Թբիլիսիում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին նվիրված ասուլիս

10 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 10-ին միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպեց Վրաստանում հավատարմագրված լրատվամիջոցների հետ՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները ներկայացնելու նպատակով:

Իր ներածական խոսքում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն անդրադարձ կատարեց Երևանյան գագաթաժողովին և հարակից միջոցառումներին, կազմակերպչական աշխատանքներիին, Ֆրանկոֆոնիայի ավանին, Տնտեսական ֆորումին, Գալա համերգին, ինչպես նաև ներկայացրեց Գագաթաժողովին ֆրանկոֆոն երկրների մասնակցության մակարդակը, Գագաթաժողովի կարգախոսը և պաշտոնական գործընկերներին: Հատուկ ընդգծվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը Հայաստանի համար՝ միջազգային մակարդակում փոխադարձ շփումները զարգացնելու առումով:

Տիգրան Բալայանը վրաց լրագրողների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի մի շարք նախաձեռնությունների վրա՝ առանձնացնելով այդ թվում «Ֆրանկոտեսիլի» ֆրանկոֆոն երգի մրցույթ հիմնելու նախաձեռնությունը։

Մանրամասն անդրադարձ կատարվեց ՖՄԿ գագաթաժողովը և հարակից միջոցառումները լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրման կարգին և պահանջներին:

Ասուլիսի ընթացքում Տիգրան Բալայանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերի:

Տպել էջը