ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը «Vesti.am» կայքին

12 նոյեմբերի, 2018

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Vesti.am-ին տրված հարցազրույցի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման, վիզաների ազատականացման և այս գործընթացին առնչվող այլ հարցերի շուրջ:

Հարց․ Շուրջ մեկ տարի առաջ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մինչև այժմ համաձայնագրի ո՞ր կետերն են կատարվել Հայաստանի կողմից:

Կարեն Նազարյան․ Այս տարվա ապրիլին ՀՀ ԱԺ-ում ՀԸԳՀ վավերացումից հետո վերջինիս դրույթների մեծ մասը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ ՀՀ փոխվարչապետի համակարգման ներքո գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն վերջնականացրել է ՀԸԳՀ-ից բխող միջոցառումների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը։ Այն (նախագիծը) դեռևս պետք է քննարկվի համաձայնագրի կողմերի միջև, որի արդյունքում էլ կհաստատվի ու դրանից հետո կսկսվի համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթների իրագործումը։

Հարց․ Պարոն Նազարյան, օրերս հայտարարել էիք, որ 2020-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար։ Նշել էիք, որ շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա: Այդ խումբն ի՞նչ քայլեր է հաստատում սովորաբար:

Կարեն Նազարյան․ Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում նշել եմ, որ  մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մասին հղումներ են պարունակվում ՀԸԳՀ նախաբանի 14-րդ պարբերությունում և հոդված 15-ի 2-րդ կետում, ինչպես նաև Արևելյան գործընկերության Ռիգայի (2015թ.), Բրյուսելի (2017թ.) գագաթաժողովներում ընդունված Համատեղ հայտարարություններում, առ այն որ համապատասխան ժամկետում ՀՀ քաղաքացիների համար պետք է սահմանվի ԵՄ մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմ։ Իսկ ԱլԳ Բրյուսելի գագաթաժողովի կողմից հավանության արժանացած «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթղթում այդ գործընթացի համար ժամկետ է սահմանվում 2020թ.։ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների և թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում։ Գործընթացը ենթադրում է մուտքի արտոնագրերի երկխոսություն կողմերի միջև, որի մեկնարկի համար ԵՄ կողմը պետք է իրականացնի գնահատման առաքելություն։ Տեսականորեն դրան պետք է հաջորդի Հայաստանին մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը։

Հարց․ Հայաստանը մինչև 2020 թվականը կարո՞ղ է իրականացնել այդ խմբի կողմից հաստատված դրույթները:

Կարեն Նազարյան․ Խումբն իրականացնելու է միայն գնահատման առաքելություն, որևէ բան չի հաստատելու։  Հուսով ենք, որ առաքելությունը կժամանի 2019-ին։

Հարց․ Մյուս երկրների հետ համեմատած դրույթները նո՞ւյնն են լինելու, թե՞ Հայաստանի դեպքում հնարավոր է որոշ դույթներ այլ լինեն:

Կարեն Նազարյան․ Չնայած որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրերը յուրաքանչյուր երկրի համար մշակվում են առանձին, դրանց հիմնական պահանջները մեծապես նույնն են: Առաջին փուլում գնահատվում է իրավական և կարգավորիչ դաշտը, երկրորդ փուլում՝ իրականացման արդյունավետությունը: Կարող եմ ասել, որ ՀՀ-ում առաջին փուլի պահանջների մեծ մասն առկա է:

Հարց․ ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման վրա կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը:

Կարեն Նազարյան․ Այո, քանի որ վերջին շրջանի ներհայաստանյան գործընթացներն ու դրանց արդյունքում զարգացումները նոր թափ են հաղորդել երկրում իրականացվող բարեփոխումներին, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը ենթադրում է բարեփոխումներին ուղղված քայլեր, որոնք Հայաստանը պետք է իրականացնի` համապատասխանելու ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման համար անհրաժեշտ չափանիշներին։

Հարց․ Մտավախություն չկա՞, որ ԵՄ մուտքի ազատ իրավունքի ռեժիմի դեպքում Հայաստանից դեպի եվրոպական երկրներ արտագաղթը կավելանա, քանի որ այդ նախադեպը եղավ Վրաստանում, Ուկրաինայում:

Կարեն Նազարյան․ Ձեր տված հարցի (արտագաղթի) համատեքստում  նշեմ, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը հնարավորություն է տալիս իրականացնել անվտանգ ու կանոնակարգված միգրացիա։

Բոլոր նրանք, ովքեր այլ կերպ կընկալեն կամ կօգտագործեն ազատականացված ռեժիմը, կհամարվեն օրինախախտներ և կհայտնվեն անկանոն միգրանտի կարգավիճակում, դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնց առնչությամբ գործում են ԵՄ ներքին ընթացակարգերը, ինչպես նաև ռեադմիսիան, որը երկուստեք հանձնառություն է։

Տպել էջը