ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

18 հունիսի, 2020

Հարց. Երեք շաբաթից ավելի ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր և բախումներ։ Որքանո՞վ է ամերիկահայ համայնքը ներգրավված այս գործընթացներում։

Պատասխան. Ինչպես ԱՄՆ այլ քաղաքացիների, այնպես էլ Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ ցույցերին հիմնականում պայմանավորված է ռասայական խտրականության դեմ պայքարով, ինչը ընդհանրական առումով բոլոր մասնակիցների շարժառիթն է։ Հայերը չեն մասնակցել անկարգություններին։

Հարց. Բողոքի ցույցերի ժամանակ վնասվել են խանութներ, այդ թվում՝ հայերին պատկանող։ Ի՞նչ տեղեկություններ ունեք հայ համայնքին հասցված վնասների մասին։

Պատասխան. Հայ համայնքին անկարգություններից հիմնականում վնաս չի հասցվել։ Արեւմտյան ափի հայկական հոծ բնակչությամբ քաղաքները դուրս են մնացել անկարգությունների կենտրոնացման շրջաններից։ Տուժել են մոտ մեկ տասնյակ հայերի պատկանող խանութներ, որոնք թալանվել են։

Հարց. Որքանո՞վ է ապահովված հայերի անվտանգությունը։ Ինչպիսի՞ն է դրությունը ներկայումս։

Պատասխան. Դրությունն այժմ խաղաղ է եւ ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից։ Հայերի անվտանգությունն ապահովված է։

Հարց. Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր խնդիրներով, այդ թվում՝ Հայաստան վերադառնալու ցանկությամբ։ Որքա՞ն ՀՀ քաղաքացի է վերադարձել, և քանիսի՞ վերադարձը դեռ պետք է ապահովվի։

Պատասխան. Համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին տվյալ իրավիճակով պայմանավորված բազմաթիվ խնդիրների շուրջ, այդ թվում՝ նրանց վերադարձի կազմակերպման։ Մայիսի 2-ից ցայսօր Լոս Անջելեսից հայրենիք է վերադարձել մոտ 370 ՀՀ քաղաքացի։ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան է վերադարձել 150-ից ավելի ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ 37 ուսանող  և 35 աշակերտ։

Հարց. ԱՄՆ Դենվեր քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից վանդալիզմի էր ենթարկվել Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը։ Վերականգնվա՞ծ է այսօր այն։

Պատասխան. Ցավով պետք է նշենք, որ ընթացող ցույցերի արդյունքում պղծվել-վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը, և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը։ Իրադրության հանդարտեցումից հետո ամերիկահայ համայնքի մասնակցությամբ քայլեր կձեռնարկվեն խաչքարի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով մշտական կապ ենք պահպանում Ամերիկայի հայկական համայնքային կառույցների և անհատների հետ։

Տպել էջը