ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

05 սեպտեմբերի, 2018

Հարց․ Փորձագիտական մի շրջանակ կարծիք է հայտնում, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում շատ բան կարող է փոխել, մյուս խումբը հավաստիացնում է, որ պետք չէ շատ ոգևորվել, քանի որ այցի թիրախն ըստ էության Ադրբեջանն էր՝ փոխշահավետ գործարքներով: Շատերը մտահոգություն հայտնեցին, թե Վրաստանը ստացավ իր բաժինը, Ադրբեջանը՝ իրենը, իսկ Հայաստանին մնացին միայն սելֆիները: Ի վերջո, շոշափելի առումով ի՞նչ տվեց Հայաստանին կանցլերի այցը:

Կարեն Նազարյան․ Նախ կցանկանայի նշել, որ հայ-գերմանական քաղաքական ու ֆինանսատնտեսական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով: Երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով Գերմանիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտումը պայմանավորված է միջազգային ասպարեզում այդ երկրի քաղաքական և տնտեսական ակտիվ դերակատարմամբ, Եվրամիության մեջ ունեցած նրա ծանրակշիռ դիրքով, ինչպես նաև մեր երկրի ու տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի կողմից ցուցաբերվող հետաքրքրությամբ:

Հայտնի է, որ Գերմանիան Հայաստանի առաջատար առևտրական գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում շարունակում է զբաղեցնել առաջին տեղը: Գերմանիան նաև մեր տնտեսության իրական հատվածում կատարած համախառն ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։ Պարզ է, որ այս ու ոլորտային մյուս ուղղություններով շարունակվող ակտիվ գործակցությունն ամենաբարձր մակարդակով քննարկելու և նոր խնդիրներ առաջադրելու առումով տիկին Մերկելի երկօրյա պաշտոնական այցը հիանալի առիթ էր մեզ համար։

Նշեմ նաև, որ միջպետական հարաբերություններում պարբերաբար իրականացվող բարձրաստիճան փոխայցերը մեծապես նպաստում են կողմերի միջև քաղաքական կանոնավոր երկխոսության ձևավորմանը, և այս ըմբռնումով մենք Գերմանիայի կանցլերի այցին նախապատրատվել էինք հիմնովին։ Այցի ընթացքում գերմանական կողմն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում նոր թափով սկիզբ առած բարեփոխումներին։ Գերմանիան սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող մեր ամենաակտիվ դոնոր երկրներից է (ԱՄՆ-ից հետո` երկրորդը): Գերմանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու խորհրդարանական համակարգի ամրապնդման հարցում։ ՀՀ-ում գրանցված են գերմանական կապիտալի մասնակցությամբ 150-ից ավելի ձեռնարկություններ։ Ի դեպ, կանցլերի պատվիրակությանը մաս էին կազմում գերմանական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ, ովքեր Հայաստան էին ժամանել գերմանական ներդրումներն ընդլայնելու օրակարգով և այս առթիվ ունեցել էին առանձին հանդիպումներ։

Այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները միտված են առավել խորացնելու ու ընդլայնելու հայ-գերմանական գործընկերությունը, ու վստահաբար կարող ենք ասել, որ այցը նոր շունչ հաղորդեց հայ-գերմանական բազմաշերտ կապերին։ Վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում առանձնացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այցի արդյունքներով կոնկրետ գործողությունների համատեղ օրակարգ մշակելու համար։ Այս առումով մեզ սպասվում է թիրախավորված աշխատանք՝ հիմնականում միգրացիայի, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գյուղական շրջաններում ֆերմերության զարգացման, զբոսաշրջության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում երկկողմ ջանքերը համադրելու ուղղությամբ։ Համարում ենք նաև, որ նորարարական տեխնոլոգիաների, ստարտ-ափերի ոլորտում ԵՄ-ն ու մասնավորապես Գերմանիան լավ գործընկեր կարող են լինել Հայաստանի համար։

Հարց․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը պատմական էր: Վարչապետն ուրախությամբ արձանագրել էր, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են: Կհստակեցնե՞ք՝ ի՞նչ հարցերի վերաբերյալ են հայ-գերմանական տեսակետները համընկնում:

Կարեն Նազարյան․ Նախկինում գերմանական կողմից բարձրաստիճան այցեր կայացել էին հիմնականում ԱԳ նախարարների, խորհրդարանականների մակարդակով, և սա կանցլերի առաջին և, այո, պատմական այցն էր մեր երկիր։ Քննարկումների արդյունքում մենք արձանագրել ենք, որ երկու երկրների տեսակետները համընկնում են, և առաջին հերթին խոսքը կայուն զարգացման համար որպես կարևոր նախապայման հանդիսացող այն մոտեցման մասին է, որի հիմքում են ընկած իրավունքի գերակայության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարին միտված անհրաժեշտ ու համարձակ քայլերը։ Մենք համատեղ արձանագրել ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հասունացել է նոր մակարդակի ժողովրդավարության համար։ Գերմանական հիմնադրամներն այս ուղղությամբ ակտիվ գործունեությունը կշարունակեն:

Մենք համակարծիք ենք, որ ԼՂ կարգավորումը, հանգուցալուծումը պետք է դիտարկվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Անդրադարձ է կատարվել միջազգային հրատապ խնդիրներին, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին, Սիրիայում տիրող իրավիճակին, և կարող եմ ասել, որ մեր երկրների տարածաշրջանային անվտանգության ու զարգացման տեսլականն այս հարցերում ևս նոււյնն է։ Գերմանիան, ինչպես գիտեք, աջակցում է սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագրերին։ Այս ուղղությամբ արդյունավետ համագործակցություն են ծավալել Հայաստանում գերմանական կազմակերպությունները։

Մեր երկրների դիրքորոշումները համընկնում են մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման հարցում։ Ունենք նույն մոտեցումը մարդկանց միջև շփումներն ավելացնելու, զբոսաշրջությունը խթանելու և քրիստոնեական արժեքներն ու հնագույն և հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելու ու պաշտպանելու հարցերում։ Մենք նաև ակտիվորեն համագործակցում ենք ռազմական բժշկության, ռազմական կրթության, փորձի փոխանակման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 2015-ից ի վեր Հայաստանի ԶՈՒ զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում` գերմանական հրամանատարության ներքո:

Հարց․ Այն, որ Գերմանիայի կանցլերը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Բեռլին, կարելի՞ է ասել, որ հիմա գնդակը հայկական դաշտում է, և արդյոք ԱԳՆ-ն օրակարգ մշակո՞ւմ է պայմանական գնդակը Գերմանիա ուղարկելու համար:

Կարեն Նազարյան․ Բարձրաստիճան այցերի, հանդիպումների անհրաժեշտությունը հիմնականում թելադրվում է երկկողմ հարաբերությունների օրակարգ քննարկելու, ընդլայնելու կամ նորը ձևավորելու նպատակով։ Վարչապետը գոհունակությամբ ընդունել է այդ հրավերը, և այցի ժամանակացույցն ապագայում կողմերի միջև կքննարկվի և կհստակեցվի դիվանագիտական խողովակներով։ Այս պահին մեզ անհրաժեշտ է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները, և հետո կմտածենք Երևան-Բեռլին երկխոսությունը բարձր մակարդակով շարունակելու մասին։

Հարց․ Եվրամիության ու ԵՏՄ-ի միջև բանակցություն դժվար թե տեղի ունենա, բայց կարծում եմ՝ Հայաստանը լավ օրինակ է, որ երբևէ կարելի է նման բանի դիմել: Անգելա Մերկելն այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ: Այն տարընթերցումների տեղիք տվեց: Ըստ էության՝ ո՞րն է հիմնական ուղերձը, և ԱԳՆ-ն այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի:

Կարեն Նազարյան․ Կարող եմ ասել, որ երկու երկրները համակարծիք են նաև, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները պետք է լինեն համադրելի և ոչ թե հակադրվեն միմյանց կամ իրականացվեն միմյանց հաշվին։ Ինչպես հայտնի է, այս մոտեցումն ընկած է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում։ Այո, մենք լավ օրինակ ենք, Հայաստանը հաջողությամբ շարունակում է իր հարաբերությունների ընդլայնումն ավանդական իր գործընկերների հետ և այսօր էլ բոլորի կողմից ընկալվում է որպես կանխատեսելի ու վստահելի գործընկեր։ Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք բաց և ազնիվ: Հաստատակամ ենք նաև շարունակելու գործընկերությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների, հատկապես՝ Գերմանիայի հետ, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ու տնտեսության արդիականացման ուղղությամբ։

Հարց․ Գերմանիայի կանցլերի այցից հետո փորձագետները պնդում են՝ ստեղծվել է գերազանց հիմք հետագա՝ մեր շահերից բխող քայլերի համար՝ թե՛ Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների, թե՛ CEPA-ի շրջանակներում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուղղությամբ, ուստի այս հարցերում հաջողության հասնելու համար Հայաստանն ի՞նչ «տնային աշխատանք» պիտի կատարի:

Կարեն Նազարյան․ Հավանաբար տեղյակ եք, որ վարչապետի որոշմամբ՝ այս տարվա հուլիսին ստեղծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող և դրանից բխող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը։ Փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ հանձնաժողովն արդեն գումարել է մի քանի աշխատանքային հանդիպումներ, իսկ երեկ տեղի է ունեցել նաև հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նվիրված էր համապատասխան ճանապարհային քարտեզի ձևավորմանը։ Այս օրակարգը, ի նկատի ունեմ համաձայնագրի կիրարկումը, համարվում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը, և հանձնաժողովն ակտիվորեն քննարկում է կատարվելիք աշխատանքների բովանդակությունը և ժամանակացույցը։

 

Տպել էջը