ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը լիտվական LRytas հեռուստաընկերությանը

17 սեպտեմբերի, 2019

Հարց. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի վերջին այցը Լիտվա տեղի է ունեցել 2013 թ., ինչո՞ւ որոշեցիք, որ այժմ է ժամանակը՝ այցը կրկնելու համար: 

Զոհրաբ Մնացականյան. Մենք Լիտվայի հետ ունենք երկկողմ հարաբերությունների շատ լավ դինամիկա, մենք պարբերաբար տարբեր երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկում ենք բազմաթիվ հարցեր, և ունենք գերազանց երկխոսություն իմ գործընկեր և լավ ընկեր նախարար  Լինկևիչուսի հետ: Մենք արդեն որոշ ժամանակ է՝ ծրագրում էինք այս այցը, և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Մենք շատ բան ունենք քննարկելու, այդ թվում երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ նշանակության հարցեր: Սա կարևոր այց է, որը Լիտվայի և Հայաստանի միջև կամրապնդի ներդաշնակ հարաբերությունները և բարեկամությունը: Մենք ունենք փոխադարձ հարգանք և մեր գործառույթը՝ որպես կառավարության ներկայացուցիչներ, մեր հարաբերություններն ամրապնդելն ու առաջ տանելն է: 

Հարց. Ի՞նչ եք կարծում, որն էր այցերի միջև վեցամյա երկարատև ընդմիջման պատճառը: 

Զոհրաբ Մնացականյան. Այն կարող է վերլուծությունների հիմք հանդիսանալ, սակայն մեր կառավարության՝ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը ստանձնելուց հետո մենք ակտիվորեն աշխատել ենք այսպիսի հարաբերությունների ուղղությամբ, որոնք կարևոր են մեր երկրի համար: Եվ Լիտվան այն պետությունն է, որի հետ մենք ունենք կարևոր օրակարգ: Մեր կառավարությունը Լիտվայի հետ հարաբերություններն առաջնային է համարում, ուստի մենք կշարունակենք աշխատել լավագույնին հասնելու համար: 

Հարց. Ո՞րն էր այս այցի օրակարգը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք իրապես շատ հարցեր ունենք քննարկելու, երկկողմանի մակարդակում ունենք շատ ակտիվ երկխոսություն, երկարաժամկետ և ակտիվ քաղաքական երկխոսություն մեր կառավարությունների և խորհրդարանների միջև: Ուրախ եմ, որ Լիտվայի իշխանությունները շուտով՝ հոկտեմբերի սկզբին այցելելու են Հայաստան: Մենք անհամբերությամբ կսպասենք Վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցին, ինչպես նաև կաշխատենք հաջորդ տարի Հայաստանի նախագահի Լիտվա կատարելիք այցի ուղղությամբ: Այսպիսով մենք ունենք քաղաքական առկա երկխուսությունը պահպանելու լավ ծրագիր: Երկկողմ օրակարգի առնչությամբ, հատկապես նախարար Լինկևիչուսի և Լիտվայի վարչապետի հետ հանդիպումների ժամանակ շատ լավ հնարավորություն ընձեռնվեց քննադատաբար գնահատել ներկա իրավիճակը: Մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք, ներառյալ ներքին զարգացման համանման ծրագրերը, նաև մենք հետաքրքրված ենք Լիտվայի կառավարության առաջնահերթություններով՝ կապված սմարթ զարգացման հետ, և այս առումով, իհարկե, մենք հետաքրքրված ենք կայանալիք «Ֆինտեկ» խորհրդաժողովով: Մեր հետաքրքրությունների շրջանակներում են կենսատեխնոլոգիական հարցեր, և մենք բնականաբար ցանկություն ունենք օգտագործել այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առկա հնարավորությունները: Մենք հետաքրքրված ենք բարփոխումների գործընթացում Լիտվայի ունեցած փորձով: Մենք հաստատապես համագործակցում ենք տարբեր վերապատրաստման ծրագրերի միջոցով, օրինակ՝ եվրոպական վերապատրաստման ծրագրեր, ռազմական վերապատրաստման ծրագրեր. երկկողմանի օրակարգի ցուցակը բավականին երկար է:

Մենք նաև ունենք համագործակցության շատ կարևոր օրակարգ Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների առնչությամբ և մեծապես գնահատում ենք Լիտվայի աջակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և հաղորդակցությանը: Այդ համաձայնագիրն ընձեռում է քաղաքական, ինչպես նաև արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործացության դաշտ: Տարատեսակ ծրագրերի և դասընթացների միջոցով նման համագործակցությունն  անդամ-պետությունների հետ շատ կարևոր և գնահատելի է: Ես շնորհակալ եմ, որ Լիտվան ցուցաբերում է ուժեղ աջակցություն վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսությանը: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն արժանի է ունենալ ավելի ուժեղ և հասանելի հարաբերություններ իրենց եվրոպական գործընկերների և ընկերների հետ: Դա նաև ավելի կմերջեցնի մարդկանց: Այդ պատճառով էլ ես շատ շնորհակալ եմ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին Լիտվայի կողմից ցուցաբերած ուժեղ աջակցության համար:

Հարց. Որտե՞ղ է գտնվում ԵՄ-ն Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում:

Զոհրաբ Մնացականյան. ԵՄ-ն ավանդաբար եղել է շատ կարևոր գործընկեր և Հայաստանի ամվտանգության մատակարարը: Այն մեր ազգային անվտանգության ճարտարապետության մի մասն է: Հայաստանում 2018 թ. ապրիլ-մարտ ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառապես մեր ներքին գործն էր: Մենք վերահաստատել ենք մեր հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների, և իրավունքի գերակայությանը: Ահա թե ինչի մասին էր հեղափոխությունը և դա բացառապես վերաբերում էր Հայաստանի ներքին գործերին: Արտաքին քաղաքականության մեջ մենք որևէ փոփոխություն չենք իրականացրել: Մենք ունենք լավ հաստատված ազգային անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված մեր ազգային անվտանգությունն ամրապնդող կարևոր գործընկերների վրա: ԵՄ-ն բազմաթիվ ծրագրերով, հանձնառություններով և Հայաստանի զարգացման և անվտանգության մեջ իր ակտիվ ներգրավմամբ եղել և շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության կարևոր մասը: Այսպիսով, ոչինչ չի փոխվել: 

 

 

Հարց. Հայաստանը երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ, սակայն նաև ունի առևտրային և այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ. ինչ-որ առումով նրանք պետք է մոտ մնան: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ իրավիճակի կառավարումը:

Զոհրաբ Մնացականյան. Ինչպես նշեցի, մենք եղել և շարունակում ենք մնալ  հետևողական մեր ազգային անվտանգության ամբողջականության, նախկին և ներկա գործընկերների հետ մեր հարաբերությունների պահպանման հարցերում: Ռուսաստանը հատկապես կարևոր գործընկեր է անվտանգության ապահովման և Հայաստանի հետ համագործակցության առումով: Մենք դա շատ բարձր ենք գնահատում և աշխատելու ենք նաև համագործակցության այլ ձևաչափերով, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը: Ես արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել խոսելու ԵՄ-ի կարևոր դերի մասին, և շատ առումներով այն նաև դեր է խաղում մեր տարածաշրջանային և ազգային անվտանգությունում: Աջակցությունը շատ կարևոր է մեզ համար. այն ամրապնդում է մեր ազգային կառույցները: Հայաստանը բարձր է գնահատում հարթ հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Հարց. Հնարավո՞ր է արդյոք, որ ավելի խորը ինտեգրացիան ԵՄ-ի հետ և երկխոսության խորացումն ԱՄՆ-ի հետ ազդեն Ռուսաստանի հետ Ձեր հարաբերությունների վրա:

Զոհրաբ Մնացականյան. Մեր արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքն է մեկ գործընկերոջ հետ հարաբերություններ չկառուցել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին. դա իսկապես վնասակար է և աղետալի: Մենք մեր գործընկերների միջև հակամարտության աղբյուր չենք, մենք պարզապես ցանկանում ենք կլանել հակամարտությունը: Նման ձգտումը բխում է մեր ազգային շահից: Ուստի մենք շարունակելու ենք աշխատել ԵՄ-ի հետ, աշխատել ԱՄՆ-ի հետ, բայց մենք չենք կառուցի հարաբերություններ, որոնք կվնասեն այլ գործընկերների հետ մեր հարաբերություններին: Նմանապես մենք շարունակելու ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Վրաստանի հետ, բայց այնպես, որ դա չվնասի այլ գործընկերների հետ մեր հարաբերություններին: Ես գիտակցում եմ, որ սա բարդ մարտահրավեր է, բայց հենց սա է մեր աշխատանքը, հենց սա է մեր ազգային շահը:

 

Տպել էջը