ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) «INSTALIVE» առցանց նախագծին

24 ապրիլի, 2020

Ապրիլի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) INSTALIVE առցանց նախագծին, որի շրջանակներում պատասխանեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, հասարակության մեջ երիտասարդության դերին և հզորազմանն առնչվող հարցերի։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրվա խորհրդին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Մենք այսօր մեր հարգանքն ենք մատուցում մեր նահատակների առաջ: Միաժամանակ մենք չենք լռում, որովհետև մենք այդ հաղթողի զգացումը պետք է ունենանք. 105 տարի առաջ ենթադրվում էր, որ մենք պետք է բնաջնջված լինեինք, իսկ այսօր մենք շատ ինքնավստահ, ամուր մեր ոտքի վրա կանգնած ժողովուրդ ենք: Մենք պաշտպանել ենք մեր ինքնությունը, քաղաքակրթությունը, ստեղծել մեր պետությունը և պետականությունը: Մենք ունենք ամուր հիմքերի վրա ձևավորված մեր սփյուռքը՝ իր ամբողջ կարողություններով: Այս ամենը պատասխանն է այդ ոճրագործներին, որ, այն, ինչ իրենք ենթադրում էին, չէր կարող իրականանալ, որովհետև հայ ժողովուրդը՝ որպես պետություն, ժողովուրդ, աշխատելով միջազգային հանրության հետ, պահանջում է ոչ միայն իր ադարությունը, այլ նաև աշխատում է, որպեսզի ցեղասպանությունը, նման զանգվածային ոճրագործությունները կանխվեն և ստանան համարժեք պատասխան»։

Նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների համատեքստում ԱԳՆ գործունեության և համավարակից հետո տեսլականի առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ համավարակն ի ցույց դրեց փոխկապակցվածության կարևորությունը: «Համավարակը սահմաններ չի ճանաչում և այսպես հեշտությամբ կարող է ներթափանցել լայն աշխարհագրության մեջ: Թե որքան է համավարակն ազդելու մեր կարողությունների վրա, սա, իհարկե, մարտահրավեր է, ինքնավստահությամբ պետք է անդրադառնանք նաև այս մարտահրավերին՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անել: Լինելու են, իհարկե, հետևանքներ, բայց մենք ունենք մեր ներուժը, որպեսզի ինքնավստահաբար գտնենք այն ճանապարհները, որ մենք շարունակում ենք ստեղծագործել, աշխատել, կառուցել մեր կյանքը, ապագան, պետությունը: Մենք բոլորս ամենայն լրջությամբ ենք մոտենում այս ամենին, բայց դա նաև նշանակում է ինքնավստահ, պատրաստ լինել, որ անհրաժեշտ է լինելու համապատասխանեցնել մեր կյանքն այս նոր իրավիճակին»:

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

 

Տպել էջը