Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին

02 հուլիսի, 2016

Հարց. Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունումը։

Էդվարդ Նալբանդյան. Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։

Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում:

Տպել էջը