Մամեդյարովի նամակը հիմնված է ստի ու կեղծիքի վրա

04 սեպտեմբերի, 2013

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ (սեպտեմբերի 4, 2013թ.)

–Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, մեկ տարի առաջ ադրբեջանա-հունգարական հայտնի գործարքի արդյունքում ազատ արձակվեց: Ավելին, հանցագործին Ադրբեջանում արդարացրին, ու պարգևատրեցին իբրև հերոսի: Իսկ ԵԽԽՎ-ն բավարարվեց ընդամենը Սաֆարովի գործի վերաբերյալ քննարկում անցկացնելով, և ամեն ինչ ավարտվեց: Սա չի՞ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ռասիզմն ու ֆաշիզմի դրսևորումները, նրա արկածախնդիր քաղաքականությունը մշտապես հանդուրժվում են միջազգային հանրության կողմից:

–Հունգարա-ադրբեջանական այդ խայտառակ գործարքն աննախադեպ երևույթ էր, ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանն ազատ արձակվեց և հերոսացվեց: Տարբեր երկրների, կառույցների ղեկավարներ հնչեցրին դատապարտող հայտարարություններ: Ավելին, չեղավ գեթ մեկ պետություն, որը կփորձեր արդարացնել գործարքի հանցավորությունը: Նույնիսկ Թուրքիան նման փորձ չարեց, ընդամենն ասաց՝ մեր երկիրն այդ գործարքի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին, ապա կատարվածը խստորեն դատապարտեցին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների հանձնակատարը ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը: Այսինքն, այս հարթության մեջ անհրաժեշտ քայլերն արվեցին, բայց, իհարկե, խնդիրներ կան իրավական հարթության մեջ, քանի որ գործ ունենք մի պետության հետ, որը ոչ միջազգային իրավունք է ընդունում, ոչ խաղի կանոններ:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, իբրև թե իրենց քայլը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, այնինչ դա հակասում է կոնվենցիայի տառին և ոգուն: Ադրբեջանական հերթական կեղծիքը միջազգայնորեն բացահայտելու ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, պատրաստել է անհրաժեշտ իրավական փաթեթն ու Սաֆարովի գործը ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր նպատակն է ստանալ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ Եվրոպական դատարանի դիրքորոշումը:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն իրողության վրա, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանում խուսափում են գիշերային մարդասպանի անունը հնչեցնելուց: Եվ դա պատահականություն չէ ու փաստում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն առնվազն հասկացել են, որ մարդասպանի անվան հնչեցումն արդեն իսկ բացասական է իրենց երկրի համար:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռասիստական և ռազմատենչ հայտարարություններին հակազդելու խնդրին, ապա նման քայլեր կատարվում են: Բավական է հիշատակել Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը Էնիսկիլենում, որում հնչեցված մեղադրանքների հասցեատերը միանշանակ Ադրբեջանն է: Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր այս հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության և սեփական ժողովրդին խաղաղության փոխարեն պատերազմին նախապատրաստելու քաղաքականությունը, կարծում եմ հասունացել է ժամանակը, որ հետագա հայտարարություններում նշվի բոլոր մեղադրանքների ուղղակի հասցեատերը:
Մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերի նկատմամբ դրսևորվեց նման հանդուրժողականություն, և հայտնի է, թե այն ինչի հանգեցրեց: Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակակից աշխարհին բնորոշ հանդուրժողականությունը անհեռատեսորեն ընդունում է որպես իր անհանդուրժողականության և քսենոֆոբիայի խրախուսում:

–Չնայած աշխարհում որպես հակամարտությունների կարգավորման նախընտրելի տարբերակ մեծ տարածում է ստանում ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամարտահայտության ճանապարհով ամրագրելու եղանակը, սակայն 22 տարի անց էլ գերտերությունները աչք են փակում արցախյան ինքնորոշման իրավունքի ճանաչման փաստի վրա: Ի՞նչու, խոչընդոտը Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությո՞ւնն է, թե՞ կան քաղաքական այլ գործոններ ևս:

–Նախ` մի պարզաբանում. ինքնորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, ՄԱԿ-ի չորս նպատակներից մեկը, մինչդեռ տարածքային ամբողջականությունը սկզբունք է, որով պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի անդամ պետությունները այդ նպատակներին, այդ թվում և ինքնորոշման իրավունքի հարգմանը, հասնելու համար: Հետևաբար, տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին:
Երկրորդ, այո, ժամանակակից աշխարհում տեղի է ունենում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հաղթարշավ: Բավական է դիտարկել ՄԱԿ-ի անդամ պետությունների թվի աճը երկրորդ համաշխարհայինից մինչ այսօր, այն 3,5 անգամ ավելացել է, որի հիմքում ինքնորոշման իրավունքի իրացումն է: Սակայն գործնականում ինքնորոշման գործընթացը միշտ չէ, որ դյուրին է անցնում. մեկ բան է անկախություն հռչակելը, մեկ այլ բան` փաստացի անկախության միջազգային ճանաչումը: Ինքնորոշումն ինքնին չի նշանակում հակամարտություն: Օրինակ, նախկին Չեխոսլովակիայի դեպքում Չեխիան և Սլովակիան բաժանվեցին առանց հակամարտության: Ինքնորոշումը վեր է ածվում հակամարտության, երբ որդեգրվում է ինքնորոշված ժողովրդին ուժով ճնշելու քաղաքականություն, ինչպես դա արեց Ադրբեջանը:

Բայց փորձը նաև ցույց է տալիս, որ եթե ինքնորոշման ձգտող ժողովուրդն ունի ամուր կամք ու աննահանջ է իր ցանկություններում, անպայման կհասնի իր նպատակին: Ինքնորոշման իրավունքի իրականացման տեսակետից Արցախը բացառիկ է. Արցախի ժողովուրդն ապացուցել է իր կարողությունը պաշտպանելու իր անկախությունը ադրբեջանական ագրեսիայից և կայացնելու ժողովրդավարական պետություն:
Պատահական չէ, որ Ադրբեջանը արգելում է Արցախ այցելած օտարերկրացիներին մուտք գործել իր տարածք. չէ՞ որ նրանք հնարավորություն կունենան համեմատելու Արցախի նվաճումները Ադրբեջանի բռնապետական իրականության հետ: Այդ այցելուների համար զավեշտական է, որ պետական մակարդակով հակահայկական ռասիզմ քարոզող Ադրբեջանը կարող է հավակնություններ ունենալ Արցախի նման ժողովրդավարական երկրի հանդեպ:

–Վերջին տարիներին բանակցային սեղանի միակ փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, այնուհանդերձ, ստեղծված փակուղային իրավիճակը չի՞ ենթադրում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կա նոր առաջարկների, նոր տրամաբանության անհրաժեշտություն, հետևաբար, նոր փաստաթղթի մշակում:

–Չեմ կարծում, որովհետև փակուղին ստեղծվել է ոչ թե փաստաթղթի պատճառով, այլ բանակցային գործընթացում Ադրբեջանի որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» մոտեցման հետևանքով: Ուստի պետք է փոխվի ոչ թե փաստաթուղթը, այլ Ադրբեջանի մոտեցումը: Իսկ հայկական կողմերը երբեք չեն գնա միակողմանի զիջումների: Ադրբեջանն է, որ հայտարարում է, իբրև թե Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն իրեն չի արդարացնում, քանի որ ձգտում է ձերբազատվել այդ ձևաչափից: Ադրբեջանն է, որ խոսում է նոր առաջարկների և նոր փաստաթղթի մշակման մասին և հարցի քննարկումը փորձում տեղափոխել տարբեր միջազգային հարթակներ, քանի որ ձգտում է վիժեցնել բանակցային գործընթացը:

Ավելորդ չէ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում միջնորդներ են հանդիսանում ՄԱԿ-ի անվտանգության 5 մշտական անդամներից երեքը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք միասնաբար հայտարարում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների միասնական, այլ ոչ թե ընտրովի և խեղաթյուրված ձևով կիրառության մասին: Ահա թե ինչու է Ադրբեջանը ձգտում ձերբազատվել Մինսկի խմբի համանախագահների զսպաշապիկից:

–Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ուր ասվում է. «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս-քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

–Նման քարոզչական նպատակներ հետապնդող գրություններ Ադրբեջանը պարբերաբար ուղարկում է ՄԱԿ, և, իհարկե, մշտապես ստանում փաստարկված պատասխաններ: Մամեդյարովի հերթական նամակում կրկին փորձ է կատարվում հայկական կողմերին վերագրել հենց Ադրբեջանի կողմից իրականացվող բանակցային գործընթացի առաջընթացն արգելափակելու և դրանով իսկ ստատուս քվոն պահպանելու քաղաքականության հետևանքները: ՄԱԿ-ում արդեն տարածվել է Մամեդյարովի նամակին ի պատասխան ԼՂՀ ԱԳՆ սպառիչ պատասխանը:

Մասնավորապես, այդ պատասխանում ասվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարի նամակը հիմնված է ակնհայտ խեղաթյուրված տեղեկատվության վրա: Մամեդյարովի կողմից ներկայացված, իբրև թե Արցախում բնակվող 447 սիրիահայերի ցուցակից և ոչ մեկն Արցախում չի եղել և ներկայումս չի գտնվում: Կարող եմ ավելացնել, որ այդ ցուցակում ներկայացված սիրիահայերի մի մասը երբևէ չի այցելել նաև Հայաստանի հանրապետություն:

–Իրականում ի՞նչ ցուցակ է դա:

–Իրականում այդ մարդիկ սիրիահայեր են, ցուցակում նշված են կոնկրետ անձանց անուն ազգանուններ, իրենց անձնագրերի համարներով: Թե որտեղից են ադրբեջանցիները հայթայթել այդ ցուցակը, դա առանձին խնդիր է: Կարևորը հետևյալն է. Մամեդյարովի նամակը դարձյալ ապացուցեց, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որի ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է ստի և կեղծիքի վրա:

–Փաստորեն, Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել սիրիական ճգնաժամը և կեղծ մեղադրանքներ ներկայացնել հայկական կողմերին:

–Այո, նրանք չեն խորշում անգամ այդ աղետը ծառայեցնել իրենց քարոզչական նպատակներին: Դա նման է հենց Ադրբեջանի կողմից իրականացված Խոջալուի բնակչության սպանդը հայերի վրա բարդելու փորձին, երբ այդ նպատակով անգամ օգտագործվում էին Բալկաններում, Թուրքիայում և այլուր լուսանկարված արյունալի տեսարանները` ներկայացնելով դրանք իբրև թե Խոջալուի բնակիչների լուսանկարներ:

–ԱԳ նախարարի նամակում, բացի սիրիահայերի կեղծ ցուցակից, մեկ այլ կեղծիք էլ է տեղ գտել. Մամեդյարովը պնդում է, թե ԼՂՀ-ում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելությունները իբր գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»:

–Բացահայտ սուտ է, այդպիսի բան Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելության կողմից երբե՛ք չի արձանագրվել: Ինչպես նշվում է Արցախի ԱԳ նախարարության նամակում, Ադրբեջանն ընդամենը փորձում է քողարկել այն, որ վերջինս հրաժարվել է ու մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր:

–Պարոն Քոչարյան ինչպե՞ս կմեկնաբանեք նաև թյուրքալեզու պետությունների գագաթաժողովի համատեղ հայտարարությունը, ուր նշվում է, որ խորհուրդը կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հակամարտության խաղաղ միջոցներով կարգավորման հասնելը:

–Նախ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ, ԽՍՀՄ փլուզումով, նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար սուբյեկտներ` մեկը ԼՂՀ-ն է, մյուսը Ադրբեջանը: Նաև հիշեցնեմ, որ ԼՂՀ անկախության հանրաքվեն ավելի շուտ տեղի ունեցավ, քան Ադրբեջանինը:
Թուրքալեզու պետությունների այս հայտարարությունը ևս մի ապացույցն է առ այն, որ Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին` փորձելով խնդրի քննարկումը տեղափոխել այլ հարթակներ: Ադրբեջանի նման գործելաոճի շարունակությունը միայն խթանելու է Արցախի միջազգային ճանաչումը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
 

Տպել էջը