Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ և մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

22 փետրվարի, 2023

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ 

Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։

Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

Տպել էջը