ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանի ճեպազրույցը

14 օգոստոսի, 2018

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ։ Ինչպես արդեն գիտեք, պարոն Բալայանը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում և ժամանակավորապես ինձ վրա են դրված մամուլի խոսնակի պարտականությունները ։

Քանի որ արձակուրդային ամենածանրաբեռնված շրջանում ենք գտնվում, մի քանի  խնդրանք և հորդոր ունեմ մեր քաղաքացիներին. արտերկիր մեկնելուց առաջ պարտադիր ծանոթանալ ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված «Խորհուրդներ ճամփորդներին» բաժնի տեղեկատվության հետ, որը պարբերաբար թարմացվում է, այնտեղ դրվում է վերջին տեղեկատվությունն այցելության վայրերի հետ կապված, և ճանապարհորդելիս անպայման ունենալ ապահովագրություն, գրանցել մեկնման երկրում կամ մոտակա որևէ երկրում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կոնտակտային տվյալները և արտակարգ իրավիճակների պարագայում անմիջապես կապ հաստատել վերջիններիս հետ։

Ինչու եմ անդրադառնում այս հարցին, քանի որ օգոստոսի 7-ին «էյր Արմենիա» ընկերության ներկայացուցիչը կապ էր հաստատել ԱԳՆ-ի հետ՝ հայտնելով, որ Վենետիկում խափանման է ենթարկվել պարային խումբ տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսում գտնվում էր մոտ 30 անչափահաս՝ 8-12 տարեկան երեխա։ Եվ անմիջապես Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի հայ համայնքի, Ֆեսթ Ավիա և Էյր Արմենիա ընկերությունների հետ քայլեր են ձեռնարկվել երեխաների կեցությունն ապահովելու, նրանց վերադարձնելու ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Շաբաթ օրն արդեն երեխաները վերադարձել են Հայաստան։ Այս առումով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր սրտացավորեն մոտեցան խնդրին և ամեն քայլ ձեռնարկեցին երեխաների անվտանգ վերադարձը ապահովելու ուղղությամբ:

Ինչպես արդեն գիտեք, օգոստոսի 2-ին և 3-ին արտգործնախարարությունը կազմակերպել էր հանրային քննարկումներ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի հիման վրա մշակված ազգային ծրագրի շուրջ, ծավալվել են շահագրգիռ քննարկումներ՝ պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։

Օրեր անց Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում բացվելու է «Հայ-չինական բարեկամության դպրոցը», տեղի է ունենալու պաշտոնական բացման արարողությունը: Դպրոցի շինարարությունն իրականացվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Եվ այս դպրոցն իր գործունեությամբ գալու է համալրելու իր արդյունավետությունն ապացուցած Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը: Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության ծրագրերի շրջանակներում մեր երկրին տրամադրվող աջակցությունը և հայտնեմ, որ օրերս ավարտին է հասցվելու է մեկ այլ ծրագիր՝ Հայաստանին 200 շտապ օգնության ավտոմեքենաների տրամադրումը: Այս ծրագրի մեկնարկը տրվել է անցյալ տարվա մայիսին՝ ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին հերթական համաձայնագրի շրջանակներում:

Լարսում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտնեմ, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Վրաստանում մեր դեսպանությունը և Դոնի Ռոստովում մեր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ, ամենօրյա քայլեր են ձեռնարկվում առաջացող խնդիրները արագ լուծելու ուղղությամբ։ Եվ Ձեզ տրամադրեմ վերջին տվյալները, որը ստացել եմ մոտ 20 րոպե առաջ. վրացական կողմից այս պահի դրությամբ տերմինալում գրանցված է շուրջ 300 մեքենա, այնտեղ սպասողների հերթը կազմում է շուրջ 3․5 կմ։  Ռուսական կողմից այդ երկարությունը կազմում է մոտ 3 կմ։

Եվ վերջին հարցը։ Ադրբեջանում չպարզված հանգամանքներում հայտնված Կարեն Ղազարյանի գործի առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ հարցը գտնվում է մեր օրակարգում: Այդ ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները։ Ինչպես գիտեք օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը։ Շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է շուտ Հայրենիք վերադարձի ուղղությամբ:

Թերևս այսքանը: Մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:

Պարա Թիվի. Հարցս վերաբերում է Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ կնքված դաշինքին: Ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանություններն այս դաշինքի վերաբերյալ և արդյո՞ք որպես մարտահրավեր չի ընդունվում այն: Այս դաշինքի կնքումով արդյո՞ք Հայաստանը չի մեկուսանում տարածաշրջանի երկրներից:

Աննա Նաղդալյան. Շնորհակալություն: Կասպյան տարածաշրջանի հետ կապված նշեմ, որ դա վերաբերում է Կասպյան ափամերձ 5 պետություններին և դրանց վերաբերող համաձայնագիր է: Այստեղ մենք մեկնաբանելու շատ բան չունենք: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ասեմ, որ մենք բնականաբար հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակի որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

Հարց. Կոնկրետ այս իրավիճակն ինչպե՞ս կազդի: Հնարավոր վերլուծություններ կա՞ն: Ադրբեջանը համենայնդեպս շատ գոհ է:

Աննա Նաղդալյան. Ադրբեջանը Կասպյան ափամերձ երկրների շարքում է, այդ պատճառով էլ Ադրբեջանը գոհ է: Իսկ մեր պարագայում ասեմ, որ մենք հետևում ենք զարգացումներին: Արդեն զարգացումների հիման վրա, թե ինչ ուղղվածություն կունենան, կանենք համապատասխան եզրակացություններ:

Գալա Թիվի. Տիկի՛ն Նաղդալյան, կխնդրեմ անդրադառնաք Նախիջևանի շուրջ տիրող իրավիճակին: Կարծիքներ են հնչում, որ եթե Ադրբեջանի կողմից վերադիրքավորումներ են լինում, ապա հայկական կողմից առաջխաղացում այդքան էլ չի նկատվում: Խնդրում եմ ներկայացրեք՝ ինչպիսի՞ իրավիճակ է ներկայումս:

Աննա Նաղդալյան. Ինչպես գիտեք, համապատասխան հայտարարություն տարածել է Պաշտպանության նախարարությունը: Նախիջևանում Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք վերջին հավաստիացումները ստացել ենք Պաշտպանության նախարարության կողմից: Ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք հայտնել ենք ադրբեջանական կողմին՝ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են:

Արմենպրես. Վերջերս արտգործնախարարի վերաբերյալ քննադատական հոդվածով էր հանդես եկել Գուրգեն Խաժակյանը, ով, եթե չեմ սխալվում, նախկինում աշխատել էր Ձեր գերատեսչությունում: Ինչպե՞ս եք վերաբերում հոդվածում նշված տեսակետին, որ ասել էր, որ նախարարն այսպես ասած թիկունքից հարվածել էր Փաշինյանին: Ինչպե՞ս եք վերաբերում այս տեսակետին և առհասարակ նման հոդվածներին, քանի որ նման հոդվածն առաջինը չէր:

Աննա Նաղդալյան. Գիտեք, իրապես, արտգործնախարարության նախկին աշխատակիցների կամ դիվանագիտության հետ նախկինում առնչություն ունեցող անձանց կողմից նման ձևակերպմամբ հոդվածներն իրականում ապացուցում են, որ իրենք մեկնաբանության արժանի չեն: Իսկ ինչ վերաբերում է հենց Գուրգեն Խաժակյանի դեպքին, երբ ես ընդունվում էի արտգործնախարարություն, առաջին քայլերն էի կատարում դիվանագիտության ոլորտում, Գուրգեն Խաժակյանի դեպքը մեզ բերվում էր որպես օրինակ, քանի որ նա, եթե չեմ սխալվում, նախարարության պատմության մեջ միակ անձնավորությունն էր, ով աշխատանքից հեռացվել էր դիվանագիտական գործունեության համար որևէ պիտանիություն չունենալու պատճառով: Այդպես գրված էր պաշտոնական հեռացման փաստաթղթում:

Ազատություն.  Ցանկանում եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ: Եթե չեմ սխալվում, Կասպյան գագաթաժողովին, վստահ եմ՝ տեղյակ եք, որ Նազարբաևը և Պուտինը խոսեցին այդ թեմայի հետ կապված, այն խնդրահարույց որակեցին: Ուզում եմ հասկանալ՝ ինչ իրավիճակ է, ինչ գործընթացներ են ընթանում: Հայաստանը պնդելո՞ւ է, որ իր ներկայացուցիչը գլխավորի ՀԱՊԿ-ը, ինչու է խնդրահարույց այդ հարցը, ինչ ի նկատի ունեք: Արդյոք ասվել է Հայաստանին, որ, գիտե՞ք՝ Ձեր գործողությունները խնդիր են ստեղծում ՀԱՊԿ հեղինակության համար: Ի՞նչ եք կարծում Նազարբաևը և Պուտինն ինչու խնդրահարույց որակեցին այս հարցը: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Ձեր հարցին փորձեմ շատ ամփոփ պատասխանել, որովհետև գործընթացը դեռևս շարունակական բնույթ է կրում: Նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական, դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև ապահովել, երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնական գործունեության անխափանությունը՝ Հայաստանը նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ, որոնց մասին արդեն մենք բազմիցս տեղյակ ենք պահել հանրությանը:

Իսկ մնացած հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հարթություններում քննարկումների: Իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն, ինչպես գիտեք, պետք է հաստատվեն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից: Այդ բոլոր զարգացումների և արդյունքների վերաբերյալ մեր հանրությունը, ինչպես որ եղել է մինչև այժմ, տեղյակ կպահվի: Այժմ ավելացնելու ոչինչ չունենք:

Շանթ. ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի թեկնածուներ այս պահին քննարկվում են:

Աննա Նաղդալյան. Գիտեք, մենք նախաձեռնել ենք փոփոխման գործընթաց: Մնացած հարցերը ներքին քննարկումների ոլորտում են գտնվում, որոնց վերաբերյալ միայն արդյունքներն են հետագայում հրապարակվելու, դրանց մասին մենք տեղյակ կպահենք: Մենք սկսել ենք գործընթաց:

Ազատություն. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովին այդ հարցը քննարկվելու է: Միգուցե Հայաստանի նախաձեռնությամբ մտցվելու է օրակարգ որոշում կայացնելու նպատակով: Եթե չեմ սխալվում հոկտեմբեր-նոյեմբերին է կայանալու: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Ճիշտ եք նշում մոտավոր ժամկետները: Իսկ մինչև գագաթաժողովին հասնելը, բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենում ՀԱՊԿ ներսում տարբեր մակարդակներով: Եվ արդեն այդ քննարկումների արդյունքում ձեռք բերված որոշումները նոր ներկայացվելու են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Ես Ձեզ ընթացակարգն եմ բացատրում: Մինչև հոկտեմբեր բավականաչափ աշխատանք կա, միշտ այդպես է լինում որոշումների հետ:

Թերթ.ամ. Տեղեկություններ կան, որ 2008թ. մարտի դեպքերից հետո ՄԻԵԴ-ից հեռացված պաշտոնյաներին փորձ է արվում վերադարձնել: Դրա վերաբերյալ մեկնաբանություն էի խնդրում: Խոսքը Ռուբեն Շուգարյանի, Վլադիմիր Կարապետյանի, Մարթա Այվազյանի մասին է:

Աննա Նաղդալյան. Դրանք շրջանառվող լուրեր են, որոնք մշտապես եղել են, և լրատվական դաշտը դրան միշտ մեծ կարևորություն է տվել և լրատվական դաշտի ուշադրությունից դուրս չեն եկել: Բայց որևէ նման տեղեկատվություն դեռևս ես չունեմ:

Ար ՀԸ. Նոր պատժամիջոցներ են սահմանվում Իրանի նկատմամբ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սպասվում է երկրորդ փուլը: Վերլուծաբանները արդեն կանխատեսում են, որ դա ուղիղ ազդեցություն կունենա Հայաստանի վրա հատկապես այն դեպքում, երբ հստակ է Թրամփի հայտարարությունը. «Ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է»: Հայաստանն այս ուղղությամբ ինչ է անում՝ հաշվի առնելով, որ նախկինում կարողացել է շրջանցել ինչ-ինչ օղակներով այդ սահմանափակումները: Հիմա ինչ գործընթացներ են տեղի ունենում:

Աննա Նաղդալյան. Ինչպես գիտեք՝ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Ինչպես տեղյակ եք՝ 2015թ. Հայաստանն առաջին երկրներից էր, ով ողջունեց համապարփակ ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանը շարժվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ են բացվում ինչպես տարածաշրջանի կայունացման, այնպես էլ տարածաշրջանում համագործակցության առումով: Բնականաբար, այս վերջին զարգացումները մտահոգիչ են: Բայց Հայաստանը շարունակում է սերտորեն համակարգված աշխատել, բաց երկխոսություն վարել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը, ներկայացնում ենք մեր մտահոգությունները և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը: Այս առնչությամբ կարող եմ ասել, որ մենք փորձում ենք բաց երկխոսություն հաստատել բոլոր կողմերի հետ:

Ազատություն. Շնորհակալություն: Այսօր տեղեկություն է հայտնվել, որ պաշտպանության նախկին նախարարը, նախկին փոխնախարարը, ներկայիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են: Ես ուզում եմ հասկանալ իրավական առումով արդյոք Հայաստանը կարող է ներկայացնել ՀԱՊԿ-ում լինելով Ռուսաստանի քաղաքացի և որքանով է հիմնավոր Յուրի Խաչատուրովի դեպքում: Միքայել Հարությունյանը չեք կարող ասել հայտնի պատճառներով, բայց Հայաստանը կարո՞ղ է ներկայացնել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի քաղաքացին:

Աննա Նաղդալյան. Գիտեք, ըստ ՀՀ օրենքի, եթե չեմ սխալվում, Հայաստանում այլ երկրի քաղաքացին չի կարող զբաղեցնել պետական պաշտոն՝ նախարարից սկսած: Ձեր հարցի առնչությամբ, ես որևէ տեղեկություն չունեմ պարոն Խաչատուրովի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքով: Պարզապես Ձեզ խնդրում եմ ասուլիսից հետո գրավոր ներկայացնել դիմումը, մենք կփորձենք 5 օրվա մեջ պատասխանել Ձեր հարցմանը:

Շանթնյուզ. Իրանի վերաբերյալ ճշտող հարց: Տեղեկություն կար, որ Նիկոլ Փաշինյանն է այցելելու Իրան: Ե՞րբ է դա լինելու: Եվ արդյո՞ք դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին:

Աննա Նաղդալյան. Գիտեք, Իրանի հետ հարաբերությունների այն պրիզման, այն հեռանկարը, որով մենք շարժվում ենք հստակորեն արձանագրված է կառավարության ծրագրում: Դա այն է, որ մենք պետք է առանձնահատուկ հարաբերություններ զարգացնենք Իրանի հետ, որոնք բնորոշ են սերտորեն համագործակցող երկու հարևան երկրներին և որոնք պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական զարգացումներից: Սա Ձեզ ուղղակի մեջբերում եմ կառավարության ծրագրից: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին: Հենց այս պրիզմայով էլ պետք է դիտենք Իրանի և Հայաստանի միջև տեղի ունենալիք առաջիկա փոխայցելությունները, տարբեր մակարդակներով: Պարոն վարչապետի օրակարգում, որքանով մենք տեղյակ ենք, այսօրվա դրությամբ նման այց դեռևս նախատեսված չէ: Եթե օրակարգում հստակեցվի այցը, դրա մասին համապատասխանաբար հանրությունը միշտ տեղյակ է պահվել՝ խելամիտ ժամկետներում:

Շանթնյուզ. Ես ճշտեմ ուղղակի, որտեղից է այդ տեղեկությունը. Անվտանգության խորհրդի քարտուղարն է հանդիպել դեսպանի հետ և տեղեկատվության մեջ նշվում էր, որ վարչապետն Իրան այցելելու է : Դուք տեղեկություն չունե՞ք այս մասին:

Աննա Նաղդալյան. Տարբեր մակարդակի այցեր Իրան ծրագրվում են տարվա ընթացքում, բայց հստակ ժամկետներ դեռ չկան: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը, եթե չեմ սխալվում, սկզբում գրել էր՝ «առաջիկայում նախատեսված  այցելությունը», հետո մեկնաբանությամբ էր հանդես եկել  «Արմենպրես» գործակալությանը, բացատրելով, որ նկատի ուներ նախատեսվող այցելությունները:

Շնորհակալություն։

Տպել էջը