ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

22 փետրվարի, 2017

Հարգելի պարոն Լավրով,

Շնորհակալություն եմ հայտնում ավանդական ջերմ ընդունելության համար: Կարող է և կրկնվեմ. Դուք արդեն մանրամասն պատմեցիք այսօրվա բանակցությունների մասին: Բայց ես իմ կողմից կցանկանայի կանգ առնել հետևյալ կետերի վրա:

Բանակցությունները բովանդակալից էին, հագեցած և, ինչպես միշտ, անցան փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնորոշ է դաշնակից երկրների համար:

Այցը խորհրդանշական է, քանի որ մենք այսօր տալիս ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Հայաստանի Նախագահի՝ Ռուսաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստումը, մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեր հանդիպման հիմնական թեման էր: Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական, միջխորհրդարանական, միջտարածաշրջանային, հումանիտար, մշակութային ոլորտներում:

Մենք արծարծեցինք արտաքին քաղաքական համադրման հարցեր, փոխգործակցությունը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում և այլ բազմակողմ միջազգային հարթակներում:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին՝ հայկական մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու հարցում ցուցաբերած աջակցության համար: Դա տեղի ունեցավ նաև անցյալ տարի, և երկու անգամ միայն այս ամիս:

Քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության հարցեր: Հատուկ ուշադրություն դարձրինք ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Պարոն Լավրովի հետ մենք համակարծիք էինք, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է և վնաս է հասցնում խաղաղ գործընթացին:

Մեր կողմից կրկին ընդգծվեց 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ անժամկետ եռակողմ համաձայնագրերը պահպանելու կարևորությունը: Շեշտվեց նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Ցանկանում եմ շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներդրումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերն այդ ուղղությամբ:

Հարգելի պարոն Լավրով,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում հրավերի և հարցերի լայն շրջանակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար:

Սիրելի բարեկամներ,

Ես հրավիրեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր Սերգեյ Լավրովին պաշտոնական այց կատարել Հայաստան:


Հարց. Կցանկանայի ճշտել մեր նախարարից: Պարոն Նալբանդյան, նախորդ շաբաթ Դուք հանդիպում ունեցաք Մինսկի խմբի համանախագահների հետ: Կցանկանայի իմանալ` ինչպիսին էին արդյունքները: Ինչպե՞ս անցավ հանդիպումը:

Էդվարդ Նալբանդյան. Մյունխենում տեղի ունեցավ հանդիպում համանախագահների, և ոչ միայն համանախագահների, այլ նաև նրանց նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում նախարար Մամեդյարովի հետ: Ինչպես պարոն Լավրովը նշեց, Մյունխենում համանախագահները հանդես եկան համապատասխան հայտարարությամբ` մատնանշելով այն կետերը, որոնք և քննարկվել են արտգործնախարարների հետ: Դա ուժի և ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիությունն է, 1994-1995թթ. զինադադարի հաստատման եռակողմ անժամկետ համաձայնությունների անվերապահ իրագործումը: Պարոն Լավրովն արդեն հիշատակեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Համանախագահները նաև նշել են 2010թ. Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին:

Ինչի՞ մասին էր խոսքը: Խոսքը գնում էր ռազմագերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի մասին, ինչը Հայաստանը մշտապես կատարել է, ինչը և տեղի ունեցավ բառացիորեն վերջերս, երբ հայկական կողմը վերադարձրեց ադրբեջանցի դիվերսանտի մարմինը, ով Հայաստանի տարածքում նախորդ տարեվերջին սպանել էր երեք զինծառայողի: Ադրբեջանցիները պնդում էին, որ նա դիվերսանտ չի եղել: Սակայն երբ մարմինը վերադարձվեց, հաջորդ օրն Ադրբեջանի նախագահի հատուկ հրամանագրով նա ազգային հերոս հայտարարվեց՝ շատ հետաքրքիր ձևակերպմամբ՝ «առաջադրանքի բարեհաջող իրականացման համար»: Առաջադրանք էին տվել իրականացնել դիվերսիա և դրա համար ազգային հերոս հայտարարեցին: Դրա հետ մեկտեղ, մինչև մարմնի փոխանցման ընթացակարգի վերջնական համաձայնեցումը ադրբեջանական կողմն ասում էր, թե հայկական կողմը պետք է դա կատարի որպես մարդասիրական քայլ: Ի՞նչ մարդասիրական քայլի մասին կարող է խոսել Բաքուն: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ հայտնվել են ադրբեջանցիների մոտ, օրինակ՝ հովիվը, ով մառախուղի պատճառով մոլորվել էր և պատահականորեն անցել շփման գիծը. նրան տեսախցիկների առջև հարցաքննում էին, կտտանքների ենթարկում, որից հետո սպանեցին՝ ներկայացնելով այդ գործն այնպես, որ իբրև թե նա ինքնասպանություն է գործել: Մեկ այլ դեպք. նույնպես սպանեցին՝ ասելով, թե նրա մոտ սրտային անբավարարություն էր:

Նախորդ տարվա ապրիլյան դեպքերի ընթացքում, և դա բոլորին հայտնի է, ադրբեջանական քարոզչությունը տարածեց դա սոցիալական ցանցերի միջոցով, երբ նրանց մոտ հայտնված զինծառայողներին նրանք միայն կտտանքների չէ, որ ենթարկում էին, այլև կտրում էին նրանց գլուխները: Դրա հետ մեկտեղ շրջում էին գյուղերով և քաղաքներով՝ ցուցադրելով այդ կտրված գլուխները: Հետո այդ հանցագործությունները կատարողները պարգևատրվեցին Ադրբեջանի նախագահի կողմից: Եվ դա հրապարակված է այդ երկրի նախագահի պաշտոնական կայքում: Այդպիսի դեպքերը բավականին շատ են: Բոլորը հիշում են, երբ խոցվեց ուղղաթիռը, բազմաթիվ օրերի ընթացքում ադրբեջանցիները անկման վայրը պահում էին ուղիղ կրակահերթի տակ, որպեսզի թույլ չտան գուցե դեռ ողջ կամ վիրավոր մարդկանց տարհանումը: Արդյունքում, Արցախի պաշտպանական ուժերը ստիպված էին նրանց տարհանման համար իրականացնել հատուկ գործողություն: Միաժամանակ, ադրբեջանական կողմն ասում էր, որ նման բան չի կարող լինել, նման գործողություն անհնար է իրականացնել:

Ցավոք, նրանք մշտապես խախտում են պայմանավորվածությունները, և ոչ միայն Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերվածները, այլ նաև՝ Աստրախանում, և ոչ միայն Աստրախանում:

Երկու անգամ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սոչիում և ընդունել համապատասխան հայտարարություններ, որոնցում խոսք էր գնում միջադեպերի հետաքննության մեխանիզի ստեղծման մասին: Այնուհետև ադրբեջանական կողմը հետքայլ էր անում: Այնպես որ, մենք չենք համակերպվի, և ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը: Բանակցություններն այլընտրանք չունեն: Մենք համանախագահների հետ միասին կշարունակենք ջանքերը՝ առաջին հերթին բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով պայմաններ ստեղծելու համար, ջանքերը՝ ուղղված այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տպել էջը