ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

28 օգոստոսի, 2018

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Նախորդ ճեպազրույցից հետո ընկած ժամանակահատվածում մասնավոր այցելությամբ Հայաստանում էր Բելգիայի թագավորական ընտանիքը։ Նրանց տպավորությունների և այցելության մասին որոշակի տեղեկատվություն հրապարկվել է Բելգիական արքունիքի կողմից, հրապարակումներ կան նաև այդ երկրի լրատվամիջոցներում։

Օգոստոսի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նշեմ, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 27-ամյա պատմության մեջ սա առաջին նման մակարդակի այցելությունն էր Հայաստան։ Այցի ընթացքում տարբեր մակարդակներով կայացած հայ-գերմանական բանակցությունների ժամանակ մշտապես ընդգծվել է հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու հանձնառությունը, այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Օգոստոսի 22-24-ը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիա, որի ընթացքում Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Անցյալ շաբաթ Հայաստանում էին Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարները։ Հայաստանը մեծապես կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկու արտգործնախարարների այցը Հայաստան․ հանդիպմանը քննարկված երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի ընդգրկունությունը ի ցույց է դնում Աֆրիկյան միության և աֆրիկյան մայրցամաքի պետությունների կարևորությունը միջազգային հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի՝ այդ ուղղությամբ համագործակցության զարգացման առումով առկա ներուժը, որը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվել։ Այս հանդիպման կարևոր արդյունքներից մեկը կարելի է համարել այդ ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ իրականացված քննարկումները, որոնք պետք է կատարվեն ինչպես այդ երկրների հետ, այնպես էլ այդ երկրների միջոցով: Եվ կարևորվել է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացումն Աֆրիկյան մայրցամաքի ուղղությամբ:

Աֆրիկյան ուղղությամբ մեր աշխատանքների ակտիվացման առումով կարևոր հարթակ են բազմակողմ ձևաչափերը, մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի անդամ պետությունների զգալի մասը հենց աֆրիկյան մայրցամաքից են։

Քանի որ անդրադարձա Ֆրանկոֆոնիային, նշեմ, որ շարունակում ենք կազմակերպչական աշխատանքները: Մեկ կոչ ունեմ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին. բացվել է հատուկ պլատֆորմ լրատվամիջոցների հավատարմագրման համար: Միջոցառումները լուսաբանել ցանկացող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է պարտադիր հավատարմագրվեն այդ հարթակի միջոցով: Նաև ընդգծեմ, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջոցառումները լինելու են բացառապես ֆրանսերենով, թարգմանություն չի ապահովվելու: Թարգմանություն լինելու է միայն եզրափակիչ ասուլիսի ժամանակ։ Սա պարզապես ի գիտություն:

Օգոստոս ամսին արտաքին քաղաքական ոլորտը կարող էր համեմատաբար հանգիստ շրջանի տպավորություն թողնել, ինչը պայմանավորված էր, այսպես կոչված, արձակուրդային շրջանով: Սակայն նշեմ, որ այդ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունում նախաձեռնվել և շարունակվում է ներքին բարեփոխումների մի ամբողջական գործընթաց՝ ուղղված դիվանագիտական ծառայության առավել ամրապնդմանը, մասնագիտական կարողությունների և պրոֆեսիոնալ ռեսուրսի արդյունավետության առավել բարձրացմանը։

Օգոստոս ամսվա ընթացքում նաև մեծ ծավալով նախապատրաստական աշխատանքներ են տարվել, քանի որ մենք արդեն իսկ թևակոխում ենք ակտիվ շրջան․ ամսվա սկզբին տեղի են ունենալու մի շարք կարևոր այցելություններ Հայաստան, որոնց մասին, ըստ երկկողմ պայմանավորվածության, մենք միասին մոտակա օրերին կհայտնենք։

Սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, այցի շրջանակներում վերջինս մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովին։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելելու է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին։

Սեպտեմբեր ամիսը կարևոր է նաև այն առումով, որ այդ ընթացքում տեղի են ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը, որի աշխատանքներին, ինչպես արդեն նշել ենք, մասնակցելու է նաև Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում են մի շքրա հանդիպումներ գործընկերների հետ. այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական աշխատանքների փուլում:

Թերևս, այսքանը։ Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։

Tert.am. Ցանկանում եմ անդրադառնալ Մերկելի այցին: Տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությամբ արդյո՞ք Հայաստանին հաջողվեց առավելագույն արդյունավետություն քաղել այդ այցից: Կոնկրետ փաստաթղթերի մասին եմ ուզում խոսեք: Ո՞րն եք ամենակարևոր, շոշափելի արդյունքը համարում:

Araratnews.am. Նախորդ հարցի լրացում: Կցանկանայի ուղղակի հասկանալ զուտ ներդրումային առումով եղե՞լ է արդեն հստակ պայմանավորվածություն: Որովհետև եղան խոսակցություններ, որ Վրաստանը սա շահեց, Ադրբեջանը սա շահեց, իսկ մեզ, կես կատակ, կես լուրջ, նշվում է, որ մնացին սելֆիները: Կոնկրետ ներդրումային առումով ի՞նչ հստակ պայմանավորվածություններ, եթե եղել են: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Գերմանիայի կանցլերի Հայաստան այցի օրակարգը ներառում էր և երկկողմ, և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման հարցեր, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերի հրատապ քննարկումներ են ծավալվել: Այս հարցի առնչությամբ ասեմ, որ այն հանգամանքը, որ կանցլերի պատվիրակության մեջ ընդգրկված էին մեծ թվով խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, վկայում է առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու երկկողմ նպատակադրվածության մասին: Այս առումով արդեն նշեցի, որ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ: Դրանք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Որոշների մասին արդեն իսկ բարձրաձայնվել է, որոշների մասին՝ դեռ ոչ: Միայն կարող եմ հավելել, որ այս ուղղությամբ հայկական կողմը ներկայացնելու է հստակ առաջարկություններ և ծրագրեր, և արդեն հայկական կողմը հանձնառու է եղել այս գործին: Այցի մյուս կարևոր հանգամանքն այն է, որ քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգային հարցեր, դրանց շրջանակներում մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը: Այս հարցում, ինչպես գիտեք, ասուլիսի ժամանակ մենք ստացանք գերմանական կողմի հստակ հավաստիացումները:

Tert.am. Եվ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Գերմանիայի՝ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը որքանո՞վ է բխում մեր շահերից:

Աննա Նաղդալյան. Ղարաբաղյան հակամարտության հետ առնչությամբ նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ: Իսկ դրան հասնելու ամենալավ բանալին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է: Գիտեք՝ Ադրբեջանի և Արցախի շփման գծի, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրադրության սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը, մարդկանց միջև շփումների կանխարգելումը պետք է հստակորեն մերժվեն։ Եվ սրանք են եղել Գերմանիայի ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթությունները 2016 թվականին, որոնք առավել հստակ բարձրաձայնվել են Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ապրիլյան ագրեսիայից հետո: Իսկ Գերմանիայի կանցլերի այցի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվել է, որ իրենք հանձնառու են հակամարտության խաղաղ  կարգավորմանը: Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Եվ նաև կանցլերը շեշտել է, որ իրենք պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս հարցում: Նորից եմ ասում՝ Գերմանիան  որպես ԵՄ  առաջատար պետություն, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: Եվ, խոսելով Բաքվում, նույն առումով ես կարող եմ հավելել, կանցլեր Մերկելը շեշտել է նաև  մեկ կարևոր հանգամանք, որ պետք է հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներին իրական լուծումներ տրվեն: Սրանք բոլորը այն ուղերձներն են, որոնք կանցլեր Մերկելը ներկայացրել է հակամարտության հարցում:

Հայլուր․ Օրեր առաջ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հանդիպեցին և քննարկվեց նաև բնականաբար ՀԱՊԿ-ի հարցը և Հայաստանի դիրքորոշումը: Կցանկանայի իմանալ ինչ փուլում է գտնվում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչման գործընթացը և հնարավոր է այնպիսի տարբերակ, որ այս պաշտոնում հաստատվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը:

Աննա Նաղդալյան․ Ինչպես արդեն ասել ենք, Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, և ինչպես բազմիցս նշվել է, սկսվել է  ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ ինչպես գործող կանոնակարգի հիման վրա կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբ, այնպես էլ այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ։

Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, նշեմ, որ 2015թ. սեպտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ մասնակից պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն այսուհետ կստանձնեն բոլոր անդամ պետությունները ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի: Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրվել է Հայաստանին և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին: Իսկ ՀԱՊԿ շրջանակներում, նորից եմ կրկնում, բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

Հայլուր․ Ընդհանրապես, վերջին շրջանում մամուլում շատ է շրջանառվում, որ Ադրբեջանը հնարավոր է անդամակցի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Ձեր արձագանքն ինչպիսին է այս հարցին:

Աննա Նաղդալյան․ Նշեցի արդեն, թե ՀԱՊԿ շրջանակներում ինչպես են որոշումները կայացվում, նույն սկզբունքը տարածվում է նաև ԵԱՏՄ վրա․ ԵԱՏՄ շրջանակներում նույնպես որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա: Եվ այս առումով մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ու կարծեմ ԱԳՆ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: Այդ դիրքորոշումը նաև հստակորեն բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից վերջերս, կարծեմ «Կոմերսանտին»-ին տրված իր հարցազրույցում:

Առավոտ. Դրսի ներդրողներն անհամբեր սպասում են Լիդիանի գործի ավարտին, որպեսզի որոշեն արդյոք Հայաստանում ներդրումներ անեն թե ոչ: Ինչ եք կարծում, արդյոք այսպիսի հարցերով չի պայմանավորված այն, որ առանձնապես դրսում այդքան էլ խանդավառված չեն, նաև կասկածամիտ են թե ինչ է տեղի ունենում Հայաստանում,  ու նաև արդյոք այս ամենը չի ստվերում արդեն առաջին հրաժարականները Հայաստանում, հատկապես արտաքին բլոկի գծով վարչապետի խորհրդականը վերջերս հրաժարական տվեց:

Աննա Նաղդալյան. Շնորհակալություն, ես փորձեմ Ձեր հարցին անդրադառնալ այնքանով, որքանով որ դա վերաբերում է արտգործնախարարությանը: Միայն կարող եմ նշել, որ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական  ներկայացուցչությունների գործունեության հիմնական ուղղություններից է, որպեսզի դրսում  ներկայացնեն Հայաստանի ներդրումային հնարավորությունը, բիզնես սեկտորը, իսկ Արտաքին գործերի նախարարության առաքելությունը, որպեսզի աջակցի հայ տնտեսվարող սուբյեկտներին առավել արդյունավետ գործել արտերկրում: Լիդիանի գործի առնչությամբ կարծում եմ, որ հարցը  ուղղել եք դրա համար ոչ այդքան պատասխանատու գերատեսչությանը։

Իսկ ինչ վերաբերում է Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման դիմումին, նշեմ, որ պարոն Խառատյանն անձամբ է գրել, որ այդ դիմումը պայմանավորված է ընտանեկան խնդիրներով, և այստեղ ես որևէ  բան ավելացնելու չունեմ:

Հարց․ Չի՞ խանգարում այս ամենը արտաքին գերատեսչությանը ավելի սերտորեն շփվել, կարծում եմ հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ: Եվ մեկ էլ այս ձևաչափը լրագրողների հետ աշխատանքի՝ ճեպազրույցների ավանդույթը, լինելու է շարունակակա՞ն:

Աննա Նաղդալյան. Արտաքին գործորի նախարարության գործունեությունը բնականոն ընթանում է, և այս առումով որևէ խնդիր ծագելու դեպքում մենք համապատասխան լուծումներ ենք տալիս:

Իսկ այն առնչությամբ, թե արդյոք այս ձևաչափը պահպանվելու է, թե ոչ, կարծես թե այս ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը, ուստի մենք այն պահպանելու ենք: Ասեմ ավելին, քանի որ մենք թևակոխում ենք ավելի ակտիվ քաղաքական փուլ, մեր կողմից դիտարկվում է նաև ձևաչափն առավել հաճախակի, շաբաթական մեկ անգամ դարձնելու հնարավորությունը:

Para TV. Անկեղծ ասած, ես գործընկերոջս հարցը պետք է շարունակեմ Ադրբեջանի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Կխնդրեի ևս մեկ անգամ հնչեցնել պաշտոնական Երևանի դիրքորոշումը, քանի որ Բաքվում նոր հայտարարություններ եղել, ընդ որում պատգամավորների մակարդակով, haqqin.az-ում որոշ նյութեր հայտնվեցին: Եթե կարելի է, ևս մեկ անգամ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ պաշտոնական Երևանն իր համաձայնությունը չի տալու, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Վերլուծական շրջանակներում քննարկումներ իսկապես տեղի են ունենում, բայց վերլուծական շրջանակներում քննարկումներն իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Բարձրաձայնեմ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որը ներկայացվել էր նաև նախարարի կողմից: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը:

Ար ՀԸ. Կրկին պետք է վերադառնամ Անգելա Մերկելի այցին: Այցից հետո գերմանական կողմը տեսանյութեր էր պատրաստել, որտեղ Ադրբեջանի անվան տակ հայաստանյան կադրեր էին, և օգտատերերին դա բազմաթիվ, այսպես ասած, տարակարծությունների տեղիք էր տվել: Եվ հորդորում էին գերատեսչություններին անպայման գերմանական մամուլին հղում կատարել, խոսել իրենց հետ և պարզաբանել, թե ինչ է կատարվում: Արդյո՞ք խոսել եք այդ թեմայով, հատկապես գիտենք, որ մեր խիստ թշնամի հարևանն օգտագործում է նման նախադեպերը հօգուտ իրեն:

Աննա Նաղդալյան. Մենք էլ էինք նկատել այդ սխալները, որոնք եղել են գերմանական կողմից սոցիալական հարթակներում, անմիջապես նկատելուց հետո կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ: Պարզապես մարդկային սխալ է տեղի ունեցել:

Գալա նյուզ. Կուզեի Ձեր գնահատականն իմանալ, թե ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:

Աննա Նաղդալյան. Նման հարցի վերաբերյալ, ինչպես բազմիցս նշել ենք, մենք հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք տարածաշրջանում կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ: Սա այդ գործընթացների թվին է դասվում: Գնահատականներ արվում են, բայց ես այդ մասին այժմ չեմ կարող բարձրաձայնել:

Ազատություն. ՀԱՊԿ-ի հետ կապված՝ Լուկաշենկոն այդ հայտնի հարցազրույցում իրենց պետական հեռուստաընկերությանն ասաց, որ ժամանակին այլ թեկնածություն էր ինքն առաջադրել, բայց իրեն ոչ ոք չէր լսել: Նա, ըստ էության, ասաց, որ դեմ էր եղել Խաչատուրովի թեկնածությանը: Ցանկանում եմ հասկանալ. տևական ժամանակ է, ինչ ՀԱՊԿ-ում քննարկվում է այս հարցը: Կա՞ն երկրներ, կա՞ մոտեցում, որոնց համաձայն Հայաստանն այլևս չպետք է նախագահի ՀԱՊԿ-ում: Ի՞նչ է կատարվում իրականում: Ի՞նչ եք կարծում՝ այս տարի կունենա՞նք նոր գլխավոր քարտուղար: Հայաստանը պնդո՞ւմ է, որպեսզի իր ներկայացուցիչը գլխավորի ՀԱՊԿ-ը: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Ինչպես նշեցի, երբ կայացվել էր համապատասխան որոշում, ՀԱՊԿ նախագահությունը երեք տարով ամրագրվել է Հայաստանին: Հայաստանը ներկայացրել է իր թեկնածությունը: Իր թեկնածուի հաստատման որոշումն ընդունվել է կոնսենսուսի հիման վրա: Սա հարցի առաջին մասով:

Երկրորդ մասով նշեմ, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց, որին հաջորդել են խորհրդակցություններ: Նախորդ ճեպազրույցի ընթացքում ես նույնպես նշեցի, որ խորհրդակցությունները տեղի են ունենում տարբեր մակարդակներում, տարբեր ձևաչափերով, և միայն դրանց արդյունքներն են, որ ներկայացվում են Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը կամ հավանությանը: Իսկ մինչ այդ որևէ մեկնաբանություն անելը պարզապես համարում եմ ոչ կոռեկտ:

Panorama.am. Մի ճշտում՝ որպես հարցի շարունակություն: Դուք նշեցիք, որ երեք տարով, իսկ երեք տարին դեռ չէր լրացել, երբ Հայաստանը գլխավորում էր կառույցը: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երեք տարին դեռ պիտի հայաստանցի թեկնածուն զբաղեցնի պաշտոնը, եթե անգամ Յուրի Խաչատուրովի պաշտոնը չեղարկվի քարտուղարությունում:

Աննա Նաղդալյան. Նորից եմ կրկնում, մենք նախաձեռնել ենք Գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց, իսկ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պարոն Խաչատուրովի նշանակումից հետո երեք տարի ժամկետով ամրագրված է Հայաստանին: Իսկ այն հարցի առնչությամբ, թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն, դրանք կլինեն արդեն խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում և կհաստատվեն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից: Մինչ այդ, գործընթացների մասին տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ:

Շնորհակալություն:

 

Տպել էջը