ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ

22 մայիսի, 2018

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։

Նախարար Մնացականյանի հանձնարարությամբ՝ այսուհետև պարբերաբար ճեպազրույցներ ենք անցկացնելու՝ տեղեկացնելու ձեզ մեր առաջիկա օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանելու մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի, որոնք ձեզ մոտ ծագում են։

Դա ամենևին չի նշանակում, իհարկե, որ հեռախոսով կամ մեյլերով աշխատանքը դադարեցնելու ենք։ Այդ ամեն ինչին զուգահեռ, պարզապես, նոր գործիք ենք ներդնում լրատվամիջոցների հետ աշխատանքում։

Այսօր հրավիրել ենք ձեզ՝ ներկայացնելու մեր առաջիկա, հիմնականում, բարձրաստիճան այցելությունները թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Տեղյակ եք, որ անցյալ շաբաթ տեղի ունեցավ նախարար Մնացականյանի անդրանիկ այցելությունն Արցախ։ Այցի մի մասը համատեղ էր պաշտպանության նախարարի հետ. հանդիպում եղավ Պաշտպանության բանակի շտաբում, որտեղ նախարարներին ներկայացվեց օպերատիվ իրավիճակը շփման գծում։

Նախարարները նաև Արցախ մեկնելիս եղան Նախիջանի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում, որտեղ ծանոթացան այնտեղ տիրող իրավիճակին։ Պաշտպանության նախարարության պարզաբանումներից արդեն տեղյակ եք, թե ինչ իրավիճակ է։

Նաև հանդիպում եղավ Արցախի նախագահի հետ, Ազգային ժողովի ղեկավարի հետ, արտաքին գործերի նախարարի հետ, նաև նախարարության ղեկավար անձնակազմի հետ։ Նախարարները հնարավորություն ունեցան երկուսով, առավել ընդլայնված ֆորմատով հանդիպելու Արցախի նախագահին և ղեկավարությանը։

Գալիք շաբաթ մենք Հայաստանում ունենք բարձրաստիճան այցելություններ։ Միացյալ Նահանգներից սպասում ենք պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը։ Մայիսի 27-ից 28-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Այնուհետև մենք սփյուռքից մայիսի 28-ի միջոցառումների կապակցությամբ սպասում ենք, բազմաթիվ, կարելի է ասել հարյուրավոր-հազարավոր հյուրերի։

Մայիսի 25-ից 26-ը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության նախագահի այցելությունը Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին։ Այնուհետև, մայիսի 30-ից 31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան։

Այս պահին ծրագրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մի շարք այցելություններ, հանդիպումներ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում, որոնց մասին հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում դրանց մասին անմիջապես ձեզ կտեղեկացվի։

Ինձ մոտ այսքանն էր, խնդրեմ, եթե հարցեր ունեք․

Պարա Թիվի. Պարո՛ն Բալայան, ինչպե՞ս է նոր արտաքին գործերի նախարարի դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է Արցախը գա բանակցային սեղանի շուրջ:

Տիգրան Բալայան. Ինչպես տեղյակ եք, արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանուր կոնսենսուս կա և՛ հանրության մեջ, և՛ վարչապետը հայտարարել է, որ արտաքին քաղաքական կուրսը շարունակվելու է: Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա: Դա տարիներ շարունակ ասել ենք և շարունակում ենք դա ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել: Եվ այդ մասին թե՛ Հանրապետության վարչապետի կողմից, թե՛ այլ ձևաչափերով խոսվել է, ինչը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում:

Այսօր.ամ. Երեկ վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն: Խնդրում եմ ասեք՝ ինչ ընթացքում են այդ աշխատանքները, հնարավո՞ր է շեղում լինի օրակարգից, ժամանակացույցից: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ կկարողանա՞նք այն կազմակերպել և անցկացնել այնպես, ինչպես նախատեսված էր: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Այո՛, երեկ վարչապետը հրավիրել էր խորհրդակցություն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված, որտեղ, տեսաք՝ տեսանյութեր և լուսանկարներ կան և հաղորդագրության մեջ էլ նշված է, որ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ են ներգրավված նախապատրաստական աշխատանքներում: Մի քիչ գրաֆիկից, իհարկե, հետ ենք ընկել. պետք է ընդունել: Սակայն այն քննարկումները, որ երեկ եղան, և տրված հստակ հանձնարարականները թույլ են տալիս ասել, որ օրակարգից որևիցե շեղում չի լինելու. ինչպես գագաթաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների, այնպես էլ փաստաթղթային, բովանդակային առումով: Հնչել է, և ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Երևանում նախատեսվում է ընդունել Ֆրանկոֆոնիայի հիմնարար փաստաթղթերից մեկը՝ «Ապրել միասին» երևանյան պակտը, և սրա շուրջ արդեն քննարկումները ծավալվում են:

Կազմակերպչական հարցերի առումով ևս պատկերացում կա, և որպես անձ, ով մասնակցել է Ֆրանկոֆոնիայի վերջին չորս-հինգ գագաթաժողովներին, կարող եմ ասել, որ այն նախապատրաստական աշխատանքները, որ մեզ մոտ տարվում են, մեր կողմից ծրագրված են, հստակ պատկերացում են տալիս, որ մեզ մոտ ամեն ինչ բավականին լավ է անցնելու: Ամեն դեպքում այդ ներուժը և կազմակերպվածությունը մեզ մոտ առկա է: Բացի Երևանյան պակտից, ևս մի քանի փաստաթուղթ է նախատեսվում ընդունել:

Սպասում ենք 100-ից ավել պատվիրակությունների՝ 83 անդամ, ասոցացված անդամ և դիտորդ երկրներից, ինչպես նաև գործընկեր կառույցներից, միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով պատվիրակություններ: Ամեն դեպքում, աշխատանքներն ամբողջությամբ հունի մեջ են ընկած: Այսօր նաև կազմակերպչական մի պատվիրակություն է ժամանում՝ այն կազմակերպությունը, որ մեր հիմնական գործընկերն է լինելու այդ գագաթաժողովն անցկացնելու հարցում, պատվիրակություն, որը հանդիպումներ է ունենալու պատասխանատու գերատեսչությունների հետ: Նաև մոտ օրերս սպասում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը:

Հանրային ռադիո․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո արդեն հայտարարեց արցախյան խնդրում նոր մոտեցումների մասին: Գործընկերս քիչ առաջ նշեց Արցախը բանակցային կողմ դարձնելու կարևորության մասին, ինչի մասին շեշտել էր Նիկոլ Փաշինյանը, կան նաև այլ ազդակներ։ Ինձ հետաքրքրիր է, թե փոխո՞ւմ է արդյոք Հայաստանը իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում։ Հետաքրքիր է նաև՝ Մադրիդյան սկզբունքների՞ց են սկսվելու հանդիպումները: Միջնորդները նաև հայտարարեցին, որ հունիսին նախատեսում են հանդիպում Հայաստանի իշխանությունների հետ։ Լրատվամիջոցները գրում են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին։ Կխնդրեի նաև այդ հարցը հստակեցնել։

Տիգրան Բալայան․ Կարծում եմ, հստակ պատասխանեցի Ձեր գործընկերոջ հարցին, որ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ փոփոխություն չի կրել։ Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պայմաններում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է, որը և վարչապետի կողմից է վերահաստատվել, ինչպես վարչապետ ընտրվելուց առաջ իր ելույթում, այնպես էլ հետագայում ունեցած ասուլիսում՝ Ստեփանակերտում։ Դա վերահաստատել է նաև արտգործնախարար Մնացականյանը։ Սա մեր հստակ դիրքորոշումն է։

Գալով հանդիպումներին՝ նշեմ, որ համանախագները ևս իրենց հայտարարության մեջ նշել էին, որ հունիսին նախատեսում են այցելել Հայաստան, շփվել Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Ժամկետներն այս պահին համաձայնեցվում են, օրվա վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություն չկա։ Եթե լինի հստակ պայմանավորվածություն (որովհետև ժամանակացույցը մեզ մոտ էլ բավականին ծանրաբեռնված է), կարծում եմ, որ հունիսին նման հանդիպում կլինի։ Այս պահի դրությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Ազատություն․ Շնորհակալություն: Պարո՛ն Բալայան, Դուք, պատասխանելով իմ գործընկերների հարցերին, ասացիք, որ, հաշվի առնելով վարչապետի հայտարարությունը, ենթադրում եք, որ Արցախն ավելի շատ պետք է ներգրավված լինի բանակցություններին: Խնդրում եմ մի փոքր մասնավորեք. ճի՞շտ եմ ես հասկանում, որ հետայսու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը պետք է պաշտոնապես ներկա գտնվի բանակցություններին: Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք: Եվ ի՞նչ արձագանք կա միջնորդների կողմից, տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող երկրների կողմից, եթե կան իհարկե նման արձագանքներ Հայաստանի վարչապետի, իշխանությունների մոտեցման կապակցությամբ:

Տիգրան Բալայան. Արձագանքերը, որոնք եղել են, հրապարակային են, այսինքն՝ եթե արձագանքներ չեն եղել, Ձեզ հավելյալ մանրամասներ չեմ կարող հաղորդել: Արձագանք եղել է, եթե չեմ սխալվում, միայն Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի մասնակցության մանրամասներին, ապա գիտեք, որ Ղարաբաղն, այսպես թե այնպես, ներգրավված է բանակցություններում: Կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է. Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Եվ ես ցանկանում եմ Ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994թ. զինադադարի կնքումը, հաստատումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյուքնում, երբ ուղիղ շփում է եղել: Դուք գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը հանիպումներ են անցկացրել, գիտեք որ եղել է ուղիղ նամակագրություն, Կազիմիրովի գրքին և նրա հրապարակումներին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք. այդ փաստաթղթերը ներկայացված են:

Մեր խնդիրն այսօր հետևայլն է. Ադրբեջանի իշխանությունը, որ 2003թ.-ից բանակցում է Ադրբեջանի անունից հստակ գիտակցի, որ տևական և ամուր կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ նստել ուղիղ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք՝ որպես Հայաստան, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները՝ միևնույն ժամանակ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ հստակ, տևական և հավասարակշիռ խաղաղության հասնելու համար:

Առաջին ալիք
. Պարո՛ն Բալայան, Ադրբեջանի Ձեր պաշտոնակիցները, ԱԳՆ մամուլի խոսնակը իրադրության այս վերջին սրումը կապում են անմիջականորեն երկու նախարարների համատեղ այցի հետ, հենց առարկայական նշում են Նախիջևանի այդ հատվածը: Ձեր արձագանքը ո՞րն է:

Տիգրան Բալայան
. Ես սկզբում՝ ներածական խոսքումս, նշեցի, որ պաշտպանության նախարարության ներկայացրած պարզաբանումներից հայտնի դարձավ Ձեզ, թե նախարարներն ինչու էին այցելել հայ-ադրբեջանական սահմանի հենց այդ հատվածը և ոչ թե Տավուշ կամ մեկ այլ հատված: Այդ հատվածում, Պաշտպանության նախարարի իմ գործընկերը ներկայացրել է, որ տարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար: Եվ տեղում ծանոթանալը ենթադրում է նաև համապատասխան աշխատանք:

Պաշտպանության նախարարության արձագանքում նշված էր նաև, որ մենք բազմիցս թե ադրբեջանական կողմին, թե միջնորդներին զգուշացրել ենք, որ այդ տիպի աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի: Եվ ասել, որ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների անմիջական ցուցումով է եղել այդ հրաձգությունը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, եղել է ադրբեջանական կողմից զոհ, ես չեմ բացառում, որ այդ նույն զոհը եղել է իրենց ներանձնային հարաբերությունների պատճառով, որը հիմա փորձում են մատուցել՝ որպես հայկական կողմից կրակոցի զոհ:

Մենք հստակ ենք և հաստատակամ ենք, որ չենք թույլ տալու դիրքային փոփոխություն որևիցե հատվածում, սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են Հայաստանի ԱԳՆ և պաշտպանության նախարարները:

Հայոց աշխարհ օրաթերթ. Պարո՛ն Բալայան, գիտեք, որ մտահոգություններ կային ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հանրապետական կուսակցության մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, այնուամենյանիվ, հնարավոր ինչ-որ փոփոխությունների մասին: Կարո՞ղ ենք այսօր միանշանակորեն ասել, որ նման փոփոխություններ չեն սպասվում:

Եվ երկրորդ հարցը: Մի քիչ ուզում եմ հետ նայել՝ Ղարաբաղի հարցի հետ կապված: Տարիներ շարունակ ասվել է, թե իբր ժամանակին Հայաստանը պատրաստվում էր Մեղրին փոխանակել Արցախի դիմաց: Ի՞նչ կասեք այս մասին: Գիտենք, որ եղել է ինչ-որ փաստաթուղթ: Կարո՞ղ ենք պարզություն մտցնել վերջապես այդ հարցում: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան
. Սկսեմ վերջից: Որպես անձնավորություն, ում թեկնածուական ատենախոսությունը Ղարաբաղի բանակցային գործընթացն է, և ով այս տարիների ընթացքում ոչ միայն մոտիկից հետևել է, այլև զբաղվել է այդ հարցով, կարող եմ ասել, որ նման հարց օրակարգում ոչ եղել է, ոչ էլ կա՝ Մեղրին փոխանակելու Արցախի հետ: Ես հստակ ասում եմ, նման հարց օրակարգում չկա:

Երկրոդը, ինչ վերաբերվում է արտաքին քաղաքական փոփոխություններն: Ես նորից հղում կկատարեմ պարոն Փաշինյանի ելույթին՝ որպես վարչապետի թեկնածու, ես նորից հղում կկատարեն արդեն Հանրապետության վարչապետ Փաշինյանի հարցազրույցներին և արձագանքներին: Փոփոխություն արտաքին քաղաքական օրակարգում, ինչ վերաբերվում է Ձեր կողմից մատնանշված մտահոգություններին Ռուսաստանի առումով, միջազգային կազմակերպություններին մեր անդամակցության առումով, օրակարգում չկա: Շարունակվում է այն ուղենիշը, որը եղել է նախորդ ադմինիստրացիայի օրոք:

Շանթ ՀԸ. Պարո՛ն Բալայան, վերջին օրերին նորից ակտիվացան Իսրայելի Կնեսսետում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման խոսակցությունները, Հայաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարություն արեց Երուսաղեմի հետ կապված իրադարձություններով, հիմա մենք նաև ունենք դեսպան, որի նստավայրը Երևանում է: Ընդհանրապես, արտգործնախարարության նոր ռազմավարության մեջ հայ-իսրայելական հարաբերությունների խորացման որոշակի քաղաքականություն կա՞, թե՞ ոչ, այդ թվում՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ:

Տիգրան Բալայան. Չեմ կենտրոնանա հայ-իսրայելական հարաբերությունների վրա: Կառավարության ծրագիրը շուտով կներկայացվի հանրային քննարկմանը, առայժմ մենք էլ արտաքին քաղաքականության մասով մշակումների փուլում ենք: Այնտեղ հստակ նշված են լինելու մեր ուղղությունները: Ինչ վերաբերվում է Իսրայելին կամ Իրանին. Իրանը մեզ բարեկամ պետություն է, հարևան պետություն է, որի հետ մենք ունենք բավականին փոխշահավետ համագործակցություն: Մենք նպատակադրված ենք այդ համագործակցությունը ծավալել, ինչի մասին նաև ասվել է, երկուստեք հաստատվել է Հանրապետության վարչապետի և Իրանի նախագահի՝ մայիսի 13-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչ վերաբերվում է Իսրայելին. Իսրայելը ևս մենք դիտարկում ենք որպես բարեկամ պետություն: Նշեմ նաև, որ Դուք գիտեք, Իսրայելում Հայաստանն ունի շատ լուրջ մշակութային ներկայություն, պատմամշակութային ժառանգություն: Որպես նաև այդ պատմամշակութային ժառանգության կրող երկիր՝ մենք, իհարկե, չենք կարող անտարբեր դիտորդի աչքերով նայել, թե ինչ է տեղի ունենում Իսրայելում և դրա շուրջ: Հետևաբար, առանձին դեսպանի նշանակումն այդ նպատակն է հետապնդում: Գիտեք, որ մենք Իսրայելի հետ նախաձեռնեցինք մի շարք քայլեր, տեղի ունեցավ արտգործնախարարի պաշտոնական այցելություն Իսրայել անցած տարեվերջին, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այդ ուղենիշը շարունակական է լինելու:

Ֆակտոր.ամ. Պարո՛ն Բալայան, նախ կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք նոր նախարարը պատրաստվում է վերանայել տարբեր երկրներում ոչ դիվանագետ, համապատասխան փորձառություն չունեցող դեսպանների և դիվանագիտական անձնակազմի նշանակման քաղաքականությունը: Եվ երկրորդ հարցը, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին իր ասուլիսներից մեկում հայտարարեց, որ Հայաստանը հանդիսանում է Արցախյան հիմնախնդրում հակամարտության կողմ, ինչին արձագանքեց Պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ դա համարելով վտանգավոր հայտարարություն։ Ուզում եմ իմանալ՝ ինչպիսի՞ն է հիմա Հայաստանի կարգավիճակը, հանդիսանո՞ւմ է արդյոք Հայաստանը հակամարտության կողմ։

Տիգրան Բալայան. Կարծում եմ կողմ-ոչ կողմ հարցին արդեն նախորդ արձագանքներում ես անդրադարձա, կխուսափեմ ներքաղաքական մեկնաբանությունների մաս կազմելուց, Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ։

Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարարության կադրային քաղաքականությանը, դեսպանների, որոնք համարվում են ՀՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումները, ապա հղում կկատարեմ Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նշեց, որ այդ տենդենցը պետք է վերանայվի։ Դիվանագիտական ծառայությունը կարծրացած մարմին չէ, այսինքն՝ ռոտացիոն փոփոխությունները և՛ դեսպանների, և՛ դիվանագետների, մշտական բնույթ են կրում։ Եթե նայեք՝ մեր համակարգում փոխվում են վարչության պետերը, փոխնախարարները։ Փոխնախարարներն ավելի քիչ հաճախականությամբ, երկու, երեք, չորս տարին մեկ, բայց դեսպաններ, վարչության պետեր, այսինքն՝ բարձրագույն մակարդակի ղեկավարները, փոփոխվում են բավականին հաճախ։ Տարվա մեջ կարող է փոփոխվել երկու-երեք վարչության պետ, չորս-հինգ դեսպաններ. վարչությունների քանակը, իհարկե, ավելի քիչ է, քան դեսպանություններինը, դեսպաններն ավելի հաճախ են փոխվում։ Կարծում եմ՝ այս համատեքստում էլ պետք է դիտարկել այդ փոփոխությունները։

Արարատ ՀԸ. Պարո՛ն Բալայան, Դուք ասեցիք, որ, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության գիծը չի փոխվելու, բայց նշեցիք նաև, որ որոշ քաղաքական իրողություններ են փոխվել։ Արտաքին գործերի նախարարությունը ինչ-որ փաստաթուղթ պատրաստո՞ւմ է, որտեղ նորովի կներկայացվեն գերակայությունները և հնարավոր շտկումները։

Եվ երկրորդ հարցը՝ ճեպազրույցների հետ կապված։ Երեքշաբթի ժամը տասը ֆիքսված ժա՞մ ենք համարում, թե՞ շարժական է լինելու։ Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Փաստաթղթի մասին ես նշեցի, որ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության մասը մշակման փուլում է Արտաքին գործերի նախարարությունում։ Մոտ օրերս, եթե ոչ այսօր, արդեն ավարտին կհասցնենք և կներկայացնենք նախարարին։ Նախարարի հետ քննարկումները կշարունակվեն, ապա այդ փաստաթուղթը կներկայացնենք Հանրապետության վարչապետին։ Այնտեղ դուք արդեն կտեսնեք և կարող եք ինքներդ դատել՝ փոփոխություններ կլինեն թե ոչ։ Դա արդեն թողնում եմ Ձեզ։

Ինչ վերաբերում է ճեպազրույցներին, ապա, ասելով, որ դրանք պարբերական են, ես նկատի չունեի, որ շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ ճեպազրույց է լինելու։ Ճեպազրույցները լինելու են այն ժամանակ, երբ մենք ասելիք կունենանք։ Մենք նաև պատրաստելու ենք նախարարի մեծ ասուլիս: Չեմ կարող ասել դա երբ կլինի, որովհետև կախված է նախարարի ժամանակացույցից, որը բավականին խիտ է։ Այսօր առավոտյան, եթե ծրագիրը նայում ենք, միայն չորս-հինգ դեսպան հավատարմագրված կա, Կիպրոսի մեր բարեկամ, եղբայրական երկրի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպում ունի։

Բացի այդ, մենք նաև տարբեր քննարկումներ ենք ունենում: Նախարարն առավոտյան իննին տաս պակասից մինչև առնվազն ժամը տասներկուսը նախարարությունում է, այդ թվում՝ նաև կիրակի օրը։ Այդ ծանրաբեռնվածությունն արտահայտվել է նաև ձեր հետ շփումների վրա։ Եթե մենք ասելիք ունենանք, մենք ձեզ կհրավիրենք, բայց կարծում եմ՝ կաշխատենք ամսեկան գոնե երկու անգամ այս ձևաչափով մեր հանդիպումները անցկացնել։

Արմենպրես. Ինձ հետաքրքիր է հարցը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ, որ տեխնիկա է բերում և այլն: Արդյո՞ք այդ մասին տեղեկացվել են ՀԱՊԿ գործընկերները: Կա՞ տեղեկացնելու կարիքը:

Եվ երկրորդը. արտաքին քաղաքականության վերաբերյալ: Կա՞ն երկրներ, որոնց հետ նախապատրաստվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ դրանք խորացնել: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տեղեկացմանը: Այո՛, մեր գործընկերները տեղեկացված են, մենք տարբեր ուղղություններով, տարբեր հարթություններում տեղեկացնում ենք, ինչպես նաև տեղեկացնում ենք, որ դա հնարավոր է բերի առավել լարման: Դա մեր մշտական աշխատանքն է, որը, չեմ կարծում, որ լայն հանրայնացման կարիք ունի:

Ինչ վերաբերում է նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այո՛, այս պահին մենք ունենք ՄԱԿ-ի անդամ 194 պետություններից 175-ի հետ դիվանագիտական հարաբերություններ, բայց այս գործընթացը ևս շարունակական է: Կան երկրներ, որոնց հետ վարվում է աշխատանք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Արդյունքների մասին արդեն հրապարակային Ձեզ կտեղեկացնենք:

Թերթ.ամ. Պարո՛ն Բալայան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս ոչ վարչապետ եղած ժամանակ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսելիս հայտարարել էր, որ, ի վերջո, Արցախը դառնալու է Հայաստանի անբաժանելի մաս: Հետաքրքիր է՝ արդեն վարչապետ եղած ժամանակ այս հարցը Ձեզ հետ քննարկվել է, և ընդհանրապես Հայաստանի դիվանագիտական կորպուսն ինչ կարծիք ունի այդ հայտարարության վերաբերյալ:

Տիգրան Բալայան. Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը ծանոթ ենք: Տարբեր քննարկումներ են ընթանում, և այդ քննարկումների արդյունքները Ձեզ հասանելի են: Մասնավորապես, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսակետը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ Ձեզ հայտնել է, որը ես էլ այսօր այստեղ վերահաստատեցի:

168 ժամ
. Պարո՛ն Բալայան, եթե չեմ սխալվում, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման վերաբերյալ ժամկետ էր նշվում հունիս ամիսը: Հետաքրքիր է՝ հայաստանյան ներքաղաքական փոփոխությունների հետևանքով հնարավո՞ր է այս ժամկետը փոփոխվի, և ե՞րբ կսկվի մասնակի վավերացումը:

Տիգրան Բալայան. Վավերացումը Հայաստանի կողմից արդեն իրականացվել է ամբողջությամբ, այսինքն՝ Հայաստանն ամբողջությամբ վավերացրել է, վավերացման ներքին ընթացակարգերն ավարտել է: Եվ այն ժամկետները, որոնք նշված էին մասնակի կիրարկման համար, գործում են, դրանցում փոփոխություն չկա: Նաև, եթե չեք նկատել, բայց, կարծում եմ, նկատել եք, ամեն դեպքում դա էլ հնչեցնեմ. Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ ևս հավանություն է տվել այդ փաստաթղթին: Մենք նաև սպասում ենք Եվրամիության անդամ-երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթի ամբողջական վավերացմանը, որպեսզի սկսենք շատ կարևոր այդ գործիքի, շատ կարևոր այդ համաձայնագրի ոչ թե մասնակի, այլ ամբողջական կիրառումն արդեն:

Շնորհակալություն: Կարծում եմ՝ բավական լայն հարցերի շուրջ շփվեցինք: Կաշխատենք շարունակական սարքել սա:

Տպել էջը