ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի վերաբերյալ

18 հունիսի, 2020

Հարց. Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռ Թ Էրդողանի գլխավորությամբ, որին, ըստ տարածված տեղեկատվության, «քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա: 

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: 

Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: 

Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը։

Տպել էջը