ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Թերթ.ամ» լրատվականի հարցին

30 ապրիլի, 2020

Հարց. Նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի: Ցանկանում ենք Ձեզնից տեղեկանալ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ հուշագրի ստորագրումը: Նախատեսվում է դրա ստորագրում, եթե այո, ապա երբ:

Պատասխան. Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:

ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:

Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ:

Տպել էջը