ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին

31 մարտի, 2017

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:

Պատասխան. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումներից և այլախոհների անդադար հետապնդումներից: Սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն այդ հայտարարությունները միտված են հանուն ժառանգական իշխանության պահպանման անտեսել 90-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետևանքները և սեփական ժողովրդին ներքաշել նոր արկածախնդրության մեջ: 

Տպել էջը