ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ

05 հունիսի, 2018

Բարի օր, հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա ճեպազրույցին նախատեսում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերի, կտեղեկացնեմ ձեզ առաջիկա օրակարգի մասին, հիմնականում արտգործնախարարի, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին, ապա, ավանդույթի համաձայն, կպատասխանեմ ձեր հարցերին։

Նախ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրվեց ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, ուր նշված են Կառավարության արտաքին քաղաքականության հիմնական նպատակները, արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական խնդիրները, մեր գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ փոխգործակցության տեսլականը, որի հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերը, որոնցով և առաջնորդվելու է կառավարությունը։

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը։ Այն դրույթները, որոնք մտել են ուժի մեջ, կազմում են համաձայնագրի 80%-ը։ Դուրս են մնացել միայն այն դրույթները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների (Մաս V-ը «Տնտեսական համագործակցություն» ամբողջությամբ) և Եվրատոմի բացարձակ իրավասության տակ։

Կիրակի օրը եթեր հեռարձակվեց արտգործնախարարի ծավալուն հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, ուր Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից ներկայացնում ու պարզաբանումներ է տալիս տարբեր հարցերի շուրջ։ Հարցազրույցի ամբողջական սղագրությունը տեղադրված է ԱԳՆ կայքում և սոցիալական մեդիայի մեր հաշիվներում։

Ֆրանսիայի արտգործնախարարի այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայաստանում Ֆրանսիական զարգացման գործակալության և տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության հիմնադրման և գործունեության մասին համաձայնագիրը, որի նպատակն է ընդլայնել Ֆրանսիայի հետ ֆինանսատնտեսական համագործակցությունը, սահմանել առավել բարենպաստ պայմաններ Ֆրանսիական զարգացման գործակալության և տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանն և ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված գործունեության համար՝ այդ թվում նաև նախատեսելով Հայաստանում դրանց ներկայացուցչություններ հիմնադրելու հնարավորություն և տրամադրելով արտոնություններ և հարկազատումներ:

Այցերի մասին.

Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը նախարար Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից և ասուլիսից զատ, Զոհրաբ Մնացականյանը մի շարք այլ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, նաև նախատեսվում է նախարարի հարցազրույց ռուսական հեղինակավոր լրատվամիջոցին:

Հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

Հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հունիսի 18-19-ին Հայաստանի կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն իր ղեկավարի գլխավորությամբ։ Ծրագրված են հանդիպումներ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այս ամսվա վերջին ևս այցելությունների ինտենսիվ ժամանակացույց է նախատեսվում, ինչպես նաև բազմակողմ միջոցառումներ Երևանում, որոնց մասին, ժամկետները մոտենալուն զուգահեռ, կտեղեկացնենք։

Մի քանի հարցի եմ ուզում նաև անդրադարանալ: Մեզ էին դիմել մի շարք լրատվամիջոցներ՝ մեկնաբանելու Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ զարգացումները։ Այդ առնչությամբ ասեմ հետևյալը.

Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանն ու կրկնության բացառմանը` անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարհաքաղաքական զարգացումներից։

Հայաստանի համար այս գործընթացը գերակա նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերում։

Աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ընդունված տասնյակ բանաձևերն ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է:

Եվ վերջում ևս մեկ լուր մեր քաղաքացիների համար, ովքեր պատրաստվում են ճանապարհորդել Ղազախստան և ունեն վավերականության ժամկետը լրացած և երկարաձգված անձնագրեր։

Նման բան պետք չէ անել։ Ղազախստանը նոր կանոններ է սահմանել, որոնցով արգելվելու է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված և երկարաձգված որևիցե մարմնի կողմից տրամադրված անձնագրեր: Խնդրում ենք ձեռնպահ մնալ մեր այդ քաղաքացիներին Ղազախստան այցելելուց: Մեկնելուց առաջ հարկավոր է անձնագրերը փոխել և նոր անձնագրեր ստանալ:

Այսքանը, խնդրեմ ձեր հարցերը:

Հանրային Հեռուստաընկերություն. Պարո՛ն Բալայան, Դուք նշեցիք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են, հավանաբար, տարածաշրջան: Ուզում եմ իմանալ` առաջիկայում սպասվո՞ւմ են ղարաբաղյան հարցում բանակցություններ թե՛ արտգործնախարարների, թե՛ ավելի բարձր մակարդակով: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Համանախագահները չեն գալու Երևան, ֆեյսբուքում check-in լինեն և գնան: Տրամաբանորեն հանդիպումներ են կայանալու, և այդ հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշգրտվում է: Հանդիպումների արդյունքով կլինեն հաղորդագրություններ, հրապարակումներ և արդեն հանդիպումների բովանդակության մասին կտեղեկացնենք: Այլ ձևաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում:

Արմենիա ՀԸ. Պարո՛ն Բալայան, մամուլում դժգոհություններ կան Սլովակիայում մեր դեսպանի աշխատանքից և այն հայտնի Դանա ինքնագնացներից...

Տիգրան Բալայան. Մեկ դժգոհություն է կարծեմ, բայց լավ...

Արմենիա ՀԸ (շարունակություն). Դե տարածվել է տարբեր լրատվամիջոցներով, և այդ գործարքները շարունակվում են և Ադրբեջանը շարունակում է զենք ստանալ: Այս առումով ինչ-որ բան կատարվո՞ւմ է, որովհետև նախկինում Չեխիայի Ազգային ժողովի նախագահն էր հավաստիացնում, որ քննություն է ընթանում, և հիմա ի՞նչ է կատարվում այս հարցի շուրջ:

Տիգրան Բալայան. Սլովակիայից դեպի Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցած տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել, և հենց այս պահին դա շարունակվում է: Մեր դեսպանը հենց այս րոպեներին շատ կարևոր հանդիպում է ունենում:

Փառք Աստծո, որ կասկածելի հեղինակությամբ մարդիկ այդ աշխատանքի մանրամասներին տեղյակ չեն, Ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Դա, կարծում եմ, արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Մեր դեսպանությանը թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում հավաստիացրել են, որ քննություն է ընթանում այդ մատակարարումների հետ կապված: Խնդիրը հետևյալում է, որ վերջնական օգտագործողի վկայականը այդ զինատեսակների մատակարարման տրված է մեկ երկրի համար, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչը նաև Եվրամիության համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է:

Եվ այդ քննությունները, ինչպես նշեցի, այս պահին ընթանում են, և հուսով եմ, որ դրանք շուտով կավարտվեն և մեղավորներն արժանի պատիժ կստանան: Ամեն դեպքում, անցյալ տարվանից բավականին տարբեր ուղղություններով տարբեր հարթակներով համապատասխան աշխատանք տարվում է:

Հանրային Ռադիո. Ինձ հետաքրքիր է, Դուք նշեցիք, որ վաղը արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա: Ի՞նչ օրակարգով է ներկայանալու, ի՞նչ հարցեր են քննարկելու։ Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու ընթացակարգը ևս մի փոքր կպարզաբանե՞ք: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Տիգրան Բալայան. Ընթացակարգի մասով ես այս պահին ձեռնպահ կմնամ որևիցե մեկնաբանությունից: Ես նորից խնդրում եմ՝ ընթերցեք կառավարության ծրագիրը: Այնտեղ բավական հստակ կառավարության նպատակները ամրագրված են նաև Արցախի որոշիչ ձայն ունենալու մասով: Ինչ վերաբերում է արտգործնախարարի մոսկովյան օրակագին և բանակցությունների բովանդակությանը, ապա իհարկե կարևորագույն հանդիպումը պարոն Մնացականյանի և իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հանդիպումն է: Հանդիպման ընթացքում տեղի են ունենալու նաև քննարկումներ Փաշինյան - Պուտին մայիսի 14-ին տեղի ունեցած հանդիպման համատեքստում, երկկողմ և բազմակողմ հարթակներում մեր ջանքերի համադրման հարցեր և, բնականաբար, Ղարաբաղյան հիմնախնդիրը:

Նախարարները հանդես կգան նաև համատեղ մամլո ասուլիսով, որտեղ կամփոփեն իրենց բանակցությունները և դրանց արդյունքները: Նախարարի օրակարգում, ինչպես նշեցի, Ռուսաստանի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում կա, ուսանողների հետ հանդիպում կա, նաև մի շարք այլ հանդիպումներ, որոնց մասին կլինեն համապատասխան հրապարակումներ և հաղորդագրություններ:

Ազատություն ՌԿ. Պարո՛ն Բալայան, վերջերս և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների դեսպանները հայտարարեցին, Եվրամիության դեսպանը ասեց, որ սեպտեմբերին հատուկ խումբ է գալիս Հայաստանի նոր իշխանությունների հակակոռուպցիոն պայքարին աջակցելու համար ուսումնասիրություն անելու, Միացյալ Նահանգների դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ ամերիկյան պատվիրակությունը քննարկեցին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ծրագրերի քննարկման հնարավորությունը։

Ես ուզում եմ հասկանալ, Հայաստանում իշխանափոխությունից հետո Արևմտյան երկրների հետ նոր կարգի հարաբերություններ կամ Արևմտյան երկրներից նոր որակի հարաբերություններ սկսելու առաջարկներ եղե՞լ են, թե՞ չեն եղել․ ինչպե՞ս է գործն ընթանում այս առումով, այսինքն՝ սպասվո՞ւմ են նոր որակի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Եվ երկրորդ հարցս․ առաջիկայում արդյոք նախատեսվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կամ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Շնորհակալություն։

Տիգրան Բալայան. Առաջին, ավելի ճիշտ վերջին հարցը, որին արդեն արձագանքեցի Հանրային հեռուստաընկերության հարցին պատասխանելիս, ո՛չ, այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ կամ ավելի բարձր մակարդակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի հանդիպման վերաբերյալ, չկա։

Հունիսի 13-ին համանախագահները գալու են Երևան։ Դա կլինի փաստացի առաջին դեմ առ դեմ շփումըա համանախագահների և Հայաստանի նոր իշխանությունների, որից հետո արդեն կծրագրվեն հետագա քայլերը։ Մի բանում հավաստիացնում եմ․ վստահ եղեք, որ եթե որևիցե շփում ծրագրվի դա գաղտնի չի պահվելու, անպայման կհրապարակվի։

Եվ երկրորդ հարցի առումով, իհարկե, եթե մեր իշխանությունները խոսում են արտաքին քաղաքականության շարունակականության մասին, հենց դա ի նկատի ունեն, որ այն քաղաքականության հիմքերը, որ դրվել են՝ առավել զարգացնելու արևմտյան երկրների հարաբերությունների, այո ամեն ինչ արվելու է, որպեսզի և արևմտյան երկրների հետ մեր հարաբերությունները հնարավորինս զարգանան, ամեն ինչ արվելու է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային մեր հարաբերություններն ավելի խորանան, ավելի ամրապնդվեն, ամեն ինչ արվելու է, որ տարբեր մայրցամաքներում մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները զարգացնենք և, եթե հնարավորություն եք ունեցել ծանոթանալ Կառավարության ծրագրին, մասնավորապես, արտաքին քաղաքականության հատվածին, եթե չեք ունեցել, խնդրում եմ ծանոթացեք։ Այնտեղ հստակ՝ որպես նպատակներ, այդ ամենն ամրագրված է։

Ավելի մանրամասն պատասխանելով Ձեր հարցին, միգուցե կբավարարեմ Ձեր հետաքրքրասիրությունը, ծրագրվում են նաև բարձրաստիճան այցելություններ։ Այս պահին բանակցություններ են ընթանում ժամկետների վերաբերյալ, որոնց մասին պատշաճ ժամկետներում մենք կտեղեկացնենք։

Արմենպրես․ Պարո՛ն Բալայան, հարցս վերաբերում է Հունաստանում Հայաստանի դեսպանին։ Համայնքի որոշ շրջանակների կողմից դժգոհություններ հնչեցին, նույնիսկ տեղեկություններ եղան, որ դեսպանին Երևան կկանչեն։ Համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվոությունը իրականությանը, թե՞ ոչ:

Տիգրան Բալայան. Մի փոքր ավելի գլոբալ պատասխանեմ այս հարցին։ Մենք ունենք Հունաստանի հետ շատ ջերմ, բարեկամական, հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններ։ Հայաստանի Հանրապետության դեսպանը շատ կարևոր օղակ է հանդիսանում այս հարաբերություններում, շատ կարևոր կամուրջ և օղակ է հանդիսանում նաև շատ աշխույժ հունահայ համայնքը։

Մեր համար, և կարող եմ նաև նախարարի անունից դա նշել, նախարարի համար շատ տհաճ է, որ աշխատանքային հարցերն իջեցվել են կենցաղային մակարդակի, և մենք գտնում ենք, որ այդ հարցերը հարկավոր է լուծել երկխոսության միջոցով՝ առանց փոխադարձ վիրավորանքների կամ նեղանալու։ Մեր մտադրությունն է պահպանել, առավել ընդլայնել, քանի որ Հունաստանը համարվում է արևմտյան երկիր, պարոն Հարությունյանի հարցին էլ արձագանքելով, առավել ընդլայնելով Հունաստանի հետ մեր ավանդական, ջերմ, բարեկամական հարաբերությունները, և, կարծում ենք, թե՛ դեսպանը, թե՛ մեր համայնքը կարևոր դերակատարություն ունեն այս գործընթացում։

Սպուտնիկ Արմենիա․ Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կոժինի վերջին ասուլիսներից մեկում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հարց հնչեց բանակցությունների մեջ Ղարաբաղի ներգրավվածության մասին և նրանք այդ պատասխանը շտապեցին յուրովի մեկնաբանել, իրենց ձեռնտու լույսի ներքո: Ինչպիսի՞ն է Ռուսաստնի դիրքորոշումը և ի՞նչ է հայտնում Ռուսաստանի արտգործախարարությունն Հայաստանի գործընկերներին այս հարցով: Եվ եթե կարելի է, մի փոքր ճշտում․ այսինքն՝ եթե Դուք ասում եք, որ Եվրամիության հետ համաձայնագիրը՝ CEPA-ն, ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից, այսինքն՝ 80 տոկոսով արդեն իսկ ուժի մտե՞լ է, թե աստիճանաբար, հունիսի 1-ից սկսած փուլ առ փուլ:

Տիգրան Բալայան․ Հունիսի 1-ից սկսել է ժամանակավոր կիրարկումն իր էլեմենտներով։ Միգուցե, նույնիսկ մտածում ենք ավելի նեղ մասնագիտական մի ճեպազրույց կազմակերպել Եվրամիության պատասխանատուների հետ, որոնք մանրամասն ձեզ կներկայացնեն բոլոր դրույթները, թե ինչպես են գործելու, որովհետև ես Եվրամիության հետ հարաբերությունների նեղ մասնագետ չեմ, ես ընդհանուր գծերով կարող եմ Ձեր հարցին արձագանքել։ Խնդիրը վերաբերում է նրան, որ 80 տոկոսով արդեն կարող է կիրարկվել Համաձայնագիրը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ռուսաստանի արտգործնախարարության հարթակում հերթական սադրանքի փորձին, դա նորություն չէ, նման փորձեր կատարվել են տարիներ ի վեր, երբ ճեպազրույցներն իրականացնում էր Մարիա Զախարովան, իրենից առաջ՝ Լուկաշևիչը, նրանից առաջ՝ Նեստերենկոն և այդպես շարունակ։ Եղել է, կարծում եմ, հերթական սադրանքի փորձը, որը մեր ռուս գործընկերները կանխել են։

Թերթ.ամ. Պարո՛ն Բալայան, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյաի պաշտոնական այցն էր Վրաստան, դրա հետ կապված փորձագիտական դաշտում բավականին քննարկումներ ծավալվեցին, մասնավորապես, մի միտք իմ ուշադրությունը գրավեց այն մասին, որ, չնայած Հայաստան-Վրաստան հարաբերությունները որակվում են որպես բարեկամական, այնուամենայնիվ երկու երկրների միջև չկան ստրատեգիական հարաբերություններ և առաջարկ է հնչում, որ ստորագրվի երկու երկրների միջև մի փաստաթուղթ, որը կբացառի միմյանց դեմ գործողությունների կիրառումը՝ հաշվի առնելով երկու երկրների կապերն այլ երկրների հետ։ Արդյո՞ք նման բանակցություններ լինում են երկու երկրների միջև, հնարավո՞ր է նման փաստաթղթի ստորագրում։

Տիգրան Բալայան. Պարոն Փաշինյանի այցելությունը շատ լայնորեն լուսաբանվել է ինչպես հայկական, այնպես էլ վրացական մամուլում: Թե՛ վրացական կողմի հայտարարությունները, թե՛ հայկական կողմի հայտարարությունները, թե՛ վրացական հանրային կարծիքի արձագանքները, թե՛ հայկական հանրային կարծիքի արձագանքները այստեղ կրկնելու կարիք կարծում եմ չկա:

Հստակ էր, որ և՛ մեզ մոտ, և՛ Վրաստանի մոտ, վրացի մեր գործընկերների մոտ կա պարզ տրամադրվածություն, շատ շիտակ տրամադրվածություն՝ անել առավելագույնը, որպեսզի այն ջերմ հարաբերությունները, որ կան երկու երկրների, երկու ժողովուրդների միջև, մենք կապիտալիզացնենք միջպետական հարաբերություններում, նոր մակարդակի բարձրացնենք այդ հարաբերությունները: Թե ինչ փաստաղթղային ձևակերպում կստանա, ինչ ձևակերպումներ կօգտագործեն, եթե հետագայում նոր մի համաձայնագիր կամ պայմանագիր ստորագրենք, դա արդեն հնարավորի հարց է: Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է: Այս պահի դրությամբ նոր խոշոր համաձայնագրի կնքման վերաբերյալ աշխատանքներ չեն ընթանում, բայց նաև չի կարելի բացառել, որ նման աշխատանքներ կընթանան: Եթե ուրիշ հարցեր չկան, խոսքը տանք Սարգիսին և ավարտենք:

Ազատություն ՌԿ. Շնորհակալություն: Պարո՛ն Բալայան, Դուք նշեցիք, խոսեցիք արտգործնախարարի մոսկովյան այցի հետ կապված: Վերջին շրջանում այսպես հայտնի պատճառներից ելնելով, մի տեսակ պասիվություն է ղարաբաղյան բանակցություններում: Մինչ այդ շատ էր խոսվում նոր առաջարկների կամ ձևափոխված առաջարկների մասին: Սպասվո՞ւմ է արդյոք, որ ղարաբաղյան բանակցություններում նոր առաջարկներ կարող են, օրինակ, ինչու ոչ, ռուսական կողմից՝ հաշվի առնելով, որ ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում ավարտվեցին, Հայաստանում իշխանափոխության այս պրոցեսը կարծես մոտենում է ավարտին:

Եվ երկրորդ հարցը ռուս-վրացական պայմանավորվածությունների հետ կապված, ճանապարհների վերաբացման: Ի՞նչ նորություն կարող եք ասել, ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում հնարավո՞ր է՝ Հարավային Օսիայով կամ, ինչու ոչ, Աբխազիայով, այդ թվում՝ հայկական բեռները շարժվեն դեպի Ռուսաստան և հակառակը: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Ղարաբաղյան հիմնախնդրի մասով նոր առաջարկների վերաբերյալ. ամսի 13-ին, ինչպես նշեցի, համանախագահները լինելու են Երևանում: Նոր առաջարկություններ բերելու մասին տեղեկություններ չունեմ: Չկա այդպիսի բան՝ նոր առաջարկություններ:

Գիտեք, որ կան համանախագահների առաջարկություններ, որոնց հիմնական դրույթները արտացոլված են 5 հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ, որոնք հավասարազոր են, ունեն հավասարազոր ուժ, և այդ վեց տարրերը, առաջարկությունների փաթեթի մասին:

Նոր առաջարկությունների, նոր մոտեցումների մասին համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք, ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանը և Վրաստանը կապող Լարսի այլընտրանքային ճանապարհին, ինչ որ եղել է, եթե չեմ սխալվում վերջին հանդիպումը Պրահայում է տեղի ունեցել: Եղել են և՛ վրացական կողմից գնահատականներ, և՛ ռուսական կողմից գնահատականներ դրանց բովանդակության և արդյունքի վերաբերյալ, որոնք հրապարակային են եղել:

Անշուշտ նախարարի մոսկովյան այցի ընթացքում այդ հարցը ևս բարձրացվելու է, և մենք չենք թաքցում և չենք թաքցնելու, որ առաջին կողմը, որ շահագրգռված է լինելու Ռուսաստանի հետ այընտրանքային կապի հարցում, Հայաստանն է, և անելու ենք մեզնից կախված ամեն հնարավորը, որպեսզի օր առաջ այդ ճանապարհի բացումը տեղի ունենա: Հասկանալի պատճառներով տարբեր կողմեր կան, որոնք ոչ միայն նպաստում են դրան, այլևփորձում են խանգարել ճանապարհի բացմանը, և մենք կողմնակից ենք, որպեսզի մինչև վերջնական համաձայնությունների ձեռքբերումը, մինչև հստակ պայմանավորվածությունները և դրանց կիրառումը, հնարավորինս սա խորհրդապահական մնա: Շնորհակալություն:

Տպել էջը