ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը

12 սեպտեմբերի, 2018

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Տեղյակ եք, որ «Շանթ» զորավարժություններով պայմանավորված այսօրվա ճեպազրույցը տեղի է ունենում ոչ թե Արտգործնախարարության շենքում, այլ՝ Պաշտպանության նախարարությունում: Սա ոչ թե պայմանական, այլ իրական ճեպազրույց է՝ Արտգործնախարարության հերթական ճեպազրույցներից մեկը:

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ ուղղված մեր երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և արդյունավետ համագործակցության առավել ընդլայնմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած իրենց հայտարարություններում բանակցությունների արդյունքների մասին խոսեցին նաև երկու վարչապետները:

Այսօրվանից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին: Վաղը կայանալիք «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նախարարը հանդես կգա բացման խոսքով: Գիտեք, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկներից է, և այդ կարևոր համաժողովին մեր մասնակցությունը և արտգործնախարարի բացման խոսքը հարկավոր է դիտարկել հենց այդ ենթատեքստում:

Այս օրերին պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Նա երեկ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայացել են նրա հանդիպումները Հանրապետության վարչապետի, արտաքին գործերի նախարարի հետ: Այսօր տիկին Ժանը և Հանրապետության վարչապետը բացում են Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից՝ գրեթե բոլոր մայրցամաքներից:

Այսօր կավարտվի «Ապրել միասին կայուն զարգացող միջավայրում և ներգրավված հասարակությունում» խորագիրը կրող ֆրանկոֆոն երիտասարդական երկօրյա համաժողովը, որին մասնակցում են ֆրակոֆոն երիտասարդներ հայաստանյան բուհերից, հասարակական կազմակերպություններից, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորներ և շահագրգիռ այլ անձինք: Ֆորումը կազմակերպվել է Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի կողմից՝ արտգործնախարարության և «Պիքսարտ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերով սեպտեմբերի 13-ից 17-ը արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Արմեն Պապիկյանը կայցելի նաև Շանհայ և հանդիպում կունենա տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի Փարիզում, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նաև նախատեսվում է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 15-ից Հայաստան կայցելեն Վրաստանում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի արտերկրյա դեսպաններ: Նախատեսվում են նրանց հանդիպումները Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

Հաջորդ շաբաթ արտգործնախարար Մնացականյանը կայցելի  Ստեփանակերտ, ուր հանդիպումներ կունենա Արցախի ղեկավարության հետ:

Սեպտեմբերի վերջին ատգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Այդ այցելության ընթացքում նախատեսվում են տարբեր հանդիպումներ մի շարք գործընկերների և  միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նրանց համար, ովքեր դեռևս չեն նկատել, տեղեկացնեմ, որ «Telegram» սոցիալական հարթակում բացվել է ԱԳՆ պաշտոնական էջը: Այսուհետև օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև «Telegram»-ի միջոցով: Սոցիալական մեդիայում սա կլինի արդեն 6-րդ հարթակը, որտեղ մենք ներկայացված ենք: Առաջինը «Youtube»-ն էր՝ դեռևս 2008թ. սկսած, այնուհետև՝ «Facebook»-ը, «Twitter»-ը, «Instagram»-ը, «All.me»-ն, և փաստորեն արդեն հասանելի ենք նաև «Telegram»-ում:

Ինձ մոտ այսքանը, լսում եմ ձեզ:

Հարց. Մեկ ճշտում, եթե կարելի է: Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու՞ է:

Տիգրան Բալայան. Այո՛, նախատեսվում է նաև վարչապետի այցելությունը Նյու-Յորք, մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որի ընթացքում նա հանդես կգա ելույթով: Բացի այդ նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք:

Հարց. Պարո՛ն Բալայան, Տավուշում կրակոցներ են եղել: ԱԳՆ-ն ո՞ւմ է տեղեկացրել և ի՞նչ արձագանք է ստացել:

Տիգրան Բալայան.  Տվյալ դեպքերում մեր գործողությունները լավ մշակված են, և երեկվա պայմանական ասուլիսին մենք խոսեցինք այն մասին, թե սովորաբար ինչպես են դրանք տեղի ունենում: Կարգը հստակ է. առաջին հերթին  տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, այնուհետև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է գրանցվել Ադրբեջանի կողմից: Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչն ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի՝ արդեն 2 տարի ձգվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է կյանքի կոչել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված ու վերահաստատված հանձնառությունները՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի քանակի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ: Դա այս ամենի ուղիղ հետևանքն է:

Քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է Ադրբեջանի այս ապակառուցողական կեցվածքը, մենք չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում:

Հարց. Պարո՛ն Բալայան, կցանկանայի՝ անդրադառնայիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Որտե՞ղ այն տեղի կունենա, և, եթե հնարավոր է, ուղղակի մանրամասնեիք: Արդյո՞ք կան բանակցություններ առաջիկայում՝ մինչև տարվա վերջ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Կարո՞ղ եք մի քիչ մանրամասնել՝ Մակրոնի հետ հանդիպմանն ի՞նչ հիմնական հարցեր կքննարկվեն:

Տիգրան Բալայան. Առաջին հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ արտգործնախարարը երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձավ այդ հարցին, ասաց, որ կա առաջարկություն, կա պայմանավորվածություն, որ հանդիպումը տեղի է ունենալու, սակայն մենք նախընտրում ենք այդ մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ համաձայնեցված Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, համաձայնեցված նաև ադրբեջանական կողմի հետ: Այդ «համաձայնեցվածին» հետևելը նաև վկայում է պայմանավորվածությունների հանդեպ ունեցած մեր պատասխանատվության մասին: Ադրբեջանն ամեն շաբաթ հայտարարում է, որ, օրինակ, հանդիպումը Նյու Յորքում է լինելու: Միգուցե Նյու Յորքում չի լինելու: Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է այդ մասին հայտարարվելու: Պետք է նշեմ, որ այդ սահմանված ժամկետին դեռ պետք է սպասել:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, ապա եղան ինչ-որ հրապարակումներ, թե իբր «Վեոլիա ջրի» հետ կապված է Փաշինյանը մեկնում Փարիզ: Պետք է ձեզ հիասթափեցնեմ. այս այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս Բրյուսելում՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ, և սա ծրագրված այցելություն է: Օրակարգը բավականին լայն է: Պարոն Մակրոնը Հայաստան է ժամանելու պետական այցով: Դա այցելությունների բարձրագույն մակարդակն է, ինչը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը: Մենք Ֆրանսիայի հետ ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ, ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում: Գիտեք նաև, թե ինչպիսի կարևոր դերակատարություն ունի ֆրանսահայ համայնքը ինչպես հենց Ֆրանսիայի ներքին կյանքում, այնպես էլ՝ որպես կամուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև:

Զուգահեռաբար նաև կցանկանայի հիշեցնել, որ Ֆրանսիայի և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կնքված են և ակտիվ գործում են համագործակցության շուրջ չորս տասնյակ համաձայնագրեր: Այդ առումով մենք պարբերաբար անցկացնում ենք ապակենտրոնացված ֆորում, եթե չեմ սխալվում, տեղի է ունեցել արդեն չորս ֆորում, առաջինը՝ 2006թ. Փարիզում: Ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ մեր մարզերում, այդ թվում նաև սահմանային մարզերում՝ մասնավորապես Տավուշում, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում սոցիալական ոլորտում, տնտեսական ոլորտում:

Վարչապետ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ:

Հարց. Դուք նշեցիք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Հայկական կողմը դրանց մասին պնդո՞ւմ է վերջին բանակցությունների ընթացում:

Տիգրան Բալայան. Այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, և այդ մասին մենք հաստատում ենք մեր բոլոր հրապարակային հանդիպումներում, բոլոր ոչ հրապարակային՝ դռնփակ հանդիպումներում, որոնց մասին տրվում է մամուլի հաղորդագրություն: Օրինակ՝ եթե Դուք ընթերցել եք նախարար Մնացականյանի և նախարար Մամեդյարովի հանդիպման մամուլի հաղորդագրությունը, այնտեղ հստակ այդ մասին նշված է: Եվ այս պայմանավորվածությունների կատարումը միայն Հայաստանի քմահաճույքը կամ ցանկությունը չէ: Դրա վրա շեշտը դնում են մեր մյուս գործընկերները՝ ոչ միայն համանախագահ երկրները, այլև այնպիսի կարևոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը: Միջազգային հարաբերություններում ընդունված չէ որևէ հարցի շուրջ պայմանավորվել և դա չանել: Սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է ոչ միայն Հայաստանի հետ պայմանավորվածությունների մասով, ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերում: Սա արդեն բնավորություն է դարձել այդ պետության քաղաքականությունում:

Հարց. Իսկ պայմանավորվածություններն ուժի մե՞ջ են:

Տիգրան Բալայան. Այո՛, պայմանավորվածություններն ուժի մեջ են, ինչը և՛ մեր դիրքորոշումն է, և՛ այն դիրքորոշումն է, որ ունեն մեր գործընկերները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Այս պայմանավորվածությունների իրականացմանն ամբողջապես սատարում են թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ Եվրամիությունը, թե՛ Միավորած ազգերի կազմակերպությունը: Հիշեցնեմ, որ միակ երկիրը, որը ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում փաստացի արգելափակեց Կասպրչիկի թիմի ընդլայնման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, Ադրբեջանն էր: Մնացած բոլոր 56 անդամները համաձայն էին: Կասպրչիկի թիմի ընդլայնումը և տեղակայումը մինչ օրս չեն իրականացվում հենց այս պատճառով:

Հարց. Երկիրը պատրա՞ստ է Ֆրանկոֆոնիային:

Տիգրան Բալայան. Երկիրը խոշոր քայլերով գնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացմանն ու անցկացմանը: Մենք պատրաստ ենք: Գործողությունները շարունակվում են, և տիկին Ժանը ևս իր հրապարակային ելույթում նշեց, որ, այո՛, աշխատանքները լայն թափով ընթանում են, շարունակվում են: Մենք դեռ ստանում ենք մասնակցության հաստատումներ ամենաբարձր մակարդակով: Մոբիլիզացված է ամբողջ պետական ապարատը, ամբողջ երկիրն է մոբիլիզացված: Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր հնարավորություններն՝ իրականում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար այս պատմական իրադարձությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:

Հարց. Հարցս կապված է երեկվա ձայնագրության բացահայտմանը: Գիտեք, որ որոշ վերլուծաբաններ, մեկնաբաններ փորձեցին այն կապել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Նաև սա հաջորդեց Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Կխնդրեի ԱԳՆ մեկնաբանությունը:

Տիգրան Բալայան. Ես կոնկրետ ձայնագրության կամ դրա հետքերի մասով չեմ կարող խոսել, քանի որ ոչ մասնագետ եմ, ոչ էլ տիրապետում եմ տեղեկատվությանը: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: Իշխանության գնահատականը դրա վերաբերյալ հնչեցվել է անձամբ վարչապետի կողմից: Կարծում եմ, որ քննությունը կտա բոլոր պատասխանները. թե որտեղ է գաղտնալսվել, ով է հրապարակել, ինչ նպատակներով:

Տպել էջը