ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույցը «Panorama.am» լրատվականին

08 հունվարի, 2019

Հարց․ Պարոն դեսպան, վերջին տարիներին մուլտիլատերալիզմը, այսպես ասած, ճգնաժամի մեջ է, որն առավել ակնհայտ դարձավ նախագահ Թրամփի ընտրվելուց հետո։ Ինչպե՞ս է կարողանում Միավորված ազգերի կազմակերպությունը գործել նման պայմաններում, երբ  կարևորագույն հարցերով որոշումները կայացվում են համաշխարհային մի քանի առաջնորդների կողմից։  

Մհեր Մարգարյան․ 
Մուլտիլատերալիզմը կամ բազմակողմ միջազգային համագործակցությունը, ընկած է ՄԱԿ-ի ակունքներում և արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, որի առաջին հոդվածով  կոչ է արվում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկրների միջև և համագործակցության միջոցով հասնել տնտեսական, սոցիալական, հումանիտար և այլ բնույթի միջազգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև խրախուսել հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ։ ՄԱԿ-ի առջև, որպես միջազգային ամենաներկայացված և ընդգրկուն կառույց, ծառացած են տարբեր համաշխարհային մարտահրավերներ՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վերափոխումներից մինչև ահաբեկչության դեմ պայքար:

Միգուցե, վերջին շրջանում մենք ականատեսն ենք դարձել, երբ տարբեր երկրներ որոշակի վերապահումով են մոտենում մուլտելատերալիզմին՝ հիմնականում պայմանավորված տարբեր խնդիրների նկատմամբ իրենց ներքաղաքական մոտեցումներով՝ կլինի դա միգրացիա, թե կլիմայի փոփոխության կամ միջազգային արդի այլ հարցերի վերաբերյալ: Այդտեղ առկա են ինչպես իրական մտահոգություններ, օրինակ՝ միգրացիայի դեպքում մարդկանց անկանոն հոսքերի և դրա կանոնակարգման հետ կապված, այնպես էլ մտացածին և որոշ երկրների ներքաղաքական զարգացումներով պայմանավորված օրակարգ: Միավորված ազգերի կազմակերպությունը մուլտիլատերալիզմի ամենօրյա կարևորությունն ընդգծող այն հիմնական միջազգային հարթակն է, որն ապահովում է բոլոր երկրներին համահավասար ներգրավման հնարավորությամբ:

ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն որոշումների ընդունմանը, որպես կանոն նախորդում են լայն քննարկումներ և բանակցություններ բոլոր շահագրգիռ երկրների մասնակցությամբ և բնական է, որ այդ գործընթացի շրջանակներում (որը կախված թեմայից և ծավալից կարող է ամիսներ տևել), անդամ երկրներն աշխատում են ներառել իրենց ազգային առաջնահերթություններին համապատասխան ձևակերպումներ, ինչը միևնույն ժամանակ չպետք է հակադրվի այլ երկրների մոտեցումներին:  Հենց այստեղ է, որ մուլտիլատերալիզմը հնարավորություն է ընձեռում փոխադարձ ճկունություն ցուցաբերելու արդյունքում հասնել ամբողջ միջազգային հանրության համար ընդունելի որոշումների՝ կլինի դա կոնվենցիաների, հռչակագրերի, բանաձևերի կամ այլ տեսքով:

Հարց․ Դատելով լրատվական ու սոցիալական ցանցերում տեղեկատվությունից՝  ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում, ելույթներ, հանդիպումներ, ի՞նչ առաջնահերթ ուղղություններով եք տարին սկսելու։ 

Մհեր Մարգարյան․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շարունակաբար ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մարմիններում և հարթակներում` տարբեր թեմատիկ ոլորտներում ՀՀ մոտեցումներն ու առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Տարբեր խնդիրներին նվիրված ելույթների, թեմատիկ միջոցառումների կազմակերպման միջոցով փորձում ենք Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև բազմապիսի բնագավառներում հայաստանյան զարգացումների մասին ավելի հասանելի և ընկալելի դարձնել լայն միջազգային հանրությանը` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանն ու մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանն առնչվող օրակարգը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության հարցերը,  կանանց և երիտասարդության առաջխաղացման ոլորտն ու նորարարությունների օրակարգը: 

Անցնող տարում ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համար հիշարժան իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի մասնակցությունը ԳԱ 73-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, ՄԱԿ ԳՔ-ի հետ հանդիպումը, ԳԱ հարակից կարևոր միջոցառումներում` մասնավորապես Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Leaving No One Behind in an Age of Technological Revolution» խորագրով միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես գալը: Ի դեպ, այդ օրերին Գլխավոր քարտուղարը թե իր ֆեյսբուքյան ասուլիսի, թե Գլխավոր ասամբլեային իր զեկույցի մեջ հիշատակեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, որակելով այն որպես ֆանտաստիկ օրինակ` առանձնահատուկ ընդգծելով երիտասարդության դերը` երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններում: Վարչապետի այցի շրջանակներում նաև տեղի ունեցավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հայկական միջնադարյան արվեստին նվիրված ցուցահանդեսի բացումը:  

Տարին սկսելու ենք ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում մեր անդամակացությամբ: 2018թ. հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցը, որին անդամակցում է 54 երկիր, համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի ու հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։ 

2019թ-ից սկսած` 4 տարի ժամկետով անդամակցելու ենք նաև ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովին, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները։ Այն հանդիսանում է հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինը։

Մեկնարկել ենք նաև Մարդու իրավունքների խորհրդի ընտրարշավը, որն ընթանում է բավականին մրցակցային պայմաններում: Տարվա առաջին կեսին Հայաստանը համակարգելու է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում ներկայացվող ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության վերաբերյալ բանաձևի նախագիծը և դրա շուրջ քննարկումները:

Հարց․ Պարոն դեսպան, օրերս ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ անդամ։ Ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը, որ ժամկետներում է այս անդամությունը նախատեսվում ու որքան է հավանականությունը։

Մհեր Մարգարյան․
 ՄԻԽ ընտրությունները նախատեսված են 2019 թ. հոկտեմբերին՝ 2020-2022 թթ. ժամանակահատվածի համար: ՄԱԿ-ի մարմիններում ընտրվելու համար ՄԱԿ-ում ձևավորված ընթացակարգի համաձայն հինգ տարածաշրջանային խմբերին հատկացված են որոշակի թվով տեղեր: Հայաստանն ընդգրկված է Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում և ՄԻԽ ընտրություններում այդ խմբի համար հատկացված երկու թափուր տեղերի համար ընտրություններում ներկայացված են երեք երկիր: ՄԻԽ անդամակցության համար իր ընտրարշավում Հայաստանը կենտրոնանալու է ժողովրդավարական ձեռքբերումների՝ հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և այդ բնագավառներում ներքին ու միջազգային շրջանակներում դրանց  ամրապնդման և առաջ մղման վրա:

Միջազգային հանրության շրջանակում Հայաստանի ժողովրդավարության վարկանիշի կտրուկ աճն ապահովում է այն հիմքը, որի վրա նախատեսում ենք կառուցել ընտրարշավը: Հայաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցության համար ներկայացված է 2031 թ.-ին կայանալիք ընտրություններում՝ 2032-33 թթ. համար: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամների երկու-երրորդի դրական քվեն (ինչը կախված քվեարկությանը մասնակիցներից կազմում է մոտ 123-128 ձայն) ընտրապայքարը բավականին լարված է լինելու և պահանջելու է ռեսուրսների և կարողությունների մոբիլիզացում: ժամկետը թվում է հեռու է, սակայն համեմատության համար ասեմ, որ մինչև 2045 թթ. արդեն իսկ կան առաջադրված մի շարք երկրների թեկնածություններ:

Հարց․ ՄԱԿ-ի գործունեության վրա հասարակության ուշադրությունը հատկապես կենտրոնանում է այն ժամանակ, երբ տեղի են ունենում կարևոր քվեարկություններ։ Կարողանո՞ւմ է Հայաստանը համադրել պետական շահերը միջազգային դաշնակցային պարտավորությունների հետ։

Մհեր Մարգարյան․ Քվեարկությունները ՄԱԿ-ի, հատկապես Գլխավոր ասամբլեայի և հիմնական կոմիտեների առօրյա գործունեության մասն են: ԳԱ 73-րդ նստաշրջանի հիմնական հատվածի ընթացքում տասնյակ բանաձևեր ընդունվում են քվեարկությամբ: Ինչպես հայտնի է Գլխավոր ասամբլեայի բանաձևերն ունեն խորհրդատվական բնույթ, միևնույն ժամանակ, այն բանաձևերը, որոնք ընդունվում են միաձայն և առանց վերապահումների, համարվում են համաձայնեցված և կատարման ենթակա միջազգային հանրության համար:

Հայաստանի պատվիրակությունն իր բոլոր քվեարկություններում առաջնորդվում է Հայաստանի շահերով, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դաշնակցային պարտավորությունները, այնպես որ դրանք համադրելու որևէ լրացուցիչ անհրաժեշտություն չի ծագում: Որոշակի դեպքերում Հայաստանի ներկայացուցչությունը հանդես է գալիս նաև իր քվեի բացատրության ելույթով, որտեղ ներկայացվում է ՀՀ մոտեցումը խնդրի նկատմամբ:

Հարց․ Վերջերս տեղեկություն հրապարակվեց ՄԱԿ-ի բյուջեի բաշխման վերաբերյալ, որում ԱՄՆ-ը շարունակում է լինել խոշորագույն դոնորը։ Նշվում էր նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, որոնք վճարում են  համապատասխանաբար բյուջեի 0,007 ու 0,008 տոկոսը։ Սա նոր ցուցանիշ է, թե՞ նախորդ տարիներին էլ էր այդպես։

Մհեր Մարգարյան․ ՄԱԿ-ի բյուջեն կազմավորվում է` հաշվի առնելով երկրի ՀԱԱ (համախառն ազգային արդյունքի) հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսիք են արտաքին պարտք, մեկ շնչին հասնող եկամուտ և այլն: Անդամավճարների սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ: Նվազագույն շեմը կազմում է 0.001%, իսկ առավելագույնը` 22%: Ինչպես տեսնում եք, սա երկրների միջև համապատասխան  բաշխում կատարելու նպատակով ընդունված չափորոշիչների վրա հիմնված հաշվարկ է և այդ իսկ պատճառվ նման որակումները ինքնին տարօրինակ են:  Ի դեպ նշեմ, որ ինչպես և նախորդ տարիներին, 2018թ. նույնպես ՀՀ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:  Պատվո ցանկում ներառվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները:  2018թ. պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 48-ը: Այս տարի նույնպես Հայաստանը կկատարի իր ֆինանսական պարտավորությունները` ըստ սահմանված ժամանակացույցի: 

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի «ամենաաղքատ երկրներ» ձևակերպմանը, կարող եմ նշել, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված միակ դասակարգումը «ամենաքիչ զարգացած երկրներ» (կամ, անգլերենով, “least developed countries”) դասակարգումն է: Սա տնտեսական զարգացման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների խումբ է, որը ներկայումս ներառում է 47 պետություն, և ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը այդ ցանկին չեն դասվում: Այս համատեքստում կարող եմ նաև նշել, որ Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն` Հայաստանը հանդիսանում է միջին եկամուտ ունեցող երկիր, և որպես այդպիսին` անդամակցում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջին եկամուտ ունեցող երկրների խմբի աշխատանքներին:

Տպել էջը