ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը

02 հուլիսի, 2018

Բարև Ձեզ,

Սկզբից առաջիկա օրակարգի մասին: Հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցելությունը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ։

Հուլիս ամսին արտգործնախարարի մի քանի այցելություններ են ծրագրվում, ժամկետները հստակեցվում են, հստակեցնելուց հետո դրանց մասին կտեղեկացնենք:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել անցյալ շաբաթ արտգործնախարարի Բեռլին կատարած պաշտոնական այցելության վրա: Այն բավականին հագեցած էր թե հանդիպումների, թե բովանդակային տեսանկյունից:

Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է, և այս այցելությունը ևս մեկ առիթ էր վերահաստատելու այն արժեքավոր համագործակցությունը, որ մենք հաստատել ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ անկախությունից ի վեր: Գերմանիան շարունակելու է և ընդլայնելու է աջակցությունը Հայաստանի զարգացմանը:

Այցն ինտենսիվ կերպով լուսաբանվել է ԱԳՆ մամուլի ծառայության կողմից: Կարծում եմ՝ հավելյալ մանրամասներ հայտնելու կարիք չկա:

Հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդի այցը Հայաստան։

Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանի Լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը, որոնք մայիսին հավանության էին արժանացել Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Գործարկվել է ԱԳՆ նոր կայքը, այն բավականին դինամիկ է, համապատասխանում է ներկայացվող ամենախիստ պահանջներին։ Կառավարման համակարգը թույլ է տալիս արագ փոփոխություններ կատարել խորագրերում, արտակարգ իրավիճակների պարագայում հատուկ ընդգծել կարևոր տեղեկատվությունը: Եվ մի շարք այլ նորարարություններ են մտցվել։ Նույն ոճով շուտով վերափոխվելու են նաև մեր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերը։ Առաջարկությունների կամ բողոքների դեպքում խնդրում եմ դիմել Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն: Այս պահին այսքանը։ Խնդրեմ հարցեր։

Արմենիա. Պարո՛ն Բալայան, երկու-երեք շաբաթ առաջ Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին համաձայնություններ էր ձեռք բերում Գերմանիայում, նույնիսկ հռչակագիր են ստորագրել մի ընկերության հետ, և անցած շաբաթ մեր նախարարը Գերմանիայում էր։ Արդյո՞ք այս հարցի մասին խոսել են թե ոչ, և ինչ զարգացումներ կան ամերիկյան ուղղաթիռների հետ կապված, սրանով զբաղվու՞մ եք, թե ոչ։ Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Իհարկե, այս հարցն արտգործնախարարի հանդիպումների ժամանակ բարձրացվել է։ Առանց մանրամասների մեջ մտնելու կարող եմ ասել, որ այն պարզաբանումները, որ մեզ տվել է գերմանական կողմը, լիովին բավարարում են:

Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված, այսպես ասեմ, որ այն տեղեկատվությունը, որը որոշ անձանց կողմից պարբերաբար սոցիալական ցանցերում կամ լրատվական դաշտում թողարկվում է, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Այս հարցով՝ ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան դա հայտնվել է հրապարակային դաշտում լրատվամիջոցների կողմից: Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում ամերիկյան լիցենզիայով, և դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար: Այս պահին այսքանը կարող եմ հայտնել:

Արմենպրես. Պարո՛ն Բալայան, ես երկու հարց ունեմ․ առաջինը՝ կրկին կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների մասին: Երեկ էլ տեղեկատվություն եղավ, որ փորձեր են եղել այնտեղ: Ի՞նչ է նշանակում. այսինքն մեր ջանքերը տեղ չե՞ն հասնում, Ադրբեջանը ականջալուր չէ՞, միջազգային հանրությունը գործունեություն չի՞ ծավալում: Ինչու՞մ է խնդիրը: Եթե կարելի է, երկրորդն էլ հնչեցնեմ: Օրերս մամուլում տեղեկություններ եղան նաև, որ Չեխիայում ՀՀ դեսպանն օգնել է նախկին իշխանավորներին անշարժ գույք ձեռք բերել: Ուզում եմ իմանալ, որքանով է համապատասխանում տեղեկատվությունն իրականությանը:

Տիգրան Բալայան. Նախիջևանի հետ կապված՝ գիտեք, որ մեր պաշտպանության նախարարությունը բավական օպերատիվ տեղեկացնում է զարգացումների վերաբերյալ: Հավելյալ մանրամասներ ես Ձեզ այս պահին չեմ կարող հայտնել: Քաղաքական առումով, իհարկե, նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է ելնելով անպատասխանատվության սկզբունքից՝ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով, և մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների առջև, այնպես էլ՝ մեր մյուս գործընկեր երկրների և կազմակերպությունների առջև:

Կարծում ենք՝ այստեղ հենց համանախագահները լուրջ անելիք ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների հանդեպ:

Ես, կարծեմ, առիթ ունեցել եմ նաև այս ճեպազրույցների ժամանակ անդրադառնալու դրան առնչվող մի հարցի և մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված կամ մատուցվող տեղեկատվությանը, նորից կրկնում եմ, լուրջ մի վերաբերվեք: Կարծեմ մայիսին էր, Աշոտ Խուրշուդյանը մի լավ ուսումնասիրություն էր հրապարակել իր ֆեյսբուքում կամ պարբերականներից մեկում այդ անձնավորության վերաբերյալ: Այդ նույն «հոդվածի» մեջ մարդը, եթե իր վրա է վերցնում, ասում է. «Իմ ջանքերով Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման» արդեն հաշվի վերցրեք: Ով Սաֆարովի դատավարությանն առնչվել է, փայլուն կարող է ներկայացնել այդ անձնավորության գործունեությունը կամ ցանկալին իրականության տեղ մատուցելուն ուղղված գործունեությունը և գործողությունները Սաֆարովի դատավարության ժամանակ, այդ մարդիկ հայտնի են, ես չեմ մանրանա ուղղակի մտնեմ մանրամասների մեջ։ Այդ մարդկանց, խնդրում եմ, հարցրեք, թե ով էր, այսպես ասած չակերտավոր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ, Ձեզ բավականին մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը։ Գիտեք, այդ անձնավորությունը գալիս է, միլիարդավոր ինչ-որ ներդրումների հնարավորությունների մասին է խոսում և այլն, այդ անձնավորությունը գալիս է, ինչ-որ гостролер-ի տպավորություն է թողնում։ Ես նորից եմ խորհուրդ տալիս հատկապես նման անձնավորությունների տված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերվեք։

Հայլուր. Պարոն Բալայան, երկու հարց, եթե կարելի է։ Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանում բնակվող Սիրիայի քաղաքացիները Վրաստան մուտքի ժամանակ խնդիրներ են ունենում: Ինչպիսի՞ զարգացումներ կան այս իրադարձություններում:

Եվ երկրորդ հարցը. Առաջիկայում Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանն ինչ-որ ձևաչափով մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:

Տիգրան Բալայան. Առաջին հարցի վերաբերյալ նշեմ, որ իրականում եղել էր խնդիր, որ Սիրիայում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստան սահմանափակվել էր: Այս պահի դրությամբ մենք Վրաստանից ունենք պաշտոնական պատասխան՝ և՛ դեսպանության մակարդակով, և՛ արտգործնախարարության մակարդակով, որ նման սահմանափակում չկա: Եթե մեր քաղաքացիները կառնչվեն հետագայում նման խնդրի, խնդրում ենք անհապաղ կապվել կամ Վրաստանում Հայաստանի դեսպանություն, կամ արտգործնախարարություն՝ օպերատիվ և աշխատանքային կարգով այդ հարցը լուծելու համար:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությանը: Հայաստանն ընդհանրապես ՆԱՏՕ-ի բուն գագաթաժողովին չի մասնակցում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, այդ օրերին նաև անցկացվում են նախկինում «ISAF»-ի՝ Աֆղանստանում խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթաժողով, հիմա դա կոչվում է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթաժողով: Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձևաչափով՝ որպես Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկիր: Պետք է ասեմ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հիմնադիր բազմաթիվ անդամ-երկրներից ավելի մեծ ներկայություն ունի Աֆղանստանում այս առումով: Այդ պատճառով էլ մենք հրավիրվում ենք մասնակցելու այս գագաթաժողովին: Վարչապետի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ կամ Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ այդ միջոցառմանը հավելյալ կտեղեկացվի:

Հանրային ռադիո. Մեր հարևան երկրում նախագահական ընտրություններն ավարտվեցին: Ինձ հետաքրքիր է, թե հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում կարող՞ ենք որոշ տեղաշարժեր ակնկալել: Հայաստանը կշնորհավորի՞ Էրդողանին:

Տիգրան Բալայան. Չեմ կարծում, որ ներկա քաղաքական իրավիճակում և Թուրքիայում նախընտրական հռետորաբանությունից հետո կարելի է որևիցե զարգացում ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: Ինչ վերաբերում է, թե Հայաստանը կշնորհավորի Էրդողանին, թե՝ ոչ, կարծեմ առիթներ ունեցել ենք ասելու, որ մինչև 2014թ.-ը ֆորմալ շնորհավորականներ էին փոխանակվում Ազգային տոների կապակցությամբ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև: Թուրքիայում Ռեջեբ Թայիփ Էրդողանի նախագահ դառնալուց հետո 2014թ. օգոստոսին այդ ֆորմալ շնորհավորականների պրակտիկան ևս դադարեց: Կարծում եմ պատասխանեցի Ձեր հարցին:

Թերթ.ամ. Պարո՛ն Բալայան, հարցս նորից Նախիջևանին է վերաբերում։ Ադրբեջանի գործողություններն այս անգամ ուղղված են Հայաստանի անվտանգությանը։ Այդ հարցը պետք է քննարկվի Հայաստանի գործընկեր կառույցների հետ, մասնավորապես, ՀԱՊԿ-ի։ Արդյո՞ք քննարկումներ կան, և ի՞նչ արձագանք կա ՀԱՊԿ կառույցի կողմից։ Նաև կարծիք կա, չգիտեմ որքանո՞վ եք Դուք հասցեատեր, որ պետք է այդ տարածքում գոնե տեղակայվեն ՀԱՊԿ միավորված զորամիավորումներ, որպեսզի սադրանքն ուղղված լինի նաև այդ կառույցին։ Այդ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերում։

Տիգրան Բալայան։ Նախ անհամաձայնություն հայտնեմ, որ Արցախում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի անվտանգության հետ կապ չունեն, այդ տեսակետին համաձայն չեմ։ Արցախում տեղի ունեցողն էլ կապ ունի, ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգության հետ: Ասեմ ավելին, Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում տեղի ունեցողն ուղիղ կապ ունի Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ, Հայաստանի անվտանգության հետ, և մեր դեսպանները, դիվանագետները քաջ գիտակցում են, որ իրենց աշխատասենյակների և շփման գծի միջև սահմանը շատ քիչ է։ Այսինքն՝ այդ ամեն ինչի կրողը մենք ենք՝ դիվանագետներս, որ պետք է ներկայացնենք և ներկայացնում ենք արտաքին աշխարհին և մեր գործընկեր երկրներին։ Այդ ամենի մասին մեր գործընկերները տեղյակ են պահվել՝ բավական օպերատիվ կերպով և անկախ աշխատանքային օր լինել-չլինելու հանգամանքից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից զորամիավորումներ տեղակայելու հարցին, որպեսզի ՀԱՊԿ-ը զգա, որ նաև իրենց են ուղղված այդ գործողությունները. չեմ կարծում, որ Հայաստանի զինված ուժերն աջակցության կարիք ունեն՝ նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողություն հաստատելու: Այսինքն՝ հաստատված է այդ վերահսկողությունը՝ այն պահպանելու հարցում: Մենք կարիք ունենք այլ երկրի զորամիավորում տեղակայել այդ հատվածում, որպեսզի նրանք զգան, որ դա նաև վտանգ է իրենց համար։ Մեր սահմանների պաշտպանության հանձնառությունը դրված է Հայաստանի զինված ուժերի վրա, և, ինչպես ցույց տվեցին վերջին երկու օրերի զարգացումները, մենք վստահությամբ և բավական արդյունավետորեն դա իրականացնում ենք։

ՇանթՆյուզ. Պարո՛ն Բալայան, շարունակեմ անվտանգության թեման: Ադրբեջանը պարբերաբար խոշոր զորավարժություններ է անցկացնում, այդ մասին չի տեղեկացնում կողմերին, ինչը պարտավոր էր անել: Ի՞նչ է Հայաստանի արտգործնախարարությունն անում: Գիտենք, որ Դուք դիմում եք գործընկերներին, բայց ի՞նչ արդյունք են ունենում այդ դիմումները:

Տիգրան Բալայան. Խնդիրը հետևյալում է: Կան ձևաչափեր, որտեղ մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, օրինակ՝ ԵԱՀԿ-ն ունի մի քանի ձևաչափ: Այդ նույն փաստաթղթերով, որոնցով նախատեսված է, որ Ադրբեջանը կամ որևիցե երկիր, որն իրականացնում է զորավարժություն և պետք է առնվազն որոշ ժամանակահատված առաջ տեղեկացնի ԵԱՀԿ մյուս անդամ-երկրներին այդ զորավարժություններն անցկացնելու վերաբերյալ, դրանով նախատեսված չէ որևէ պատժիչ մեխանիզմ: Դուք կարող եք բարձրաձայնել այդ մասին, ասել, որ այսպիսի խնդիր կա, ինչը մենք անում ենք տարիներ ի վեր: Որովհետև Ադրբեջանն արդեն բնավորության գիծ է դարձրել անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ՝ առանց նույնիսկ տեղեկացնելու այդ մասին համապատասխան համակարգով՝ ԵԱՀԿ փակ համակարգով: Սա, կարծում եմ, մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլև այն բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են և ստանձնել են համապատասխան պարտավորություն այդ նույն համաձայնագրով, այդ նույն համաձայնություններով:

Կարծում եմ, որ այն բնորոշումը, որով խոսում են, որն օգտագործում են Ադրբեջանի նկատմամբ, ոչ միայն մենք ենք օգտագործում, այլև գրեթե բոլոր այն կառույցները, որոնք առնչվում են Ադրբեջանին՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, խոսքի ազատության և այլ հարցերում: Դա անպատասխանատու կեցվածքն է:

Այսինքն՝ դա Ադրբեջանի միջազգային հարաբերություններում անպատասխանատու խաղացող լինելու հերթական վկայությունն է: Ամեն դեպքում, սա չի նշանակում, որ մենք դադարելու ենք այդ մասին բարձրաձայնել: Այդ ամեն ինչն արվելու է և շարունակվելու է ավելի մեծ թափով:

Արմենիա․ Պարո՛ն Բալայան, նախօրեին ռուսաստանցի հայտնի փորձագետներ են այցելել Լելե Թեփեի բարձունք ու շատ ադրբեջանամետ հայտարարություններ են արել: Մեր վերաբերմունքը ո՞րն է, ինչ-որ դիրքորոշում ունե՞նք այդ մարդկանց նկատմամբ:

Տիգրան Բալայան․ Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին, այսպես կոչված, ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են Ադրբեջան և պետք է գնային շփման գիծ, պետք է այլ հայտարարություն անեի՞ն։ Պարզ է, որ այդ ամեն ինչը թատերական բեմականացված ներկայացում էր, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին, ես միգուցե չեմ կարող ասել, վստահությամբ պնդել, բայց այդ նույն հայտարարությունները և ձևակերպումները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցները երեկ այդպես ոգևորությամբ տարածում էին, գրվել են երևի մի այլ տեղ և ընդամենը տրվել են այդ, այսպես կոչված, փորձագետներին հնչեցնելու։ Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված, թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հայտնի է։ Պարբերաբար վերահաստատվում է և՛ բարձր մակարդակով, և՛ բարձրագույն մակարդակով, և՛ մեր այլ գործընկերների, այդ թվում՝ խորհրդարանական մեր գործընկերների մակարդակով։ Ամեն դեպքում, այն արդյունքը, որն ավելի շատ հետևանք դարձավ ադրբեջանցիների համար, որ փորձում էին շոու սարքել կարծում եմ շատ լավ տապալվեց դա։ Պարզ է, որ իրենք այլ բնույթի հայտարարություններ չէին կարող անել։

Շնորհակալություն։

 

Տպել էջը