ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24 ապրիլի, 2026

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:

Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։

Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների: 

Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին: 

Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2025թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն  ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: 

Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով: Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար:

Տպել էջը