ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը “Sputnik Արմենիա” լրատվական գործակալությանը

07 փետրվարի, 2020

Հատված հարցազրույցից․

«Տամ այն գնահատականը, որ տվել են մեր գործընկերները. Հայաստանի նախագահությունը չափազանց արդյունավետ էր: Դա միաբերան պնդում են մեր բոլոր գործընկերները, այսինքն` մնացած չորս անդամները: Մենք  նախ մեր առաջնահերթությունները ներկայացրեցինք, ինչն ընդունված է ամեն մի նախագահող երկրի համար, և այդ ուղղությամբ արվել են որոշակի քայլեր: Առաջնահերթությունները վերաբերում են մի շարք հարցերի, որոնցից են ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը, էներգակիրների հարցը, որովհետև համաձայնագիրը ենթադրում է, որ 2025թ.-ից նոր պետք է սկսեն գործել այն պայմանները, երբ հավասար պայմաններում են գտնվում բոլոր սուբյեկտները: Եթե կա երկիր, որն արտադրում է էներգակիրներ և իր տարածքում ավելի ցածր գներով է հասնում արտադրողին, ապա անհավասար պայմաններ են ձևավորվում: Սա լուրջ խնդիր է, իսկ հինգ անդամներից երկուսն են հանդիսանում էներգակիրներ արտահանող, ստացող: Այս տեսակետից, իհարկե, շահագրգիռ ենք, որ դա լինի: Այդ ուղղությամբ քայլեր արդեն կատարվել են: 

Կարևոր է նաև այն հանգամանքը, որը վերաբերում է ընդհանուր առմամբ լոգիստիկային, այսինքն՝ առավել ևս Հայաստանի համար կարևոր է, որպեսզի ապրանքաշրջանառությունը,  այդ լոգիստիկ հնարավորություններն առավելագույնս զարգանան: Կարևոր են հարցերը, որոնք կապված են ընդհանուր առմամբ կարգավորումների հետ, որպեսզի անդամ-պետությունների կարգավորումները չհակասեն այն նպատակներին, որոնք դրված են Եվրասիական տնտեսական  միության առջև բուն մայր պայմանգրով: Շատ կարևոր ուղղություն է, որտեղ առանձնհատուկ պետք է շեշտել մեր նախագահության արդյունավետությունը, դա արտաքին գործոնն է: Խոսքը վերաբերում է այլ պետությունների կամ տարբեր պետությունների միավորումների հետ ազատ առևտրի տնտեսական գոտիների ստեղծմանը: Բնական է, բոլոր անդամ-պետությունները դրանում շահագրգիռ են, որովհետև եթե բարձրանում է ապրանքաշրջանառությունը, այդտեղից գոյացած գումարները գնում են ընդհանուր բյուջե, որտեղից բաշխվում են ամեն մի պետությանը:

Նախ եկեք նշենք, որ վետոյի դեպքում մի քիչ պայմանական է անվանումը: Տվյալ կառույցում որոշումների ընդունման հիմքը կոնսենսուսն է: Բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսով: Կա բացառություն. կոլեգիան՝ գործադիր մարմինը: Երբ այն իր որոշումները կայացնում է հիմնականում այնտեղ կոնսենսուս կարող է և չլինել, այլ որոշվի ձայների ⅔-ով: Բայց ամեն դեպքում, նախատեսված է, որ միշտ ավելի վերադաս մարմինը կարող է չեղարկել ստորադասի որոշումները: Կոլեգիայի որոշումների դեպքում բավարար է, որ որևէ մեկ անդամ-պետություն առարկություն ներկայացնի, և դրանով արդեն որոշումը կասեցվում է մինչև կկայացվի համապատասխան որոշում ավելի բարձր ատյանում: Օրինակ՝ կառավարությունների ղեկավարների խորհրդում կամ, առաջին դեմքերի խոհրդում: Տվյալ պարագայում հարցը, որը բարձրացվել է, ոչ թե ընդհանուր վետոյի հանելն է, այլ դա վերաբերում է կոլեգիային և կոնկրետ մի առանձին հարցի: Խնդիրը վերաբերում է հակադեմպինգային քաղաքականությանը: Պատկերացնենք՝ որևէ անդամ-պետություն չափազանց ցածր գներով ներմուծում է ապրանք, որը մնացած անդամ-պետությունների արտադրողներին դնում է անհավասար պայմաններում: Դա միջազգային պրակտիկա է»:


Տպել էջը