ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

04 նոյեմբերի, 2019

Հարց․ Պաշտոնական այցով նոյեմբերի 5-6-ը Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Ինչպիսի՞ օրակարգ է ունենալու պաշտոնական այցը։

Պատասխան․ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ծրագիրը բավական հագեցած է։ Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես կգան հայտարարությամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հունաստանի նախագահին կընդունի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն: 

Պաշտոնական այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջիններից մեկը ճանաչած՝ Հայաստանի դարավոր բարեկամ երկրի նախագահը, հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ արարողակարգի, տեղի կունենան ծաղկեպսակի զետեղում, շրջայց հուշահամալիրի թանգարան և ծառատունկ։

Նախատեսվում են նաև այցելություն Մատենադարան, հանդիպում Հայաստանի հույն համայնքի ներկայացուցիչների հետ, մշակութային այլ միջոցառումներ։

Հարց․ Հոգևոր, պատմական, մշակութային կապերը երկու ժողովուրդների միջև բավականին խորը արմատներ ունեն։ Արդյոք համարժեք ձևով են զարգանում նաև երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Ի՞նչ քայլեր են իրականացվում այս ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու համար։

Պատասխան․ Հայաստանի և Հունաստանի միջև հաստատվել է գերազանց քաղաքական երկխոսություն։ Հայ և հույն ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, ես կասեի եղբայրական հարաբերություններ: Դրանք այսօր էլ ամրապնդվում և շարունակաբար զարգանում են փոխադարձ հարգանքի և վստահության հենքի վրա: Հայ-հունական միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են ոչ միայն երկկողմ մակարդակով, այլ նաև՝ բազմակողմ հարթակներում։ Դրա վկայությունն են բարձրաստիճան փոխայցելությունները, հարուստ իրավապայմանագրային դաշտը, սերտ համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր երկրների ԱԳ նախարարությունները կանոնավոր կերպով անցկացնում են քաղաքական խորհրդակցություններ՝ նպատակ ունենալով մշտապես միմյանց իրազեկել կողմերի համար արդիական հանդիսացող խնդիրների մասին, քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող, այնպես էլ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հարկ է ընդունել, որ Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը, ցավոք, զիջում է քաղաքականին: Այս ոլորտում անելիքները շատ են:  Այս առումով կարևորում ենք Հայ-հունա­կան տնտե­սա­կան, արդյունա­բե­րական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավա­րա­կան հանձնա­ժողովի գործունեությունը, գործարարների միջև շփումների ակտիվացումը, երկկողմ գործարար համաժողովների կազմակերպումը։ Հունաստանի նախագահի այցը լավ առիթ է` խոսելու երկկողմ առևտրա-տնտեսական կապերի աշխուժացման մասին և ամբողջացնելու միջկառավարական հանձնաժողովի՝ Հայաստանում անցկացվելիք հաջորդ նիստի օրակարգային հարցերի շրջանակը: Նշեմ նաև, որ ընթացիկ տարվա մարտի 18-20-ը, Հայաստան էր այցելել Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ պատվիրակություն, որի անդամները «B2B» ձևաչափով հանդիպումներ են ունեցել հայ գործարարների հետ։ Արդյունքում, Երևանի և Աթենքի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հարց․ Հայ-հունական հարաբերություններում առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Զարգացման ինչպիսի՞ ներուժ ունի այս ոլորտը։ Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում այս հարթության վրա։

Պատասխան․ Պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցությունը մեր միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյու­ներից է, որի հետագա խորացումն ու ամրապնդումը մեր առաջնահերթություններից է: Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, կանոնավոր կերպով ստորագրվում և իրականացվում են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ամենամյա ծրագրեր՝ հիմնականում կրթության և վերապատրաստումների, ռազմական բժշկության, ռազմարդյունաբերության, խաղաղապահ գործողությունների, վարժանքների ոլորտներում:

Հարց․ Հունիսի 4-ին Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Դրա արդյունքում ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափի համագործակցությունը։ Ի՞նչ հնարավորություններ կընձեռի այս համագործակցությունը երեք երկրներին և մասնավորապես Հայաստանին։

Պատասխան․ Հայաստանն իր երկկողմ հարաբերությունները Հունաստանի և Կիպրոսի հետ վարում է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա, և Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր երկրների միջև եռակողմ հարաբերությունները դրվեցին ինստիտուցիոնալ մակարդակի վրա։ Եռակողմ համագործակցության մեկնարկը տրվեց այս տարի Նիկոսիայում, այնուհետև վերահաստատվեց շուրջ մեկ ամիս առաջ Նյու Յորքում՝ երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում։ Եռակողմ այս ձևաչափի նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է՝ երեք երկրների միջև ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով: Դրա հա­մար ունենք լավ հիմքեր՝ երեք ժողովուրդ, որոնք միմյանց ընկալում են որպես եղբայրական, լի են փոխադարձ ակնածանքով, կի­սում են նույն արժեքները։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը կարևոր ձեռքբերում է նախ՝ որպես տարածաշրջանային նոր ձևաչափ և երկրորդ՝ որպես Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ։

Հարց․ Եռակողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է 2020 թ. հունվարին երկրների ղեկավարների մակարդակով Հայաստանում անցկացնել առաջին եռակողմ գագաթաժողովը: Որ փուլում են նախապատրաստական աշխատանքները։ Ինչպիսի՞ օրակարգ է ուրվագծվում։

Պատասխան․ Այո, գալիք տարվա հունվարին մենք ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ առաջին եռակողմ գագաթաժողովի շրջանակներում։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն և ինչպես նախարարական հանդիպման դեպքում էր, գագաթաժողովին ընդառաջ նույնպես նախատեսվում են անցկացնել եռակողմ նախապատրաստական խորհրդակցություններ՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ Ծրագրում ենք մշակել համապարփակ եռակողմ օրակարգ, որը կներառի համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների և ռազմական-ռազմատեխնիկական։

Հարց․ Հայաստանն ու Հունաստանը տարբեր միջազգային կազմակերպությունների անդամներ են։ Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցությունն ու փոխօգնությունն այդ հարթակներում։

Պատասխան․ Միջազ­գային և տարածաշրջանային կառույցներում հայ-հունական համագործակցությունը մենք գնահատում ենք խիստ արդյունավետ:  Միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի առնչությամբ մեր երկրնե­րի մոտեցումները համընկնում են: Հունաստանը նաև կարևոր դերակատարում ունի Եվրոպական Միության հետ մեր երկրի գործընկերության, ինչպես նաև համագործակցության այլ ձևաչափերում, այդ թվում օրինակ՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության գործում:

Բերեմ ևս մեկ օրինակ․ բազմակողմ համագործակցության համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործունեությունը, որի լիիրավ անդամ Հայաստանը դարձել է 2018թ. հուլիսի 13-ին Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում կայացած Ֆորումի 2-րդ նախարարական համաժողովին։ Հայաստանը՝ որպես հնագույն քաղաքակրթության մաս հանդիսացող երկիր, իր ակտիվ ներդրումն է բերում ֆորումի աշխատանքներին, այդ թվում ակադեմիական շրջանակների համագործակցությանը։

Տպել էջը