ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը լատվիական «Latvijas Avīze» պարբերականին

22 սեպտեմբերի, 2019

Հարց. Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ժողովուրդները երբեմն պնդում են, որ մենք աշխարհաքաղաքական առումով պատկանում ենք Կենտրոնական Եվրոպային, Արևելյան Եվրոպային, Սկանդինավյան կամ Բալթյան տարածաշրջանին: Որ տարածաշրջանին է պատկանում Հայաստանը՝ Եվրոպա՞, Ասիա՞, թե՞ Միջին Արևելք:

Զոհրաբ Մնացականյան. Նշեմ, որ Հայաստանը չի սահմանափակվում միայն իր ներկայիս տարածքով: Հայաստանն ամենուր է, որտեղ մենք թողել ենք մեր հինավուրց քաղաքակրթության հետքերն ու ապացույցները. Կովկաս, Եվրոպա, Մերձավոր Արևելք՝ Սիրիա, Լիբանան, Երուսաղեմ: Ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկա, Իրան և անգամ Հարավ-Արևելյան Ասիա:

Բոլոր ժամանակներում հայ ժողովուրդը պայքարել է գիտելիքի, նորի ու չբացահայտվածի համար, դրսևորել է բացահայտողի, հետազոտողի և նաև հմուտ գործարարի ոգի: Մենք հպարտ ենք մեր հոգևոր ժառանգությունով, որն ազգային է և, միևնույն ժամանակ, պատկանում է ողջ մարդկությանը: 

Եվրոպայի ժողովուրդների նման հայերը նույնպես ձգտում են ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, այդ իսկ պատճառով, հազարավոր տարիների ընթացքում մենք կուտակել ենք այլ ժողովորդների, կրոնների և մշակույթների հետ գոյակցելու փորձ: Մենք սովորել ենք ընդունել այլոց ստեղծած լավագույն արժեքները՝ միաժամանակ պահպանելով մեր ազգային ինքնությունը:

Հարց. Այժմ, Հայաստանի հինավուրց նավը հասել է 21-րդ դար: Հարց՝ ինչպե՞ս գոյատևել գլոբալիզացված և ոչ միշտ հարմարավետ աշխարհում: Երբեմն ասում են, թե ձեր երկիրն ունի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն փորձում է խուսանավել Ռուսաստանի, Եվրոպայի և այլ մեծ տերությունների միջև:

Զոհրաբ Մնացականյան. «Բազմավեկտոր» արտաքին քաղաքականությունը լավագույն բնորոշումը չէ, որ երբեմն տրվում է մեզ: Եթե ես բնութագրեմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի բառով, ապա այն կանվանեմ Հայաստանամետ: Հայաստանի ազգային շահերը՝ ազատություն, անվտանգություն, ազգային ինքնիշխանության պաշտպանություն, ընկած են մեր արտաքին քաղաքականության հիմքում: Կարծում եմ՝ լատվիացիները դա լավ են ընկալում:

Միևնույն ժամանակ մենք լավ ենք պատկերացնում մեր աշխարհաքաղաքական դրությունը: Մենք քաջատեղյակ ենք, որ ապրում ենք մի տարածաշրջանում, որ դժվար է անվանել խաղաղ, որտեղ կա Հայաստանի անվտանգության շատ լուրջ, նույնիսկ էքզիստեցիալ սպառնալիք: Ահա թե ինչու մենք փորձում ենք ամրապնդել մեր ընկերների և դաշնակիցների աջակցությունը, և ավելին՝ անել դա այնպես, որ կանխվի այն իրավիճակը, երբ մենք կկառուցենք մեր հարաբերությունները մի գործընկերոջ հետ մյուսի հետ հարաբերությունների հաշվին:

Հարց․ Կարծես թե Հայաստանը հաջողության է հասել այդ հարցում․ դուք ունեք ԵՄ-ի գործընկերոջ կարգավիճակ, ինչպես նաև անդամակցում եք Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Զոհաբ Մնացականյան․ Նախևառաջ կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, հատկապես անվտանգության ոլորտում, շատ կարևոր են մեր երկրի համար։ Այս պահի դրությամբ, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը անդամակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ինչի մասին արդեն նշվեց։ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանն, իր հերթին, մուտք է ընձեռում դեպի 200 միլիոնանոց շուկա։

Մենք նաև շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Մենք ներգրավված ենք այս կազմակերպության Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ: Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի կայուն և հարատև կապեր ԵՄ անդամ շատ երկրների հետ, և հայկական սփյուռքն օգնում է պահպանել այդ կապերը:

Հայաստանի համար համագործակցության մեկ այլ կարևոր գործընկեր է ԱՄՆ-ն: Մեր հարևանների` Վրաստանի և Իրանի հետ ունեցած հարաբերությունները նույնպես կենսական կարևորություն ունեն մեզ համար: Վերջին տարիներին մենք ընդլայնել ենք համագործակցությունը Ասիայի մեծ տերությունների` Չինաստանի և Ճապոնիայի հետ:

Հարց. Ես միշտ հիացել եմ հայերով, արտերկրում իրենց լեզուն, եկեղեցին և ավանդույթները պահպանելու կարողությամբ: Գիտե՞ք, որ Լատվիայում նույնպես կա բավական ակտիվ հայկական համայնք:

Զոհրաբ Մնացականյան. Ռիգայում ես հանդիպում ունեցա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանք Լատվիայի նվիրված քաղաքացիներ են, բայց չեն մոռացել իրենց արմատների մասին, ինչն ինձ ուրախացրեց: 

Հայ գործարարները ներդրումներ են կատարում Լատվիայում: Ամենավառ օրինակներից է Ռիգայի կենտրոնում՝ Օպերայի մոտ գտնվող Կեմպինսկի հյուրանոցը:

Հարց. Կա՞ն ոլորտներ, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Լատվիան կարող էին փոխանակվել փորձով:

Զոհրաբ Մնացականյան. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լատվիան աչքի չեն ընկնում հարուստ բնական ռեսուրսներով: Մենք չունենք ո՛չ բնական գազ, ո՛չ նավթ: Հետևաբար, մարդկային ռեսուրսն ամենակարևոր ակտիվն է երկու երկրներում էլ: Ապագան հիմնվում է կրթության, նորարարությունների, ստեղծարար և առաջատար տեխնոլոգիաների, ի հայտ եկող տաղանդների մոբիլիզացման ունակության վրա:

Օրինակ՝ Հայստանում, ներառյալ գյուղական համայնքներում, դպրոցները ունեն  լաբորատորիաներ, որտեղ աշակերները կարող են խորացնել իրենց գիտելիքները բնական գիտությունների բնագավառում: Այս ծրագրի հիմնական նպատակը տեխնիկական և ինժեներական մասնագիտությունների տարածումն է: Կարծում եմ, Լատվիան նույնպես կարող է օգտագործել այս փորձը:

Հարց. Արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարևոր գործոն է ձեր երկրի անվտանգության հարցում:

Զոհրաբ Մնացականյան. Այն մեր անվտանգության երաշխիքներից է: Ցավոք, ժամանակակից Թուքիան, որ ՆԱՏՕ-ի անդամ է, բավական ագրեսիվ կերպով հրաժարվում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և շարունակում է ժխտել Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը:

Հարց. Երկու տարի առաջ ես Երևանում այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր, ուստի շատ լավ գիտեմ որքան կարևոր է ցեղասպանության հիշողությունը հայ ժողովրդի համար։ Որո՞նք են խոչընդոտները, որ այսօր խանգարում են հաշտեցմանը: Հարյուր տարի է անցել այդ ողբերգական դեպքերից:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը կցանկանա լավ հարաբերություններ հաստատել իր հարևան Թուրքիայի հետ: Ավելին, մենք երբեք չենք փորձել նախապայմաններ դնել, թե հարաբերությունների կարգավորումը կարող է միայն հետևել ցեղասպանության ճանաչմանը:

Դժբախտաբար, թուրք քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները դեռևս հերքում են այդ ողբերգության փաստը: Նույնիսկ երբեմն պնդումներ են լինում, որ զոհերը, եթե այդպիսիք կան, կապված էին «հրոսակախմբի տեղահանման» հետ: Եվ դա հնչում է ոչ միայն որպես ժխտում, այլ նաև որպես ցեղասպանության արդարացում:

Հարց. Հայաստանը աշխարհում առաջին պետությունն է, որն ընդունել է Քրիստոնեությունը և հայոց այբուբենը 1500 տարվա պատմություն ունի: Ինչպե՞ս է ձեզ հաջողվել պահպանել ձեր լեզուն խորհրդային ժամանակաշրջանում: Եթե չեմ սխալվում, Հայաստանը և Վրաստանը միակն էին խորհրդային հանրապետություններից, որոնք իրենց սահմանադրությունների մեջ ունեին կետ, ըստ որի պետության պաշտոնական լեզուն համապատասխանաբար հայերենը և վրացերենն է:

Զոհրաբ Մնացականյան. Եվ դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք մեր հայրերին և պապերին: Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում ժողովրդական ուժեղ շարժում կար, որը պահանջում էր պահպանել ազգային լեզուների պաշտոնական կարգավիճակը: 

Նույն կերպ մեզ հաջողվեց հասնել նրան, որ խորհրդային իշխանությունները թույլատրեն մեզ ոգեկոչել ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը: Դա 1967թ.-ին էր՝ խորհրդային կարգերի խորը տարիներին: Երևանում կառուցվեցին Ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը:

Հարց. Հայ ժողովրդի տառապանքը դեռևս չի ավարտվել: Ի՞նչ է կատարվում սիրիահայության հետ:

Զոհրաբ Մնացականյան. Պատմական Հայաստանի տարածքները ընդգրկվել էին համապատասխանաբար Օսմանյան և Ռուսական կայսրությունների ներքո: Հետևաբար, հայերը, ովքեր ներկայումս բնակվում են Սիրիայում, ավելին են, քան գաղթականներ կամ սփյուռք: Ըստ էության, նրանք պատմական և բնական մասն են կազմում այն տարածքի, որը մենք Սիրիա ենք անվանում դեռևս 4-րդ դարից: 

Դժբախտաբար, 2011թ. քաղաքացիական մահաբեր պատերազմ բռնկվեց Սիրիայում, և մեր հայրենակիցները դրա զոհերի թվում էին: Մինչ այդ 100 000 հայ էր ապրում այդ երկրում, այժմ մոտավորապես 20 000-ն են մնացել այնտեղ: Մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ, մոտավորապես 25 000-ը վերադարձան Հայաստան:

Այս տարիների ընթացքում մեր մշակութային ժառանգությունը նույնպես ավերվեց, շատ հայկական եկեղեցիներ իսլամական ահաբեկիչների կողմից գետնին հավասարվեցին:

Հարց. Լարվածությունը Մերձավոր Արևելքում ահագնացավ այս օրերին Սաուդյան Արաբիայի նավթի վերամշակման գործարանի վրա հարձակումից հետո: Հնարավոր հակամարտությունը ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի համար:

Զոհրաբ Մնացականյան. Այս իրավիճակը միանշանակ պարզ չէ: Իրանը մեր հարևանն է, այնտեղ կա հայկական մեծ, մոտաորապես 100000-ոց համայնք: Միևնույն ժամանակ, մենք արժևորում ենք ԱՄՆ-ի՝ Հայաստանի համար կարևոր գործընկերոջ հետ մեր լավ հարաբերությունները: Հույս ունենանք, որ ներկայիս լարվածությունը չի վերածվի ռազմական հակամարտության և ամեն բան կկարգավորվի խաղաղ եղանակով: 

Հարց. Ես կցանկանայի հարց ուղղել նաև Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի մասին: Ի՞նչ է այդ տարածքը ներկայումս իրենից ներկայացնում : Արդյո՞ք դա  դե ֆակտո անկախ Արցախ պետություն է, կամ ի վերջո Հայաստանի մաս է կազմում:  

Զոհրաբ Մնացականյան. Նախ և առաջ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը այնտեղ ապրող մարդիկ են: Մեր հայրենակիցներից 150000-ը, որոնցից յուրաքանչյուրը ունի անուն, տուն, ընտանիք, անձամբ բախվել է գոյատևման էկզիստենցիալ սպառնալիքին: Մի փոքր անդրադառնամ պատմությանը. 1920-ական թթ., Կոմունիստական կուսակցության որոշմամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Դժբախտաբար, 70 տարիների ընթացքում մեր ժողովրդի մի մասը, որ բնակվում էր այնտեղ, ենթարկվեց խտրականության և հետապնդումների: Բնականաբար, մնացյալ աշխարհը տեղյակ չէր այդ մասին՝ Խորհրդային Միության մեկուսացված բնույթի պատճառով:

1980-ական թթ. վերջին Լեռնային Ղարաբաղում սկսվեց ազգային վերածննդի շարժում և բարձրացվեցին ինքնորոշման իրավունքի իրացման պահանջներ: 

Դրան հետևեց ադրբեջանական կողմի ագրեսիան և էթնիկ զտումները: Չնայած մարդկային բազմաթիվ զոհերին՝ Լեռային Ղարաբաղը կարողացավ պաշտպանել իրեն: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ամենասերտ դաշնակիցն է, և, ըստ էության, նրա անվտանգության երաշխավորը: Ներկայումս տարածաշրջանում տիրում է ռազմական հավասարակշռություն:  

Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը բավարար կամք և կարողություն ունեն այս իրավիճակը պահպանելու համար: Ո՛չ ագրեսիվ հռետորաբանությունը, ո՛չ էլ նոր պատերազմի սպառնալիքները ոչինչ չեն փոխի:

Հարց. Լատվիայի Ազգային Գրադարանին Դուք նվիրել եք հին ձեռագրերի պահոց, հայ ժողովրդի սրբավայրերից մեկ հանդիսացող Մատենադարանի մասին պատմող գիրք: Ինչ եք գրել դրա մեջ:

Զոհրաբ Մնացականյան. Այն, որ ես երախտապարտ եմ գիտության այս տաճար, ինչպես դուք եք ասում՝ Լույսի Պալատ այցելելու հնարավորության համար. անչափ գեղեցիկ և տպավորիչ կառույց է:

Ես բավականին տպավորված եմ մարդկանց մասին պատմություններով, ովքեր իրենց գրքերը նվիրաբերել են գրադարանին, ովքեր կազմել են կիլոմտրեր ձգվող մարդկային շղթա՝ գրքերը հին մասնաշենքից նորը տեղափոխելու համար:

Սա տեսարժան հուշարձան է՝ նվիրված գիտության նկատմամբ ծարավին, ինչը բնորոշ է Լատվիայի ժողովրդին: Սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե հոգեպես որքան մոտ են մեր ժողովուրդները: 

 

 

Տպել էջը