ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանի հարցազրույցը «Ամեն օր» հաղորդաշարին

25 փետրվարի, 2020

Հարց․ Պարո՛ն Ավագյան, հայ-իրանական սահմանը փակվեց կապված վարակի ներթափանցման վտանգի հետ։ Բայց մինչ այդ մի փոքրիկ պարզաբանում։ Թեհրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական ծառայությունը որոշակիորեն սահմանափակեց իր գործունեությունը, բայց հասկանալի չդարձավ, թե ի՞նչ է դա նշանակում և ինչի՞ համար է դա արվում։ Հասկանանք։

Պատասխան․ Նախ ասեմ, որ Իրանում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ծառայություններ է մատուցում այն պահով, ինչը  կապված է Հայաստանի քաղաքացիների հետ։ Այսինքն՝ վերադարձի վկայականի տրամադրման, անձնագրերի երկարացման այն բոլոր գործառույթները, ինչ կապված է քաղաքացիների հետ, կատարվում են։ Սահմանափակումները կապված են այն խնդիրների հետ, որոնք առնչվում են այնտեղ բիզնես վարելու, տեղեկանքներ տալուն և նման այլ հատվածին։ Նախ ասեմ դեսպանությունը հայտարարություն էր տվել, որպեսզի կապ հաստատի ՀՀ քաղաքացիների հետ։ Ներկա դրությամբ 67 հոգի արդեն դիմել են և վաղը չվերթ կա, որով այդ քաղաքացիները տեղափոխվելու են Հայաստան։ Իսկ սահմանափակումները միայն այն մասով են, որ եթե սահմանը մասնակի փակվում է և հոսքը կրճատվում է, այդ մասով, բնականաբար, գործառույթները չեն կատարվելու։

Հարց․ Այսինքն,  ՀՀ քաղաքացիները որևէ տեսակի խնդիր չունե՞ն և չե՞ն կարող ունենալ։

Պատասխան․ ՀՀ քաղաքացիները որևէ տեսակի խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ։ Դեսպանությունը մշտապես կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ։ Ընդ որում և՛ Թավրիզի, և՛ Թեհրանի, և՛ Սպահանի մեր թեմերի միջոցով կապ է հաստատել ՀՀ քաղաքացիների հետ և թեժ գիծ է բացվել, որով կարող են կապ հաստատել դեսպանության հետ։ Մեր քաղաքացիների բոլոր կարիքները հոգում են և դեսպանությունը աջակցում է հայրենիք նրանց վերադարձին։

Հարց. Իրանի սահմանի մասնակի փակման հետ կապված կա նաև քաղաքական կոմպոնենտ. մտավախություններ կային, որ մեր բարեկամ Իրանը կարող է մեզ լավ չհասկանալ։ Մեր բարեկամ Իրանը մեզ լավ հասկացե՞լ է։

Պատասխան. Ասեմ, որ որևէ խնդիր չի ծագել, քանի որ խոսքը գնում է արտառոց մի իրավիճակի մասին և այստեղ գործում են արտառոց օրենքներ։ Իրանի հետ սահմանը փակել են նաև իր հարևան պետությունները։ Ընդ որում, հարևան պետություններից եթե անդրադառնանք մեր տարածաշրջանին, ապա Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի համակարգ գոյություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև, Վրաստանն ու Ադրբեջանը վիզային ռեժիմ ունեն Իրանի հետ։ Մինչև այդ, իր հարևաններից Քուվեյթը, Իրաքը և Թուրքիան սահմանափակումներ էին մտցրել Իրանի հետ թե օդային, թե ցամաքային հաղորդակցման։ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես այդ սահմանափակումները մտցրել էին և իրանական կողմը, բնականաբար ըմբռնումով է մոտենում, քանի որ խոսքն արտառոց իրավիճակի մասին է։

Հարց. Մինչ որոշում կայացնելը իրանական կողմի հետ արտգործնախարարությունների մակարդակով խորհրդակցություններ եղե՞լ են։

Պատասխան. Բնականաբար, մենք մշտապես կապի մեջ ենք մեր բարեկամ երկրի հետ և բոլոր այդ կապերով մենք ստանում ենք տեղեկատվություն։ Ակտիվ դերակատարություն ունի, բնականաբար, մեր դեսպանությունը, և՛ տեղեկատվության հաղորդման, և՛ իրանական կողմի հետ այդ կապերի պահպանման տեսակետից։ 

 

Տպել էջը