ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները Հանրային Ռադիոյի լրագրողի հարցերին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում

28 մայիսի, 2019

Հարց. Դուք ընդունեցիք Մինսկի խմբի համանախագահներին, կարող եք  ասել առավել մանրամասն՝ ինչ եք քննարկել:

Զոհրաբ Մնացականյան. Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում: Մնացած հարցերը ևս քննարկվում են  այս պահին: Իհարկե, համանախագահները դեռևս Երևանում են, լինելու են նաև Ստեփանակերտում, այնուհետև պետք է գնան Բաքու: Դրանից հետո առավել համապարփակ կկարողանանք ամփոփել, որովհետև այս պահին այդ գործընթացները տեղի են ունենում:

Հարց. Պարոն Մնացականյան, ուզում եմ անդրադառնալ Մամեդյարովի հայտարարությանը, որտեղ ասվում է, որ «մենք Հայաստանին ժամանակ էինք տվել, որպեսզի ուսումնասիրեն, հիմա այդ ժամանակն սպառվել է»: Ինչպես կմեկնաբանեք:

Զոհրաբ Մնացականյան. Բազմաթիվ անգամ ասել ենք, նման լեզուն բանակցային լեզու չէ, առավել ևս բանակցողի համար վայել չէ: Սպառնալիքների լեզուն չի աշխատել և չի աշխատելու, բազմիցս ասել ենք դրա մասին: Բազմիցս ասել ենք նաև՝ Հայաստանը և Արցախը վճռական են իրենց պաշտպանության առումով: Տարբեր ձևերով ենք ասել դա: Իմաստը դա չէ: Դա որևէ կերպ չի նպաստում բնականոն աշխատանքին, առավել ևս, երբ բանակցողի կողմից է նման բան հնչում, դա վայել չէ:

 

Տպել էջը