Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Առաջին լրատվականին». Մաս 1-ին

25 ապրիլի, 2019

Հարց. Քանի որ երեկ ապրիլի 24-ն էր, եկեք մեր զրույցը սկսենք այդ մեկնակետից: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շարունակում են մնալ պատայի՞ն վիճակում:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, դժբախտաբար այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, ինձ որևէ հույս չի ներշնչում, որ մենք որևէ ճանապարհ ունենք ինչ-որ ուղղությամբ շարժվելու: Գիտեք, որ Հայաստանի կողմից բավական մեծ ներդրում էր արվել 2009թ. Ցյուրիխի արձանագրությունների համար, և Թուրքիան ուղղակի մերժեց այդ ամենը: Անմիջապես այն քաղաքական գործիչը, որ դերակատարն էր մերժման այդ գործընթացի, այսօր ղեկավարն է այդ երկրի, և այն պատգամները, որ մենք տարիներ շարունակ լսում ենք Թուրքիայից, հուսադրիչ չեն: Նույնիսկ կասեի՝ մեկնաբանություններ և հայտարարություններ, որ նույնիսկ դատապարտելի են:

Հարց. Այսօր ՀՀ վարչապետն է ստիպված եղել արձագանքել այդ արտահայտությանը: Նշեցիք Ցյուրիխյան արձանագրություններ: Դուք Ձեր սեփական կարծիքն ունե՞ք արձանագրությունների մասին: Ի վերջո, ու՞մ շահերն էր սպասարկում այդ ամբողջ գործընթացը:

Զոհրաբ Մնացականյան. Ես կարծում եմ, որ այդ գործընթացը բավական աշխատատար էր, համապարփակ քննարկված և բանակցված փաստաթղթեր էին, որոնք արժանացել էին մեր համահայկական քննարկումներին: Բնական է, շատ զգայուն և ծանր հարց էր, և ես կարծում եմ, որ կար գործընթաց, կար արդյունք: Ե՛վ Հայաստանի կողմից, և՛ Հայաստանի ժողովրդի կողմից, և՛ համայն հայության կողմից բոլոր այդ հակասական իրադրության մեջ եղավ արդյունք: Բայց դրան գնահատական տալը անհնար է, որովհետև մենք կորցրեցինք հնարավորություն: Մենք բոլորս միասին կորցրեցինք հնարավորություն, և պատճառը Թուրքիան է: Սա ավելի շատ հիմք է մեզ համար գնահատելու՝ ուր ենք այսօր և ինչ կարող ենք անել: Եվ այս պահի դրությամբ լավատեսության որևէ հիմք չունեմ՝ տեսնելու, թե ինչպես մենք կարող ենք կառուցել որևէ բան:

Հարց. Գոնե այսօր կարելի՞ է ասել, որ Թուրքիան բնավ էլ չէր գնում հարաբերությունները կարգավորելու:

Զոհրաբ Մնացականյան. Այն ժամանա՞կ: Դժվար է գնահատել, քանի որ այն ժամանակ ես այդ գործընթացի մասնակից չեմ եղել: Գիտեք, գործընթացը սկսել էին դեռ նախագահ Գյուլի ժամանակ, իսկ հետագա դերակատարները եղել են մյուսները: Կրկնեմ՝ մենք դատում ենք այսօրվա արդյունքով, որն իրականում չկա:

Հարց. Ի դեպ Անկարան, ասում են, բավական կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահի երեկվա ուղերձին, բայց ուղերձում ի՞նչ կար, որ այդպես զայրացրել էր Անկարային:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Դուք մեկ օրինակ բերեցիք, արձագանքը մեկ ուղղությամբ, բայց եթե դատեք արձագանքներն ամբողջ ծավալով, դրանք չափազանց անընդունելի են: Եվ նորից ցույց են տալիս սահմանափակումն առնչվելու, առերեսվելու իր սեփական պատմության հետ: Եվ այն, ինչն արտահայտվել էր երեկ, ուղակի դատապարտելի է: Դա վիրավորական է, դա անընդունելի է. սա ոչ թե ուղղակի մերժում է, այլ նույնիսկ արդարացում ցեղասպանությունը: Եվ ամենազավեշտալին այն է, որ արդարացնելով ցեղասպանությունը՝ նա փաստացի ընդունում է, որ դա եղել է կազմակերպված գործառույթ իշխանությունների կողմից: Հայերին, մեր նահատակներին, ցեղասպանության զոհերին անվանելով անընդունելի ձևով և արդարացնելով այն, ինչ որ արվել է այն ժամանակվա Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից. այս ամենն արդեն ուղղակի որևէ կերպ չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ:

Հարց. Թուրքիան մնում է Արցախյան հարցում Ադրբեջանի բացահայտ հովանավորը՝ երբեմն անմիջական միջամտության ցանկությամբ: Բանակցային շփումներում, այն շրջանում, որտեղ արդեն Դուք եք զբաղեցնում արտգործնախարարի պաշտոնը, որևէ կերպ այս մասին խոսվու՞մ է սեղանի շուրջ։

Զոհրաբ Մնացականյան: Ոչ:

Հարց։ Բայց էական չէ՞, դրա համար չի՞ խոսվում:

Զոհրաբ Մնացականյան. Ոչ։ Մեզ համար շատ պարզ սկզբունք է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղի է ունենում շատ հստակ, միջազգայնորեն ճանաչված և միջազգային հանրության աջակցություն ստացած շրջանակներում` Մինսկի խմբի համանախագահություն: Մինսկի խմբի համանախագահության մեջ աշխատում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, աշխատում է Ադրբեջանը, աշխատում է Հայաստանը։ Դուք գիտեք, մենք նաև ունենք շատ էական հարց, որը վերաբերում է այս գործընթացի լիարժեք ֆորմատին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Մենք շատ հստակ ենք եղել. սա շատ պրակտիկ, շատ կարևոր հարց է, որովհետև Լեռնային Ղարաբաղին է վերաբերում այս ամենը։

Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է` քաղաքական միավոր, որն իր ամբողջ ինստիտուցիոնալ կարողությունով, ունի ամբողջ այդ ռեսուրսը` ներկայացնելու Արցախի հարյուր հիսուն հազար բնակչությունը, մանդատը և այն ամենը, ինչ բխում է այդ մանդատից։ Նրանք սուբյեկտ են բանակցությունների, և ընդունելի պետք է լինի այս ամենը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Իրենց անունից խոսում է մանդատ ստացած իշխանությունը:

Մենք շատ հստակ ենք այս հարցում, մենք մեր պատասխանատվությունից չենք փախչում, մենք մեր պատասխանատվությունը շատ լավ գիտենք և շարունակելու ենք մեր աշխատանքը։ Հայաստանի Հանրապետությունը եղել է և մնում է բանակցային կողմ, և մենք մեր գործառույթն իրականացնելու ենք, կատարելու ենք։ Սա պրակտիկ հարց է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունները զրկված են բանակցությունների սեփականությունից այն առումով, որ չեն տիրապետում, չեն մասնակցում, չունեն գործառույթ, դա նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։ Այդ առումով մեր մոտեցումը պրակտիկ է. մեզ անհրաժեշտ է արդյունավետ բանակցային գործընթաց։ Սա է մոտեցումը։

Հարց. Ի՞նչն է անակնկալի է բերել Ադրբեջանին:

Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, շատ լավ գիտեք, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է:

Հարց. Եվ բազմիցս փորձեր է արել միջամտել։

Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար եղել և մնում է խստագույն, կարևորագույն սկզբունք. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված շրջանակներում` Մինսկի խմբի համանախագահություն։

Հարց. Ինչու՞ է Ադրբեջանը ձևաչափի փոփոխություն համարում այն մոտեցումը, որն առաջ է քաշել այսօր Հայաստանի նոր իշխանությունը։

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, այսպես կասեմ, մենք շարունակում ենք քննարկել այս հարցը։ Ադրբեջանը ունի իր տրամաբանությունն այս հարցում, և այս երկխոսության մեջ է, այս քննարկումների մեջ է, որ մեզ անհրաժեշտ է ապահովել սեփականության զգացումը, մասնակցությունը, ներգրավվումը, որպեսզի կարողանանք ապահովել արդյունավետ առաջընթաց։

Հարց. Կարծես թե Մինսկի խումբն էլ չունի այն տրամադրվածությունը, ինչ ունի հայկական կողմը։ Եվ շատերը դա կապում են Մինսկի խմբի հայտարարության հետ:

Զոհրաբ Մնացականյան. Մինսկի խմբի համանախագահությունը, գիտեք, իրականացնում է միջնորդության գործառույթ, և մենք մեր տրամաբանությունը հստակ արտահայտում ենք, քննարկում և հասկանալի ենք դարձնում այդ ամենը։ Մինսկի խմբի համանախագահությունը դեմ չի լինելու, եթե մենք կարողանանք գալ համաձայնության և գտնել ձևաչափեր։ Նրանք նույնպես օգտակար են այն առումով, որ մտածենք՝ ինչպես ենք կարող ապահովել այն, ինչ կոչվում է լիարժեք, արդյունավետ աշխատանքի ապահովում։ Հարցը հետաքրքիր է նրանով, որ մենք այժմ գտնվում ենք ինչ-որ դինամիկայի մեջ, ինչ-որ մի գործընթացի մեջ, որը տեղավորվում է ինչ-որ ժամանակահատվածում։

Կարծում եմ` մենք բավական շարունակական շարժվել ենք այս ամիսների ընթացքում։ Նորից կրկնեմ, որ սա շատ էական հարց է մեզ համար, որ նոր իշխանությունները մայիս ամսից հետո որևէ պահ չեն դանդաղեցրել այս ամենը։ Արդեն հունիս ամսին մենք ունեցանք առաջին հանդիպումը համանախագահների հետ։ Մենք չարեցինք որևէ բան, որ ասենք՝ գիտեք, նոր իշխանություն է և մեզ ժամանակ է պետք, մեզ անհրաժեշտ է մի որոշ ժամանակահատված` ծանոթանալու և այլն։ Մենք դա չարեցինք, մենք անմիջապես ներգրավվեցինք: Ինչու՞: Որովհետև ունենք ամբողջ կարողությունը և պատասխանատվությունը և հասկանում ենք, որ մեզ համար անհրաժեշտ, շատ էական է՝ աշխատել խաղաղության ուղղությամբ։ Եվ այդ առումով հունիս, հուլիս, սեպտեմբեր, դեկտեմբեր, հունվար, մարտ, ապրիլ. այս ամբողջ գործընթացի մեջ մենք շարունակական ունեցել ենք շատ հստակ ձևավորված մոտեցումներ, որոնք մեր տրամաբանությամբ կառուցել ենք և քննարկման մեջ ենք։ Այս փուլը և որտեղ, որ գտնվում ենք հիմա, շատ հետաքրքիր է նրանով, որ մենք ձևավորել ենք հարցերի շրջանակ, որոնց շուրջ և ընթանում են քննարկումները։

Հարց. Միաժամանակ կա տպավորություն, որ Դուք փորձում եք վերականգնել այն գործընթացը, որը ժամանակին, ի վերջո, եղել է։

Զոհրաբ Մնացականյան. Ո՞ր։

Հարց. Որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է անմիջական մասնակիցն այդ պրոցեսի։

Զոհրաբ Մնացականյան. Այո։ Մենք ասում ենք, որ ի վերջո 1994թ.-ի պայմանագիրը... Ի դեպ` շատ հետաքրքիր մի դիտարկում. 1994թ. զինադադարի համաձայնագիրը, որի 25-ամյակը լրանալու է մայիսի 12-ին, ստորագրվել է երեք կողմից, և դա միակ փաստաթուղթն է, որն այսօր ապահովում է մեր զինադադարը, ապահովում է կայուն իրավիճակ զինադադարի առումով։

Հարց. Հիմա Ձեր ասածը ինչպե՞ս կարող է չլինել առանցքային փաստ։

Զոհրաբ Մնացականյան. Այս առումով, սա ֆորմատի վերականգնում է, ֆորմատի լիարժեքության ապահովման խնդիր է։

Հարց. Եվ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը դրան դիմադրել։ Ի՞նչ փաստերով, ի՞նչ փաստարկներով։

Զոհրաբ Մնացականյան. Կարո՞ղ է, թե արդե՞ն դիմադրում է։

Հարց. Դիմադրում է, բայց փաստարկներ է պետք չէ՞ դրա տակ դնել։ Ադրբեջանը չի կարող ժխտել, որ ժամանակին չի եղել այսպես և հիմա չկա այս ձևաչափը։

Զոհրաբ Մնացականյան. Այստեղ ավելի շատ ես կփորձեմ կիսվել իմ տպավորությամբ, որ բավական երկար ժամանակահատված ձևավորվել է աշխատանքային ոճ, աշխատանքային մեթոդ, որտեղ եղել են երեք համանախագահները և երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը: Երբ մենք առաջ բերեցինք այս հարցը, փաստորեն, մենք անդրադարձանք մի իրավիճակի, որին բոլորը սովոր էին: Ադրբեջանի համար պահել սա Հայաստան-Ադրբեջան ձևաչափի մեջ... Մենք շատ բաց խոսում ենք սրա մասին, որ եթե ձևաչափ պահելու իմաստը այն է, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանն է անմիջական դերակատարն այս ամբողջ իրավիճակի մեջ, Լեռնային Ղարաբաղը որևէ դերակատարություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ չէ, սա նորից մեզ բերում է փակուղու: Գիտեք որքան հստակ է վարչապետն արտահայտվել այդ առումով. սա մանդատների հստակության հարց է: Արդյունավետության առումով ՀՀ վարչապետի համար, ժողովրդի համար, եթե հիշում եք, վարչապետը մի շատ կարևոր դիտարկում էր արել, որ հարցը ոչ թե կառավարություններն, ոչ թե ղեկավարություններն են, այլ հարցը ժողովուրդներն են: Խոսել ժողովրդի անունից, որը քեզ մանդատ չի տվել, նվազեցնում է արդյունավետությունը:

Սկզբունքորեն ստացվում է, որ մենք ինչ-որ չափով բանակցում ենք երկու սեղանի շուրջ, որովհետև մենք կանոնավոր աշխատում ենք, քննարկում ենք և կանոնավոր երկխոսության մեջ ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ բոլոր մակարդակներով: Գիտեք, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո ունենք քննարկումներ այդ թվում նաև արտգործնախարարների մակարդակով, գիտեք, որ մենք անցկացրել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա նույնպես քննարկումներ էին, սա համատեղ աշխատանք էր, սա, ըստ էության, նաև բանակցություն էր: Ստացվում է, որ մենք հայտնվում ենք բանակցային երկու սեղանների շուրջ: Սա արդյունավետության նվազեցում է: Նորից եմ կրկնում, մենք չենք հրաժարվում մեր պատասխանատվությունից:

Հարց. Բայց տպավորություն է ստեղծվում, որ դուք այդ պատասխանատվությունը տեղափոխում եք հանրության ուսերին:

Զոհրաբ Մնացականյան. Ինչպե՞ս:

Հարց. Հանրության, ժողովրդի ուսերին, երբ ասում ենք, որ գլխավոր պատասխանատուն այստեղ ժողովուրդն է: Ժողովուրդը Ձեզ տվել է այդ բանակցության մանդատը:

Զոհրաբ Մնացականյան. Սա շատ էական հարց է: Այստեղ ամենահետաքրքիր և ամենակարևոր հարցն է. մեր պատասխանատվությունը ժողովրդի առջև է, որովհետև մանդատը տրված է ժողովրդի կողմից: Որևէ բան անելը և ենթադրելը, որ դա չի համապատասխանում այն մանդատին, և ենթադրելը, որ մենք կարող ենք նման գործողություն անել, ինչ-որ համաձայնությունների գալ, որոնք մերժվելու են մանդատ տված ժողովրդի կողմից. մենք աշխատում ենք՝ այդ մանդատը մտքում պահելով: Սա է իմաստը: Իհարկե, մանդատ ունենք, իհարկե դա իշխանության պատասխանատվությունն է, բայց պատասխանատվությունը հիմնվում է մանդատի վրա:

Հարց. Հիմա Արցախյան հակամարտության շուրջ այն, ինչ տեղի է ունենում այս ընթացքում, դա պե՞տք է համարել նոր զարգացում:

Զոհրաբ Մնացականյան. Նոր զարգացում է, իհարկե, այն առումով, որ նոր իշխանություն է Հայաստանում, որը ի հայտ է բերել իր մոտեցումներ, իր տրամաբանությունը, իր դիրքորոշումները, և այդ առումով նոր զարգացում է: Մենք շատ կառուցողական ենք և, պաշտպան լինելով հենց նույն Մինսկի Խմբի համանախագահության շրջանակին, մենք հասկանում ենք, որ այդ շրջանակում տեղի է ունեցել բավական երկար աշխատանք: Այո՛, ես վստահ եմ, որ չկա որևէ մի պայծառ ուղեղ, որը թաքնված է ինչ-որ մի տեղ աշխարհում, գիտի լուծումը հարցի և ի հայտ չի գալիս: Եվ դրանով է, որ մենք ասում ենք, որ մենք չենք ուզում թույլ տալ ընդլայնել որևէ կերպ շրջանակը, ինչ-որ մի կերպ վտանգել Մինսկի խմբի համանախագահության շրջանակը, որովհետև կստացվի իրավիճակ, որը կանխատեսումներից դուրս է և շատ վտանգավոր:

Այդ առումով, բնականաբար, մենք հաշվի ենք առնում, որ այս տարիների, 27 տարվա ընթացքում տեղի են ունեցել բավական մեծ ծավալի տարբեր զարգացումներ, տարբեր գաղափարներ, տարբեր մոտեցումներ, որոնք տարբեր կերպ ձևակերպվել են, և գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Ասել՝ այդ ամենը մենք ջնջում ենք և ամբողջովին զրոյից ենք սկսում, տրամաբանական չէ, կառուցողական չէ: Բայց գործընթացը նոր է այն առումով, որ մենք՝ որպես նոր իշխանություն, սա մեր պատասխանատվությունն է և մեր գործընթացն է: Այդ առումով սա, բնականաբար, նոր գործընթաց է:

Հարց. Նոր գործընթաց կարելի է համարե՞լ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, արտգործնախարարների շփումները համարվո՞ւմ են բանակցային շփումներ:

Զոհրաբ Մնացականյան. Դուք ի՞նչ նկատի ունեք՝ բանակցային շփումներ ասելով:

Հարց. Դուք բանակցու՞մ եք ինչ-որ բանի շուրջ:

Զոհրաբ Մնացականյան. Այստեղ նորից շատ հետաքրքիր հարց եք տալիս այն առումով, որ ինչ նկատի ունեք, երբ ասում եք բանակցություն: Եթե դուք նկատի ունեք, որ արդյոք մենք այսօր բանակցում ենք որևէ փաստաթուղթ, ապա պատասխանը՝ ոչ: Բայց երբ քննարկում ենք, թե մենք արդյոք բանակցում ենք, այդ սահմանը շատ անհասկանալի է, որովհետև ես մի անգամ առիթ ունեցա ասելու, երբ մենք միասին երեկոյան գնանք տուն և տանը ինչ-որ մի հարց քննարկենք, դա քննարկո՞ւմ է, բանակցությո՞ւն է: Մենք քննարկում ենք սկզբունքները, մոտեցումները, դիրքորոշումները, դա բանակցային գործընթաց է: Ամենաէականը, որ մենք չենք բանակցում որևէ ձևակերպված տեքստ:

Հարց. Դուք ժամերով զրուցում եք առանց թղթի՞:

Զոհրաբ Մնացականյան. Մենք ժամերով չենք զրուցում, մենք ժամերով քննարկում ենք, համեմատում ենք, բանավիճում ենք, ի հայտ ենք բերում մեր տրամաբանությունը և փորձում ենք ձևավորել ինչ-որ շրջանակ համաձայնությունների, որոնք արտահայտվում են հայտարարությունների մեջ: Եվ նայե՛ք շարունակականությունը՝ արտահայտված հայտարարությունների մեջ. երբ մենք սկսեցինք խոսել միջավայրի մասին, մենք սկսեցինք խոսել մեր դիրքորոշումների մասին, որոնք բովանդակային առումով արտահայտում են՝ ինչպես ենք մենք մոտենում այս հարցին: Հիշեցնեմ՝ բացառապես խաղաղ կարգավորում, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ստատուսի և անվտանգության հարցերը Հայաստանի համար՝ որպես գերակա խնդիր և գերակա հարց: Հարցերի հաջորդ բլոկը ֆորմատին վերաբերող հարցն է, ինչպես որ արդեն քննարկեցինք: Երրորդ բլոկը միջավայրի հարցն է: Միջավայրն իր մեջ պարունակում է երկու բաղադրիչ՝ զինադադարի ռեժիմի պահպանում ու ամրապնդում և էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթների իրականացում: Երկրորդ բաղադրիչը մարդկային շփումներն են: Մեր մոտեցումն այդ ամբողջության մեջ է:

Մենք չենք ենթադրում, որ հնարավոր է ունենալ արդյունավետ բանակցություն, երբ միջավայրը չի նպաստում դրան, երբ մենք ունենք ռազմատենչություն, երբ մենք ունենք այլատյացություն և ունենք միջավայրը, որը որևէ կերպ չի նպաստում արդյունավետ բանակցություններին: Սա իր նշանակությունն ունի: Հիմա եթե նայենք իր ամբողջության մեջ, իր ժամանակի մեջ եթե դնենք, մենք շարունակաբար, հայտարարությունից հայտարարություն, ֆիքսել ենք՝ ինչքան է հնարավոր առաջ գնալ: Մենք փաստաթուղթ չենք քննարկում, բայց մենք եկել ենք արդյունքների այս հանդիպումների ընթացքում: Հիշե՛ք, սեպտեմբերին եղան մեր առանձին հայտարարությունները, և այստեղ նաև շատ էական է այն, որ մենք կառուցում ենք միմյանց ավելի լավ ընկալելի լինելու, ավելի լավ հասկանալու վրա: Շատ էական աշխատանք էր՝ նախապատրաստելու մեր ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վիեննայում: Մենք կարողացել ենք ավելի հստակեցնել այդ քննարկումների, համաձայնությունների շրջանակն արդեն ապրիլյան մեր հայտարարության մեջ, երբ ավելի կոնկրետ բաներ ենք առաջ բերել: Հիմա մենք կոնկրետ առաջադրանքներ ունենք մեր առջև. ինչպես ենք կարողանում ապահովել այդ լրագրողների փոխանակման գործառույթը, ինչպես ենք կարողանում ապահովել և խիստ պահել, որ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ առավել խիստ պահպանվի զինադադարը: Մենք խոսեցինք կալանքի մեջ գտնվող անձանց հարցի շուրջ: Բաներ, որոնք անմիջապես չեն վերաբերում բանակցային, բովանդակային փաստաթուղթ քննարկելուն, բայց միևնույն ժամանակ, նորից կրկնեմ, որ մենք նաև առնչվել ենք և ընդհանուր առումով խոսել ենք, համեմատել ենք մեր մոտեցումները: Երբ մենք ասում ենք՝ ինչ է ստատուս, ինչ է անվտանգություն, ինչու ենք մոտենում այս հարցին անվտանգության կոնտեքստում:

 

Տպել էջը