Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը Panorama.am լրատվական կայքին

05 ապրիլի, 2019

Հարց. Պարոն դեսպան, նախորդ շաբաթ այցով Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն՝ բավական հագեցած ծրագրով։ Ինչպե՞ս անցավ այցը։

Պարույր Հովհաննիսյան. Իսկապես, այցի օրակարգը շատ հագեցած էր և կարող եմ փաստել, որ հանդիպումներն անցան դրական ու անմիջական մթնոլորտում, քննարկվեցին Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի ծավալուն համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Բարձրաստիճան հանդիպումների հետ մեկտեղ, ԵԽԽՎ նախագահն աննախադեպ ելույթ ունեցավ Ազգային ժողովի լիագումար նիստին՝ Հայաստանի կառավարության անդամների ներկայությամբ, որտեղ ողջունեց Հայաստանի ժողովրդի և իշխանությունների կամքը խաղաղ, սահմանադրական ճանապարհով ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դա փաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությունը և դրանց սահուն գործունեությունը։ Իր հանդիպումներում ԵԽԽՎ նախագահը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի դիրքորոշումն ու մշտական աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը» և ժողովրդավարական օրակարգին։

Հարց. Այս տարի նշվում է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը, ինչպիսի միջոցառումներ են անցկացվում և Հայաստանն ինչպիսի՞ մասնակցություն է ցուցաբերում դրանց։

Պարույր Հովհաննիսյան. Ինչպես տեղյակ եք, ԵԽԽՎ նախագահի այցի ընթացքում Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում բացվեց «Եվրոպայի հրապարակը»՝ նվիրված կազմակերպության 70-ամյա հոբելյանին։ Մենք ծրագրել ենք Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված մի շարք այլ նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, հոբելյանական բացիկի թողարկում։ Եվրոպայի խորհուրդն, իհարկե, նույնպես մեծ թվով միջոցառումներ է նախատեսում, այդ թվում՝ հանդիսավոր արարողություն ԵԽ Նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա առաջիկա մայիսին Հելսինկիում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի այդ հանդիպմանը։ Տարվա ընթացքում Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև կազմակերպությունում նախագահող երկրները կձեռնարկեն մշակութային, արարողակարգային այլ միջոցառումներ, որոնց մենք վստահաբար ակտիվ մասնակցություն կունենանք։

Հարց. Օրերս հրապարակվեց Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, որում կարևորվում է արդեն բարեփոխումների արդյունքում շոշափելի արդյունքների գրանցումը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք մեծացել են Հայաստանից սպասելիքները։

Պարույր Հովհաննիսյան. Սպասելիքներ կազմակերպությունն ունի բոլոր անդամ պետություններից, և Հայաստանն, անկասկած, բացառություն չէ։ Մենք լայն օրակարգ ունենք կազմակերպության հետ և հատկապես օրենսդրական բարեփոխումների, մի շարք ԵԽ կոնվենցիաների ստորագրման և վավերացման, ինչպես նաև մասնագիտական մարմիններին անդամակցությունը ընդլայնելու առումով երկուստեք ակնկալիքներ կան։

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը Հայաստանի կողմից վերջին շրջանում գրանցված ձեռքբերումների ապացույցն է և փաստում է, որ առկա է փոխհամաձայնություն՝ շարունակելու համատեղ սերտ աշխատանքը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ։ Առաջին անգամ ԵԽԽՎ համազեկուցողները լիարժեք վստահություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը՝ որևէ կասկած չունենալով ՀՀ իշխանությունների գործունեության ու բարեփոխումների օրակարգի հանդեպ։

Հարց. Հաշվի առնելով ԵԽ պաշտոնյաների կողմից դրական գնահատականը Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին` որքան է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կգա ԵԽ մոնիտորինգային երկրների ցանկից ու կանցնի հետմոնիտորինգային երկխոսության ձևաչափի։

Պարույր Հովհաննիսյան. Մոնիտորինգը շարունակական գործընթաց է, որը Եվրոպայի խորհրդի գործիքակազմի կարևորագույն բաղկացուցիչներից է և իրականացվում է ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ Նախարարների կոմիտեի, Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի և կոնվենցիաների փորձագիտական կոմիտեների կողմից։

Ինչ վերաբերում է Նախարարների կոմիտեին, ուրախ եմ արձանագրել, որ նախօրեին վերջինս որոշում ընդունեց Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ որոշելով, որ այսուհետ մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության ընթացքի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է «հետանդամակցային»՝ մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ Նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձը հղեց Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին։

Հարց. Ապրիլին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ և ելույթը ԵԽԽՎ-ում։ Ի՞նչպիսին կլինեն այցի բովանդակությունը և նպատակները։

Պարույր Հովհաննիսյան. Այո, իսկապես, վարչապետ Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինի Ստրասբուրգում։ Ակնկալվում են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Վարչապետը ելույթ կունենա Խորհրդարանական վեհաժողովում, որից հետո պաշտոնապես կբացի վեհաժողովի նախասրահում ներկայացվելիք «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվելու է hեղափոխության առաջին տարեդարձին և հետագայում ցուցադրվելու է եվրոպական մի շարք այլ քաղաքներում։ «Թավշյա հեղափոխությունից» ուղիղ մեկ տարի անց ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը հնարավորություն կընձեռի համաեվրոպական այս լսարանին ամենաբարձր մակարդակով հնչեցնել Հայաստանի կառավարության հանձնառությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին և մեր կողմից ստանձնած պարտավորություններին։

Հարց. Հունիսին սպասվում է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի ընտրություն։ Վերջնական երկու թեկնածուները հայտնի են, ի՞նչ կարող եք ասել թեկնածուների մասին։

Պարույր Հովհաննիսյան. Ընթացիկ տարվա մարտի վերջին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հավանության արժանացրեց ԵԽ գլխավոր քարտուղարի չորս թեկնածուներից երկուսին։ Դիդիե Ռեյնդերսը Բելգիայի փոխվարչապետն է և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարը, պետական ծառայության երկարամյա փորձ ունեցող պաշտոնյա է։ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Խորվաթիայի արտաքին գործերի նախարարն է, խորհրդարանական և գործադիր աշխատանքի լուրջ փորձ ունի։ Իսկապես, նրանք երկուսն էլ բարձրակարգ թեկնածուներ են, ովքեր ունեն անհրաժեշտ ներուժ և փորձառություն կազմակերպությունը լավագույնս ղեկավարելու համար։ Վերջնական ընտրությունը տեղի կունենա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում ՝ Խորհրդարանական վեհաժողովի անդամների կողմից։

 

Տպել էջը