Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ

09 նոյեմբերի, 2018

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Սիրելի՛ արևելեգետներ,

Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։

Հայաստանը հպարտ է արևելագիտության իր հարուստ ավանդույթներով, որի դարբնոցի ու դրոշակակրի պատվավոր ու պատասխանատու դերն արդեն կես դար է, ինչ ստանձնել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը:   

Հիրավի, Ֆակուլտետն անցել է նշանակալի ճանապարհ, կայացման ու զարգացման կարևոր փուլեր, որոնց ընթացքում ձևավորվել ու ամրապնդվել են հայկական արևելագիտական դպրոցի հիմնասյուները։ Այն իր մեջ ամփոփել ու բյուրեղացրել է արևելագիտության բնագավառում աշխարհասփյուռ հայության ներուժը և հաջողությամբ ծառայել է ոչ միայն մեր Հայրենիքի գիտակրթական ու քաղաքական կյանքի զարգացմանը, այլև իր ուրույն անունն ու հեղինակությունն է ձեռք բերել համաշխարհային արևելագիտության մեջ։

Դրա վառ վկայությունն է միջազգային բարձր ճանաչում ունեցող գիտնականների այն աստղաբույլը, որոնցից շատերը կանգնած են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի կազմավորման ակունքներում։ Հիսունամյա այս հոբելյանին ակնածանքով ենք հիշում այն բոլոր երախտավորներին՝ ներառյալ ֆակուլտետի երկարամյա դեկաններ Մերի Քոչարին ու Գուրգեն Մելիքյանին, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով խոշոր ավանդ ունեն ֆակուլտետի և ԵՊՀ-ի կայացման ու զարգացման գործում:

Արևելագիտության ֆակուլտետի ձեռքբերումներից թերևս ամենանշանակալին իր շրջանավարտներն են` մարդիկ, ովքեր հսկայական ներդրում ունեն մեր երկրի հանրային կյանքի կարևորագույն ոլորտներում: Պատահական չէ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ հայկական դիվանագիտական անձնակազմի, ներառյալ նրա ղեկավար կազմի զգալի մասը հանդիսանում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ։

Ներկայիս հարափոփոխ աշխարհի հորձանուտներում Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է զգալ լայնախոհ ու բարձր պատրաստվածությամբ օժտված մասնագետների կարիքը։ Մաղթում ենք, որ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը միշտ բարձր պահի իր իսկ սահմանած տպավորիչ նշաձողը և շարունակի մեր երկիրի գիտակրթական բնագավառը, պետական կառավարման համակարգը սնուցել իր տանիքի տակ կրթված բանիմաց սաներով։

 

Տպել էջը