ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ

02 նոյեմբերի, 2018

Հարց․ Հայաստանը կարողացա՞վ պահպանել ՀԱՊԿ-ում թեկնածու առաջադրելու իր իրավունքը։

Զոհրաբ Մնացականյան․ Դա այժմ օրակարգում է, որովհետև հաշվի առեք, որ մենք խոսում ենք մի շրջանի մասին, երբ մոտավորապես մեկ տարի, մեկ տարուց ավել է մնում այս ամենին [ՀԱՊԿ ԳՔ պաշտոնավարման ավարտին, բայց նույնիսկ այդ պարագայում մենք վստահ ենք, որ կարող ենք իրականացնել այդ գործառույթը։ Իսկ եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, որ կարողանանք թեկնածու ունենալ, որը կկարողանա իրականացնել այդ գործառույթը։

Հարց․ Իսկ կազմակերպության անդամ պետություններն ի՞նչ են կարծում։ Բանակցություններ էին ընթանում, փոխարինման գործընթաց էր մեկնարկել։

Զոհրաբ Մնացականյան․ Դրա համար եմ ասում, չեմ ցանկանում ասել, քանի դեռ ոչինչ վերջնական չէ։

Հարց․ Խաչատուրովի հեռացման գործընթացի վերաբերյալ մանրամասներ կներկայացնե՞ք։ Ընթացակարգը՝ ինչպես տեղի ունեցավ։

Զոհրաբ Մնացականյան․ Վաղաժամկետ դադարեցման․․․ Հայաստանը գործընթացը նախաձեռնել է աշխատանքային մակարդակով, ինչը նշանակում է, որ պետությունների ղեկավարները կարիք չունեին հավաքվելու մեկ տեղում, այլ ստորագրվել և հանձնվել է քարտուղարությանը մի փաստաթուղթ: Երբ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր վեց պետություններից կա ստորագրություն, գործընթացը համարվում է ավարտված։

Հարց․ Իսկ մենք որոշե՞լ ենք, առաջադրելու ենք, թե՞ ոչ։

Զոհրաբ Մնացականյան․ Չեմ կարող առաջ ընկնել գործընթացներից։

Հարց․ Բայց մենք գոնե շահարգի՞ռ ենք այդ առումով։

Զոհրաբ Մնացականյան․ Առաջնային շահագրգռվածությունը նրանում է, որ ՀԱՊԿ-ը, որպես հավաքական անվտանագության կազմակերպություն, շարունակի մնալ արդյունավետ։ Մենք կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե մեր կողմից լինի թեկնածու, վստահ եմ, որ կարող ենք, իսկ եթե լինի ուրիշի կողմից, վստահ եմ, որ պետք է նայենք՝ ով է այդ ուրիշը։ Նորից եմ կրկնում՝ քարտուղարությունն ապահովում է անդամ պետությունների բնականոն աշխատանքը՝ միասին համագործակցելու համար։

Հարց․ Հաջորդ շաբաթ հնարավոր կլինի՞ ասել, թե ․․․

Զոհրաբ Մնացականյան․ Հաջորդ շաբաթ վստահ եմ, կհայտնենք, կպատմենք արդյունքների մասին։ Այն առնչությամբ, թե արդյոք լուծումը կլինի մյուս շաբաթ. դա չի նշանակում որ մյուս շաբաթ լուծումը կլինի։ Հավաքական անվտանգության խորհրդում պետությունների և կառավարությունների ղեկավարները քննարկումներ են ունենալու։ Մենք ունենալու ենք քննարկումներ ԱԳ նախարարների մակարդակով, և ոչ թե անպատրաստ կլինենք քննարկելու, այլ գնալու ենք քննարկելու՝ հիմնվելով արդեն տեղի ունեցած տարբեր աշխատանքների վրա, որոնք իրականացվում էին Մշտական խորհրդում։

Հարց․ Հայաստանը կկարողանա՞ պահպանել թեկնածու առաջադրելու իր իրավունքը։

Զոհրաբ Մնացականյան․ Ես շատ կխնդրեմ Ձեզ առաջ չընկնել. ուղղակի ըմբռնումով մոտեցեք, որ ես առաջ չընկնեմ գործընթացից։

Հարց․ Բայց կա՞ թեկնածու, պարո՛ն նախարար։

Զոհրաբ Մնացականյան․ Թեկնածուներ Հայաստանն ունի, որոնք մեր գնահատմամբ կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն աշխատանքը։

Հարց․ Պարո՛ն նախարար, ի՞նչ պիտի լինի, որ Հայաստանին ասեն՝ չես պահպանում տեղդ։

Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, հարցն այնպես չէ, որ Հայաստանին ասեն՝ չես կարող ու Հայաստանն ասեց՝ կներես չեմ կարող։ Խոսքը վեց անդամ պետությունների մասին է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի բոլորս գանք համաձայնության, որ այն, ինչ անում ենք կազմակերպության համար, լավ է բոլոր վեցի համար։ Չէ՞ որ մեկը մյուսի հաշվին չի ինչ-որ բան անում։ Դա չի կարող լինել։ Հավասար անդամ պետություններ ենք, հավասար անդամներ ենք։

Հարց․ Իսկ ընդհանուր առմամբ Յուրի Խաչատուրովի հետ կապված այդ պատմությունը կարո՞ղ է ազդել Հայաստանի հետագա թեկնածուի վրա, կարո՞ղ է դա ինչ որ կերպ ազդել այդ քննարկումների վրա, թե ինչպես եղավ այդ պատմությունը, նրա կալանքի, այդ բացասական երանգները:

Զոհրաբ Մնացականյան․ Եթե կար որևէ հարց, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչպես է դա առնչվում մեր ընդհանուր կազմակերպության Գլխավոր քարտուղարին... Եթե հիշում եք, այն ժամանակ, հիմա էլ նորից նույն հարցն է. Կա մեր ներքին խնդիրը, մեր ներքին գործընթացներին վերաբերող հարց, որն առնչվում էր պարոն Խաչատուրովին: Եվ մեզ համար շատ էական էր անմիջապես գործել, որպեսզի տարանջատենք Կազմակերպությունը մեր ներքին օրակարգից: Այս առումով մենք հստակ ենք, որ Կազմակերպությունը նույնչափ կարևոր է մեզ համար, որքան մյուսների համար, և Կազմակերպության հեղինակությունը, կարողությունները մեզ համար չափազանց կարևոր են, դրա համար մենք տարանջատեցինք:

Այդ առումով մենք մեր գործառույթն արել ենք, և վնասի ձևով չենք մտածում։ Մենք մտածում ենք մեկ բանի մասին. ինչ, որ քննարկենք, պետք է լավ լինի Կազմակերպությանը՝ բոլոր վեցին։ Եվ եթե մեզ համոզեն, որ ավելի լավ ձև կա, մենք կլսենք, կգնահատենք, կհամոզվենք, եթե չենք համոզվելու, շարունակելու ենք քննարկումները։ Կազմակերպությունն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով, Կազմակերպությունը վեց անդամ պետություններ են, և դա համագործակցություն է: Մենք կարող ենք խոսել, համաձայնվել-չհամաձայնվել։ Համագործակցության միջավայրում ենք աշխատում, որը բոլորիս՝ վեցի շահն է։

Հարց․ Իրանական մամուլում գրվել է, որ ստամբուլյան վերջին հռչակագրից հետո Դուք Հայաստանում Իրանի դեսպանին հրավիրել եք ԱԳՆ։ Կհաստատե՞ք դա և եթե հրավիրել եք, արդյո՞ք այդ հարցը քննարկվել է Իրանի դեսպանի հետ։

Զոհրաբ Մնացականյան․ Նորից կխնդրեմ մի քիչ ուշադիր լինեք։ Ես հասկանում եմ, որ հղում եք կատարում մի ուրիշ բանի։ Մեր շատ լավ գործընկեր Իրանի դեսպանը հանդիպել է ինձ, և մենք քննարկել ենք Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի ուղերձը, որն ասում է, որ բաց է քննարկել Հայսատանի և Իրանի միջև առկա սերտ բարեկամական համագործակցությունը, ինչպես նաև՝ միջազգային կառույցներում Հայաստանի կողմից Իրանի նկատմամբ ցուցաբերած բարի կամքը։

Իսկ ինչ վերաբերում է մեր քննարկմանը, մենք քննարկել ենք տարածաշրջանին, տարածաշրջանի բոլոր մասնակիցներին և տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցեր։ Այստեղ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ տարածաշրջանային հակամարտության հարցերում չի լինելու լուծում որևէ կողմի հաշվին, որևէ հայտարարություններ, որևէ այլ մեկնաբանություններ, եթե չեն արտահայտում այն, ինչ տեղի է ունենում Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ձևավորված մոտեցումներն ու ձևակերպումները, որևէ նշանակություն կամ նպաստ գործընթացին չունեն։ Այդ առումով որևէ մեկդ կասկած չպետք է ունենա։

 

Տպել էջը