Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «Թերթ.ամ» լրատվական կայքին

28 հունվարի, 2019

Հարց. Պարո՛ն Սմբատյան, հունվարի 31-ին նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Բեռլին: Հետաքրքիր է՝ ո՞ր հարցերի քննարկումն է առավել առաջնահերթ լինելու այցի ընթացքում, նախատեսվու՞մ է արդյոք փաստաթղթերի ստորագրում:
 
Աշոտ Սմբատյան․ ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Մեր երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ: Տնտեսական փոխգործակցության ոլորտում կարելի է հատկապես առանձնացնել նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, գիտական հետազոտությունները, զբոսաշրջությունը և այլն:

ՀՀ վարչապետի՝ ԳԴՀ նախատեսված պաշտոնական այցի ընթացքում կուրվագծվեն հատկապես տնտեսական բնագավառում համագործակցության առավել խորացված և թիրախային ուղղությունները և, իհարկե, հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները:

Այո՛, նախատեսվում է նաև փաստաթղթերի ստորագրում, ինչի մասին կտեղեկացնենք պատշաճ ժամկետում:
 
Հարց. Պարո՛ն Սմբատյան, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր՝ Հայաստան այցից հետո պաշտոնական այցով Գերմանիա է հրավիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է նաև նկատել, որ նախորդ տարի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս պաշտոնական այցով Գերմանիայում էր: Ինչո՞վ կարող ենք պայմանավորել երկու երկրների բարձրաստիճան այրերի փոխայցելությունների ակտիվացումը, ի՞նչ արդյունքներ կարող են դրանք արձանագրել:

Աշոտ Սմբատյան․ Ինչպես արդեն նշեցի, մեր երկկողմ հարաբերությունները տարիներ շարունակ վերընթաց զարգացել են, ինչի ապացույցն է առկա իրավապայմանագրային մեծ դաշտը՝ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական շուրջ 60 համաձայնագրեր և հուշագրեր:

Նախորդ տարի ինչպես միջազգային, այնպես էլ գերմանական մամուլը հետևողականորեն անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը դրական լույսի ներքո ներկայացվեց գերմանական զանգվածային լրատվամիջոցներում՝ այսպիսով դրականորեն ազդելով մեր միջազգային հեղինակության վրա:

Պետք է նշեմ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Գերմանիան երկուստեք ընդունում են, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ առկա մեծ ներուժը, հատկապես՝ տնտեսական բնագավառում, լիարժեք օգտագործելու և այն քաղաքական, կրթական ու մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին հավասարեցնելու համար: 

Հարց. Գերմանիան Եվրամիության հզոր երկրներից է, և ակնկալվում է, որ նրա հետ հարաբերությունների բարձր մակարդակը կարող է ապահովել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների արդյունավետությունը: Կարո՞ղ ենք ակնկալել, որ Գերմանիան Հայաստանին կարող է աջակցել ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման գործընթացում: Եվ կարո՞ղ եք ասել, թե ինչ փուլում է գտնվում Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը:

Աշոտ Սմբատյան․ Այս հարցը քննարկվել է նաև նախորդ տարի` օգոստոսին, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, երկու երկրների ղեկավարների միջև: ԳԴՀ կանցլերը հայտարարել էր, որ գերմանական կողմն ամեն ինչ կանի՝ միգրացիոն քաղաքականության ասպարեզում առաջընթաց գրանցելու համար:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ապա ասեմ, որ մենք վայելում ենք Գերմանիայի մեր գործընկերների աջակցությունը: Այս կապակցությամբ գերմանական կողմից արդեն ստացել ենք դրական ազդակներ. ընթացակարգային փուլերը մոտենում են ավարտին, ինչին կհաջորդի փաստաթղթի վավերացումը:

Հարց. Պարո՛ն դեսպան, գերմանահայ համայնքը դեռևս անհանգստանում է, որ Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության տեսլականը ուժի մեջ է, չնայած որ ժամանակին գերմանական կողմի պատասխանը բավարարել էր հայկական կողմին: Թեմայի հետ կապված հայկական կողմը զգոնությունը պահու՞մ է, արդյոք հիմք կա՞ անհանգստանալու:

Աշոտ Սմբատյան․ Նախորդ տարի Ձեզ հետ ունեցած իմ հարցազրույցում ես հղում էի արել ՀՀ ԱԳՆ-ին՝ նշելով, որ խնդրի առնչությամբ գերմանական կողմի պատասխանը բավարարում է մեզ: Իհարկե, մենք շարունակում ենք զգոնությամբ հետևել հարցի շուրջ զարգացումներին:

Հարց. Մեկ այլ անհանգստություն գերմանահայ և հայաստանցի հանրության միջև ևս կա՝ կապված առողջական խնդիրների պատճառով Գերմանիա տեղափոխվածների հետ: Հայաստանի կողմից Եվրամիության հետ կնքված «Հետընդունման» համաձայնագրի կատարման արդյունքում բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող հայաստանցիներ հետ են ուղարկվում Հայաստան՝ առանց իրենց առողջական խնդիրները վերջնական լուծելու: Արդյո՞ք այդ հարցերը քննարկվում կամ քննարկվելու են Գերմանիայի իշխանությունների հետ:

Աշոտ Սմբատյան․ Տարեսկզբին Գերմանիա էր այցելել ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում մենք կառուցողական քննարկումներ ունեցանք գերմանացի մեր գործընկերների հետ, ինչի շրջանակներում անդրադարձանք նաև Ձեր հիշատակած հարցին: Կողմերը պարտավոր են պահպանել և իրականացնել ՀՀ-ԵՄ հետընդունման համաձայնագրի դրույթները: Նշեմ, որ հիշյալ փաստաթղթում առանձին դրույթներ չկան առողջական կամ այլ խնդիրների պատճառով Գերմանիա կամ ԵՄ այլ երկիր տեղափոխման մասին: Ուստի, Ձեր հիշատակած դեպքերի համար համաձայնագրի դրույթները տարածվում են ԵՄ անդամ-երկրների օրենքների հիմքով: Առանձին դեպքերում հարցը կարող է քննարկվել՝ ելնելով մարդասիրական հիմունքներից:

Հարց. Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն առաջարկել էր այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Այս հանդիպումից հետո արդյոք համագործակցության ուղղված ռեալ քայլեր գերմանական ընկերություններից եղե՞լ են:

Աշոտ Սմբատյան․ Տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ իմ բազմաթիվ հանդիպումները վկայում են, որ գերմանացի գործարարները ևս ակնկալում են գրավիչ ներդրումային դաշտ և թափանցիկ տնտեսական քաղաքականություն: Այս հարցում Հայաստանի իշխանությունների հայտարարած տնտեսական և օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը կարող են լրացուցիչ խթան դառնալ հավանական ներդրողների համար: Մենք այս ուղղությամբ շարունակում ենք աշխատանքներ տանել՝ Գերմանիայում ներկայացնելով տնտեսական փոխգործակցության հարցում մեր երկրի առավելությունները: Արդեն իսկ նկատելի գործնական քայլեր են արվում, օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան՝ տեղում կապեր ստեղծելու և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Նշեմ նաև, որ ոլորտը մրցակցային է, հետևաբար մեծ ջանքեր են պահանջվում մեզանից՝ այդ մրցակցությունն ինչ-ինչ բնագավառներում ճեղքելու համար:  

ՀՀ նախագահի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում ուշադրություն դարձվեց գործարարների միջև կապերի աշխուժացմանը: Այս թեման ընդգրկված է նաև ՀՀ վարչապետի պաշտոնական այցի օրակարգում:

 

Տպել էջը