ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

30 նոյեմբերի, 2019

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: 

Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին:  

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին:

Տպել էջը