Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը Թերթ.ամ լրատվական կայքին

08 փետրվարի, 2019

Հարց. Պարո՛ն Թումանյան, փետրվարի վերջին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Թեհրան: Հետաքրքիր է՝ արդեն նախանշվա՞ծ է այցի օրակարգը: Հնարավո՞ր է՝ լինի որոշակի համաձայնությունների ձեռքբերում, փաստաթղթերի ստորագրում:

Արտաշես Թումանյան. Այո, փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով կմեկնի Թեհրան: Ներկայումս քննարկման փուլում են գտնվում այցի կազմակերպական խնդիրներ, այդ թվում նաև ճշտվում է օրակարգային հարցերի շրջանակը:

Ամեն դեպքում հանդիպումների ընթացքում քննարկվելու են քաղաքական, տարածաշրջանային անվտանգության, երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության մի շարք խնդիրներ և ծրագրեր:

Հարց.Նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Մյուս կողմից էլ՝ դրա հնարավոր հետևանքները չեն բացառվել:Ձեր կարծիքով՝ այսօրվա իրավիճակը թույլ տալու՞ է մեզ, պահպանելով Իրանի հետ մեր բարեկամական հարաբերությունները, առաջ տանել նաև մեր սեփական, ազգային, անվտանգային, տնտեսական շահերը:

Արտաշես Թումանյան. Հայաստանի Հանրապետության առջև ծառացած է բավականին բարդ խնդիրների մի ողջ համախումբ, որոնց լուծումները պահանջում են դիվանագիտական բազմապլան և հետևողական աշխատանք ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի գործընկեր երկրների հետ: Ներկայումս մենք աշխատում ենք բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ պահպանելու Հայաստան-Իրան համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի (էներգետիկա, գազի ոլորտ) իրականացման շարունակականությունը, ինչպես նաև իրանական տնտեսվարողների՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, կողմերի գործարարների միջև առևտրային կապերի հաստատումն ու ամրապնդումը:

Հարց. ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են հատկապես Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները: Իրանի հետ Հայաստանն ունի էներգետիկ ոլորտում համագործակցության օրինակ՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց», և նախկինում խոսվում էր դրա հնարավոր ընդլայնման մասին: Ամերիկյան պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության վրա:

Արտաշես Թումանյան. Հայկական կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրերի շարունակումն ապահովելու համար: Ընթացքի մեջ են նաև 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները, որի ավարտից հետո պայմաններ կստեղծվեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացման համար:

Հարց. Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունների ֆոնին նկատելի է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները փոքր են: Այդ հարցը մտահոգել է նաև երկու երկրների ղեկավարներին նախկինում: Արդյոք չի՞ նախատեսվում քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար:

Արտաշես Թումանյան. Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալները երկկողմ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում մշտապես գտնվել են ցածր մակարդակի վրա: Հատկապես ցածր են Հայաստանից Իրան արտահանման ցուցանիշները:

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընդունումը միտված էր առևտրային և ներդրումային ծրագրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մի բան, որ կարող էր բարերար ազդեցություն ունենալ նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:

Ներկայումս ամերիկյան պատժամիջոցների գործարկումը խոչընդոտներ է ստեղծել հայ-իրանական գործակցության համար, սակայն սույն համաձայնագրի ընդունման գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ կլինի մեխանիզմներ գտնել ընձեռված հնարավորություններն իրացնելու համար, հատկապես ԵԱՏՄ երկրների ընդհանուր շուկայից օգտվելու համար:

Հարց. Ի՞նչ վիճակում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը:

Արտաշես Թումանյան. Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ կառուցելու ծրագիրը երկար տարիներ գտնվել է երկկողմ տնտեսական օրակարգի մեջ: Ներկայումս քննարկվում են էլեկտրակայանի փոխադարձ ընդունելի տեխնիկատնտեսական ցուցանիշները:

Հարց. Պարո՛ն դեսպան, Իրանը, պատժամիջոցների տակ լինելով, հայտնվել է տնտեսական և այլ խնդիրների առջև: Հայաստանը պատրաստվու՞մ է նոր առաջարկներ ներկայացնել Իրանին՝ դժվարությունները նաև Հայաստանի միջոցով հաղթահարելու համար:

Արտաշես Թումանյան. Երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվեն իրանական կողմի բոլոր հարցադրումները՝ կապված ծագած դժվարությունների և առկա հիմնախնդիրների, ինչպես նաև՝ փոխադարձ ընդունելի լուծումների հետ:

Հարց. Կա՞ն երկխոսություններ, ի՞նչ ակնկալիք ունի Իրանը մեզնից հիմա:

Արտաշես Թումանյան. Բոլոր այն ծրագրերը, որոնք ընդգրկվել են երկկողմ օրակարգում, պահպանում են իրենց այժմեականությունը, իսկ քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական և գործընկերային:

 

Տպել էջը