ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

09 դեկտեմբերի, 2019

Զոհրաբ Մնացականյան. Այսօր 1948թ. Ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանության պատժի կոնվենցիայի ընդունման օրն է, և այդ օրը 2015 թ. Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերում ընդունվեց բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների  կանխարգելման» միջազգային օր: Այդ բանաձևի մեջ նաև նշված է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելը նույնպես նշանակում է կանխարգելման քայլ, կանխարգելման գործառույթ: Այդ առումով մենք շարունակական աշխատում ենք միջազգային հարթակներում մեր գործընկերների հետ՝ էլ ավելի զարգացնելու և խորացնելու այն միջազգային գործիքները, թե՛ իրավական, թե՛ գործնական շրջանակը, որպեսզի ցեղասպանությունները կանխարգելելու միջազգային կարողությունները էլ ավելի ուժեղանան:

Իհարկե, ցեղասպանությունների կանխարգելման առաջին մակարդակն  ազգային մակարդակն է, և միջազգային հանրության այդ համագործակցությունը նույնպես նպատում է դրան: Մենք շարունակական աշխատում ենք այդ ուղղությամբ: Ստեղծել ենք հարթակ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Մենք նախատեսում ենք հաջորդ տարի դեկտեմբերին անցկացնել հերթական ֆորումը:

2015թ. ի վեր ՄԱԿ շրջանակներում մենք շարունակական կերպով անց ենք կացնում հատուկ միջոցառում. այսօրը ևս բացառություն չէ: Այս ամենն ուղղված է մեկ նպատակի՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել տվյալ հարցը և շարունակել աշխատանքները այդ ոճրի կանխարգելման ուղղությամբ:

Հարց. Անգամ Թուրքիայի հայտարարությունների ֆոնի՞ն:

Զոհրաբ Մնացականյան. Սա չի վերաբերում մեկ երկրի: Այդ ամենը, ինչը տեղի է ունենում, ուղղակի ի ցույց է դնում այն, որ ցեղասպանությունների վտանգը միշտապես առկա է: Եվ այդ առումով է, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է շարունակական աշխատանք: Միջազգային հանրությունը պարբերաբար հայտարարում է՝ «այլևս երբեք», և ինչքան մենք դա անում ենք միայն հայտարարության հարթակում, այդքան առավել արժեզրկում ենք մեր կարողությունները՝ կանխարգելելու և պայքարելու այդ ոճրի դեմ:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, իհարկե դժվար է կանխատեսել, բայց ո՞ր երկրներն են այս պահին պատրաստում փաստաթուղթ… Մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով միգուցե այդ տեղեկատվությունը Ձեզ հասանելի լինի:

Զոհրաբ Մնացականյան. Կան և՛ միջազգային կազմակերպություններ, և՛ առավելևս ոչ կառավարական տարբեր կազմակերպություններ, կան նաև միջազգային տարբեր հարթակներ, կան բազմաթիվ այդպիսի միություններ, որոնք իրենց գործունեությունը կենտրոնացնում են հենց այս հարցի վրա, և մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք այդ հարցերի շուրջ: Սա շարունակական աշխատանք է: Սա, ըստ էության, արդեն չորրորդ տարին է, ինչ այս օրը հռչակվել է:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, օգտվելով առիթից կցանկանայի հարցնել, թե ինչպես կգնահատեք Բրատիսլավայում Ձեր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը:

Զոհրաբ Մնացականյան. Գործնական:

Հարց. Խոսվում է փաստաթղթի մասին, չնայած վարչապետն էլ նշեց, որ սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Ի՞նչ կասեք, պարո՛ն Մնացականյան:

Զոհրաբ Մնացականյան. Ես, անկեղծ ասած, ավելացնելու այլևս ոչինչ չունեմ, որովհետև մենք սրա մասին բազմիցս խոսել ենք, և բազմիցս ասել ենք, որ այն, ինչ մենք անում ենք, շատ թափանցիկ է և շատ պարզ: Եվ նաև ամեն ինչ ամփոփված է և՛ Բրատիսլավայում իմ ելույթում, և՛  արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրություններում, և նաև համանախագահների հայտարարություններում:

Հարց. Վստահության մթնոլորտի առումով, Դուք բազմաթիվ առաջարկներ ներկայացրեցիք: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը պատրաստ է դրան:

Զոհրաբ Մնացականյան. Հաշվի առնելով անցած ամիս մեր ունեցած փորձի դրական տարրերը, ես հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել այն: Համենայն դեպս մենք պատրաստ ենք:

Տպել էջը