ՀՀ ԱԳՄԱ նախարարի ճեպազրույցը ԱԺ-ում լրագրողների հետ

05 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախարարության 2027թ. բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո հանդես է եկել ճեպազրույցով՝  պատասխանելով լրագրողների հարցերին։

«Հիմա՝ հանրապետականներ, դեմոկրատներ։ Այսօր հանձնաժողովում առիթ ունեցանք ասելու, որ երբ Միացյալ Նահանգներում իշխանության էր գալիս նախագահ Թրամփի վարչակազմը, լուրջ քննադատություն, այսպես ասած, որոշ բաներ էլ կային, հատկապես ընդդիմության կողմից, թե ինչպես են մեր իշխանությունները ռազմավարական համագործակցություն հաստատում հեռացող վարչակազմի հետ, և ինչպես է լինելու մեր հալը. հեսա Թրամփը եկավ, ամեն ինչ ջուրն է ընկնելու։ Ինչպես տեսանք, նոր վարչակազմը վերցրեց ռազմավարական գործընկերության այդ օրակարգը և ավելի խորացրեց։ Կնքեցինք փաստաթուղթ, որը կոչվում է Համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Դրանից բացի՝ հուշագրեր ստորագրեցինք տրանսպորտի, լոգիստիկայի, արհեստական բանականության և տարբեր այլ ոլորտներում համագործակցության մասին։ Դրանից բացի՝ մեկ տարվա ընթացքում Firebird-ը կառուցեցինք, մեկ տարվա ընթացքում ԹՐԻՓՓ համաձայնագիրը ստորագրեցինք։ Հուսով եմ՝ հաջորդ տարվա, չգիտեմ, նոյեմբերի 5-ին, եթե հանկարծ այստեղ լինեմ և իրար հետ շփվենք, նոր ձեռքբերումների մասին կխոսեմ։ Այնպես որ, գիտեք, այս հարցերում դրսևորվում են երկրների շահերը։ Պարզ է, անհատները, քաղաքական թիմերն իրենց սրբագրումներն են մտցնում վարվող գործնական քաղաքականության մեջ, բայց ես վստահ եմ, որ այն, ինչ հիմա արվում է մեր և Միացյալ Նահանգների միջև, մեզ համար, պարզ է, շահեկան է, և Միացյալ Նահանգների համար էլ է շահավետ։ Հետևաբար չեմ պատկերացնում, որ դեմոկրատները չուզենան, որ ԹՐԻՓՓ-ն արագ կառուցվի։

(...)

Ընդհանրապես Եվրոպական միության հետ մենք փորձում ենք շատ սինխրոն գնալ՝ մեր հավակնությունների և նրանց հնարավոր արձագանքների մասով։ Մինչ այս պահը դա հիանալի է հաջողվել, և հետագա քայլերում ևս կառաջնորդվենք դրանով՝ երկու բանով. ինչ ենք ուզում մենք, և ինչ ենք ուզում այնտեղից։ Այսինքն՝ եթե ուզում ենք անդամակցել, որքանո՞վ են 27 անդամ պետությունները պատրաստ դրական արձագանքելու մեր անդամակցությանը։ Համաձայնեք, երեխայություն կլիներ նման քայլերի գնալ առանց ջերմ արձագանքների և նախնական խոսակցությունների, և այդպես էլ կլինի։ Շատ իրատեսական եմ համարում, որ 2027–2028 թվականներին կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ներկայացնենք անդամակցության հայտը»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ հղումով:

Տպել էջը