեզ մոտ երևի արդեն գիշեր կլինի:


* * *

Տիգրան Բալայան. Ամսի երկուսին կհանդիպենք այս սրահում ֆրանկոֆոնիայի ճեպազրույցին: Մեր գործընկերների կողմից նկատառում կար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման վայրի հարակից տարացքում ունենալու ենք մամուլի կենտրոն և լինելու են գրեթե օրական ճեպազրույցներ աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Եկեք այսպես պայմանավորվենք` ֆրանսախոս լրագրողների համար կվարենք ճեպազրույցները ֆրանսերեն, իսկ եթե մեր լրագրողների կողմից, որոնք ֆրանսերենին չեն տիրապետում, լինեն հավելյալ հարցեր` այդ ճեպազրույցների ժամանակ չտանք, հետո առանձին մեր լրագրողների համար կանցկացնենք հայերեն լեզվով ասուլիսներ կամ ճեպազրույցներ: Բայց դրա մասին ամսի երկուսին ավելի մանրամասն կխոսենք:


Հարց. Պարոն Բալայան, Նիկոլ Փաշինյանը նշում է որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չկա: Արդյո՞ք խնդիր չէ այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին շարունակում է զենք վաճառել, և արդյո՞ք որևէ պայմանավորվացություն չկա Ռուսաստանի և Հայաստանի միջև, որ Ռուսաստանը այլևս Ադրբեջանին զենք չի վաճառելու:


Տիգրան Բալայան. Սրա մասին շատ երկար խոսել ենք: Մենք կարծում ենք, որ խնդիրն ընդհանրապես Ադրբեջանի նման անկանխատեսելի երկրին որևիցե երկրի կողմից մահաբեր սպառազինություների մատակարարումն է, քանի որ Ադրբեջանն ապացուցել է, որ ոչ միայն արտաքին քաղաքականության առումով, այլև ներքին քաղաքականության առումով ևս անկանխատեսելի է: Այո՛, մենք կարծում ենք, որ Ադրբեջանը ձեռք, բերելով սպառազինություններ, զինվելով, պոտենցյալ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար:

Տպել էջը