Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը «Թերթ.ամ» լրատվական կայքին

24 մայիսի, 2019

Հարց․ Պարո՛ն Սեյրանյան, վերջերս եք նշանակվել Ուկրաինայում ՀՀ դեսպան, համարվում է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները սկսել են անկում ապրել Երևանի և Կիևի արտաքին քաղաքական վեկտորների փոխվելուց, Եվրամայդանից և Ղրիմի՝ Ուկրաինայից անջատումից հետո: Կուզենայի Ձեր դիրքորոշումն  իմանալ՝ իրականում ինչպիսի՞ն են հայ-ուկրաինական հարաբերությունները:

Տիգրան Սեյրանյան․ Դուք ճիշտ նկատեցիք, որ հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, նաև հարցը նախանշել է դրանց որոշակի սառնության պատճառները։ Յուրաքանչյուր պետություն գործում է` ելնելով իր կենսական շահերից, և լինում են շրջաններ, երբ այդ կենսական շահերն օբյեկտիվորեն տարբեր առաջնայնություններ ունեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է գործակցության եզրեր գտնել, բարելավել հարաբերությունները, և ես այդ առումով լավատես եմ, դրա նախանշաններն ունենք։

Հարց․ Վերջերս Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հաղթանակ տարած թեկնածու Վոլոդիմիր Զելենսկին դեռևս ընտրությունների քվեարկության օրն ասել էր, որ հայ-ուկրաինական հարաբերությունները հրաշալի են, իրենք հասկանում են հայերին: Նա անգամ ասել էր, որ պատրաստ է գալ Հայաստան: Սա արդյո՞ք ուղերձ, ձեռք մեկնում է ուկրաինական կողմից, հայկական կողմն այն ինչպե՞ս է ընկալում:

Տիգրան Սեյրանյան․ Ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած երկու թեկնածուներն էլ ջերմ են խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին, և, կարծում եմ, անկեղծ են եղել։ Այս վերաբերմունքը փոխադարձ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Վոլոդիմիր Զելենսկուն, այն էլ ուկրաիներեն լեզվով, մի հանգամանք, որ շատ դրական գնահատվեց Ուկրաինայում։ Ի դեպ, պարոն Զելենսկին իր պաշտոնակալման արարողությանը մասնակցելու նպատակով Կիև ժամանած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նշեց դրա մասին՝ իրեն հատուկ հումորով ասելով, որ «հաշիվը 1-0 է՝ վարչապետ Փաշինյանի օգտին»։

Ընտրված նախագահին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Միմյանց դիրքորոշումների ընկալումն ամենակարևորն է այս պարագայում, և այդ ընկալումը թույլ կտա հաղթահարել առկա թյուրընկալումները։ Ինչ վերաբերում է բարձրաստիճան փոխայցելություններին, ես հավատում եմ, որ դրանք կլինեն, այդ ուղղությամբ աշխատելու եմ։ Համոզված եմ, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը ևս ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ։ Իհարկե, դրանք հապճեպ չեն կազմակերպվում․ նախ և առաջ, բարձր մակարդակով այցերի համար բովանդակություն է պետք պատրաստել։

Հարց․Պարո՛ն Սեյրանյան, ինչպես նշվեց, հայ-ուկրաինական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում նաև Ղրիմի հետ կապված հարցերում ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկությունների պատճառով: Շատերը կարծում են, որ Հայաստանն ուկրաինական բանաձևերի քվեարկության ժամանակ կարող է չեզոքություն դրսևորել՝ դեմ քվեարկելու փոխարեն: Հայաստանի նոր իշխանությունները, Դուք, որպես Ուկրաինայում ՀՀ դեսպան, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ:

Տիգրան Սեյրանյան․ Այո, կա այդ խնդիրը։ Բայց հարցին պետք չէ միակողմանի նայել։ Ուկրաինան ևս զանազան միջազգային հարթակներում սատարել է հակահայ դրույթներ պարունակող փաստաթղթերի։ Հայաստանը չի կարող դեմ չլինել մի փաստաթղթի, ուր Հելսինկյան եզրափակիչ ակտի մի շատ կարևոր՝ ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը, անտեսվում է կամ ստորադասվում մեկ այլ սկզբունքի։ Ինչևէ, կարծում եմ՝ կողմերը հնարավորություն ունեն առաջիկայում ավելի ուշադիր մոտենալ միմյանց դիրքորոշումներին, փորձել մերձեցնել դրանք, հասնել որոշակի փոխըմբռնման։ Ի դեպ, լավ օրինակներ էլ ունենք։ Այսպես, 2013, 2015 և 2018թթ. Ուկրաինան համահեղինակել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ՄԻԽ ներկայացված «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևերը, իսկ 2015թ., ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում՝ ցեղասպանություններին վերաբերող մեկ այլ փաստաթուղթ։

Կարևոր է բաց և ազնիվ քննարկել այդ հարցերը։ Երկխոսությունը երբեք չի դադարել, սակայն վերջին շրջանում կողմերին հաջողվեց նոր թափ հաղորդել դրան։ Կարճ ժամանակահատվածում տեղի ունեցան ԱԳ նախարարների տեղակալների մակարդակի քաղաքական խորհրդակցություններ Երևանում և Կիևում, հաստատվեց հետագա խորհրդակցությունների ծրագիրը։ Ինչպես վերը նշեցի, Հայաստանը բարձր մակարդակով մասնակցեց երկրի նոր նախագահի պաշտոնակալման արարողությանը։

Հարց․ Վերջերս լայն քննարկման առարկա էր դարձել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի հետ կապված միջադեպը, որին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահներն արգելել էին Հայաստան մուտք գործել, քանի որ, ինչպես պարզվել էր, Ռուսաստանի ու Հայաստանի միջև կա կոորդինացիա անցանկալի անձանց գծով: Սա արժանացել էր քննադատության, այն մասով, որ ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա ազդող միջադեպ էր: Չե՞ք կարծում, որ այն իսկապես կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Դուք ուկրաինական իշխանությունների հետ այս հարցի հետ կապված քննարկումներ ունեցե՞լ եք, պարզաբանումներ եղե՞լ են:

Տիգրան Սեյրանյան․ Միջադեպն իրոք տհաճ էր, բայց, կարծում եմ, այն որոշակիորեն հարթվեց, նաև ՀՀ ԱԺ-ում նորաստեղծ Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հովհաննես Իգիթյանի և քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ։ Չեմ կարող լիովին համաձայնել առկա, նաև ուկրաինացի պատգամավորի, ընկալումների հետ։ Հարցին անդրադարձել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշելով, որ Ռուսաստանի պահանջով չի եղել ոչինչ։ Բանն այն է, որ «2015 թվականին Մուստաֆա Նայեմն օտարերկրացիների մասին օրենքի համաձայն ընդգրկվել է Հայաստանում որպես անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքին արգելք է դրվել»։ Այնուհետև «մեծ քանակությամբ օտարերկրյա քաղաքացիների մուտքը, որ արգելափակված էր Հայաստան, բացվել է։ Երեսուն հազարից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնք հանվել են այդ ցանկից։ Տեխնիկական վրիպակ է եղել, և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում»։ Ի վերջո, Մուստաֆա Նայեմը մուտք է գործել Հայաստան։

Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ուկրաինական ԱԳՆ-ից մեզ ահազանգ է փոխանցվել, և իմ՝ վերը բերված բացատրությունից հետո այլ հարցադրումներ չեն եղել։

Հարց․Ընդհանրապես ինչպե՞ս է ընկալվում այսօրվա Հայաստանն Ուկրաինայի կողմից:

Տիգրան Սեյրանյան․ Այդ ընկալումները բազմաշերտ են։ Դրանք կարելի է բաժանել երեք շերտի կամ մասի՝ պատմական, արժեհամակարգային և արտաքին քաղաքական։ Արտաքին քաղաքականի մասին ես բավականաչափ խոսեցի։ Պատմական ընկալումը շատ դրական է, քանի որ հայ-ուկրաինական պատմական առնչությունները հազարամյակի հարուստ պատմություն ունեն, դրանց մասին շատ է խոսվում, ու մեր խնդիրն է դրանք ավելի բացահայտել և ներկայացնել ժողովուրդների ուշադրությանը։

Արժեհամակարգային ընկալումը ևս դրական է։ Չնայած ինտեգրացիոն տարբեր ձևաչափերի՝ երկու երկրներն էլ որդեգրել են ժողովրդավարական զարգացման ուղին, երկու պետություններում էլ անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, քաղհասարակությունները չափազանց զարգացած են, վերջին ընտրությունները եղել են մրցակցային և թափանցիկ։ Ի դեպ, շատ դրական եմ գնահատում, որ քաղաքացիական ակտիվիստների միջև զարգանում է համագործակցությունը, և հենց այդ շրջանակներում է, որ Մուստաֆա Նայեմն այցելեց մեր երկիր։ Ուկրաինայում բարձր գնահատվեց Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը։

Հարց․ Նաև վերջերս շրջանառվում է տեսակետ, որ Հայաստանը կարող է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Մենք կարո՞ղ ենք մեզ նման դեր ստանձնել:

Տիգրան Սեյրանյան․  Չեմ կարող մեկնաբանել այս տեսակետը։ Առաջին հերթին ուկրաինական և ռուսական կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն երկխոսությունը վերսկսելու հարցում։ Մեր վարչապետն իրավացիորեն վերջերս նշել էր, որ երկու կողմում էլ մեր բարեկամներն են։ Տարածաշրջանը միայն կշահի խաղաղությունից և կայունությունից։

Հարց․ Հայ-ուկրաինական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժի մասին շատերն են խոսում: Ի՞նչ մակարդակում են գտնվում տնտեսական հարաբերությունները, արդյոք կա՞ն փոխադարձ պայմանավորվածություններ՝ դրանք բարձրացնելու ուղղությամբ:

Տիգրան Սեյրանյան․ 2018 թվականին երկկողմ առևտուրը, ըստ հայկական կողմի տվյալների, հասել է գրեթե 171 միլիոն ԱՄՆ դոլարի, 45 միլիոնով ավելի շատ, քան 2017 թվականին։ Եղել են տարիներ, երբ ապրանքաշրջանառությունը հասել է 300 միլիոն դոլարի։ Այս տարի ցուցանիշները դեռ տպավորիչ չեն, բայց տարվա մեծ մասը դեռ առջևում է։ Իմ կարծիքով` հրամայական է դարձել վերսկսելու հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը որի վերջին նիստը տեղի է ունեցել 2013 թվականին։

Ներուժ, բնականաբար կա։ Կարող ենք նույնիսկ ներդրումներ ակնկալել Հայաստանում, թեպետ Ուկրաինան ինքը ներդրումների մեծ կարիք ունի։ Այս առումով մեծ ակնկալիքներ ունենք նաև մեր այն հայրենակիցներից, ովքեր Ուկրաինայի գործարար ոլորտում զգալի հաջողությունների են հասել։ Եվ կան այդպիսի մարդիկ, որոնք ներդրումներ են անում կամ աջակցում հայաստանյան արտադրանքի արտահանմանը։

Հարց․ Ո՞ր ոլորտների զարգացումն է ընդհանրապես ընկած երկու երկրների ուշադրության կենտրոնում:

Տիգրան Սեյրանյան․ Ես չէի ցանկանա առանձնացնել կամ դուրս թողնել որևէ ոլորտ։ Բոլոր ոլորտներն էլ կարևոր են, այդ թվում` քաղաքական երկխոսությունը։

Հարց․ Ուկրաինայում գործում է մեծ հայկական համայնք: Շատ է նշվում, որ այն կարող է կապող օղակ լինել երկու երկրների միջև: Հետաքրքիր է՝ համայնքն ի՞նչ կարծիք ունի այսօրվա հայաստանյան իշխանությունների՝ Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ և պատրա՞ստ է կամուրջի դերը ստանձնելուն:

Տիգրան Սեյրանյան․  Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները հազարամյակի պատմություն ունեն։ 

Ուկրաինայի հայերը միշտ պահել են կապը Մայր հայրենիքի հետ, թեպետ պետությունների միջև հարաբերությունների որոշակի սառնությունն անդրադառնում է նաև համայնքի տրամադրությունների վրա։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավումը նոր շունչ կհաղորդի նաև ուկրաինահայերի մոտեցումներին։ Համայնքը հսկայական ներուժ ունի. մշակութային, գործարար, նաև քաղաքական և վաղուց է այդ «կամրջի» դերն ստանձնել, համոզված եմ` այն առաջիկայում ավելանալու է։

Իհարկե, մենք էլ պետք է ավելի ուշադիր լինենք դրա մտահոգությունների և կարիքների հանդեպ։ Պաշտոնավարման առաջին իսկ օրից հանդիպում եմ մեր հայրենակիցների հետ, քննարկում համատեղ ծրագրերի հնարավորությունը, սկսել եմ այցելել տարածաշրջաններ։ Հայաստանը երեք պատվավոր հյուպատոսություն ունի Ուկրաինայում՝ Խարկովում, Չերկասիում և Տերնոպոլում, որոնք գլխավորում են Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցները։ Ծրագրում եմ մեծացնել այդ ցանցը։

Հարց․ Վերջին հարցը․ կուզեի իմանալ՝ ի՞նչ ուղենիշ եք Ձեզ համար սահմանել հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար․ ինչպիսի՞ն եք Դուք ցանկանում տեսնել դրանք Ձեր կողմից իրականացվելիք դիվանագիտական առաքելության տարիներին:

Տիգրան Սեյրանյան․ Ուղենիշի մասին խոսելն առայժմ վաղ է։ Դեռևս գնահատման փուլում եմ։ Հետո, պետք է տեսնել, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան Ուկրաինայում պարոն Զելենսկու կողմից պաշտոնը ստանձնելուց և հուլիսի երրորդ տասնօրյակում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ամեն դեպքում, նպատակ ունեմ տնտեսական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հիմքով և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով հասնել փոխընկալման և գործակցության ավելի բարձր մակարդակի։ Կարևորը վճռականությունն է, որ ես ունեմ։

Հավելեմ, որ Ուկրաինայի հարավում՝ Օդեսայում, գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը ևս վերջերս է ստանձնել իր պաշտոնը, և միասին մենք կաշխատենք հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

 

Տպել էջը