ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքներով

31 հոկտեմբերի, 2019

Հարց. Պարոն Մնացականյան, ինչպիսի՞ գնահատական կտաք այս երկու օրվա աշխատանքներին:

Զոհրաբ Մնացականյան. Շատ ոգևորված եմ, որ այս շրջանում կարողացանք ապահովել, համալրել, համախմբել Ֆրանկոֆոնիայի համայնքը, ընտանիքը Ֆրանկոֆոնիայի արժեքների շուրջ և մեր նախաձեռնություններով միասին աշխատել մեր ընդհանուր օրակարգի ուղղությամբ: Այսօր Նախարարների կոմիտեում նախագահությունը փոխանցեցինք Թունիսի մեր գործընկերներին, որտեղ հաջորդ տարի անցնելու է հերթական գագաթաժողովը, և մենք իհարկե շարունակելու ենք շատ սերտ աշխատել և Թունիսի, և քարտուղարության հետ, և գլխավոր քարտուղարի՝ տիկին Մուշիկիվաբոյի հետ, և բոլոր մյուս անդամների հետ, որպեսզի համալրենք և կազմակերպության համախմբվածությունը շարունակենք պահել: 

Մենք կարողացել ենք որոշ նախաձեռնություններով ավելի հարստացնել օրակարգը՝ առաջ բերելով համագործակցություն նոր ուղղություններ, որոնք վերաբերում են թվայնացմանը և խելացի զարգացմանը: Մենք բանաձև ենք նախաձեռնել այս նախարարական ժողովի շրջանակներում, որն ընդունվել է մեծ ոգևորվածությամբ բոլորի կողմից: Այստեղ մենք շարունակելու ենք շատ կոնկրետ աշխատանքներ տանել: Մեր նախագահությամբ չի ավարտվում մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Ասեմ, որ ինչպես կազմակերպության շրջանակներում, այնպես էլ՝ կազմակերպության միջոցով երկկողմ մակարդակներում բավական հետաքրքիր օրակարգ է ձևավորվել տարբեր գործընկերների հետ: Աֆրիկյան մայրցամաքում մենք կարողացանք ձևավորել և առաջ տանել մեր օրակարգի խորացումը: Գիտեք, որ այս մոտակա ամիսների ընթացքում, մեկ երկու ամսվա ընթացքում արդեն ունենալու ենք մշտական դիվանագիտական ներկայություն, այսպես ասենք, Աֆրիկայի քաղաքական մայրաքաղաքում՝ Ադիս Աբեբայում, որտեղ տեղակայված է Աֆրիկյան Միությունը: Բավական մեծ ծավալով գործ արվել է, սակայն սրանով չի ավարտվում մեր աշխատանքը, և նորից եմ ուզում կրկնել՝ Ֆրանկոֆոնիան ապացուցեց իր շատ մեծ կարողությունը և մեծ ներուժը՝ ընդլայնելու մեր համագործակցությունը:

Հարց. Մեզնից ինչպիսի՞ ջանքեր են պահանջվում, որպեսզի մեծ մասամբ տիրապետենք ֆրանսերենին, երկրի մասին է խոսքը:

Զոհրաբ Մնացականյան. Շատ լավ հարց եք տալիս, և գիտեք, որպես փոքր երկիր, ժողովուրդ, որն ունի խորը ավանդույթներ... մենք փոքր երկիր ենք, բայց գիտեք, որ գլոբալ ազգ ենք, գլոբալ սփռում ունենք, և այդ առումով լեզվի, բազմաթիվ լեզուների իմացությունն ընդլայնում և ամրապնդում է մեր ներուժը:

Հարց. Շնորհակալություն, և վերջին հարցս. նախորդ տարվանից ի վեր Ֆրանկոֆոնիայի մասին զրուցելիս ես միշտ իմ հյուրերին հարցնում եմ, թե ֆրանսերեն որ բառն են սիրում օգտագործել նաև խորհրդանշական իմաստով՝ նաև ոչ ֆրանսախոսներին սովորեցնելով ևս ֆրանսերեն հերթական մեկ բառը:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք մեկ բառ չէ, ինձ թվում է, որ  բառերը շատ են: Ֆրանսերեն լեզուն իրապես բավական հարուստ է, և ֆրանսերեն լեզուն օգտագործվում է մի ժողովրդի կողմից, որն ունի, դավանում է արժեքներ, որոնք նույնպես հարազատ են մեզ համար՝ liberté, égalité, fraternité, solidarité:

Հարց.  Liberté, égalité, fraternité, solidarité: Շնորհակալություն:

 

Տպել էջը