Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Էնիսկիլենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբեր

18 հունիսի, 2013

Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների շարունակական ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ միասնական և վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։

Ինչպես և Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ համաձայնության ձեռքբերման փոխարեն, Բաքվի միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չընձեռնվեց առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Հայաստանը կիսում է եռանախագահների մոտեցումը, որ անթույլատրելի է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային պայմանավորվածության ձեռք բերման ձգձգումը։

Ինչպես և եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին չորս տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար և, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի։ Ցավոք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Մենք լիովին համամիտ ենք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության հաստատմանը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար։

Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, Հայաստանը բազմիցս է արտահայտել և ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կոչին, ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։

Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և սադրանքներն Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության աճին։

Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները:

Տպել էջը