ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարց-պատասխանը

05 նոյեմբերի, 2012

Է. Շարմազանով. Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ոլորտի արդյունավետությունը երեւում է նրա կատարած աշխատանքով, եւ բյուջեում դրված գումարը, թե ինչ նպատակների է ծառայել: Արտաքին քաղաքականության համար մեր երկրի կարեւորագույն, առանցքային հիմնախնդիրներից է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ խնդրի խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, որը կապված էր Սաֆարովի արտահանձման հետ, անցել է երկու ամիս: Դրանից հետո, մինչեւ օրս, ադրբեջանական իշխանությունները, Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաններ չեն դադարում խոսել ռազմական հռետորությամբ եւ նույնիսկ ռազմական եւ պատերազմի վերսկսման կոչեր են անում: Վերջերս տեղի ունեցավ Ձեր հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Ինչի՞ն էր ուղղված այդ հանդիպումը, ո՞րն էր այդ հանդիպման նպատակը: Եվ բանակցությունների փուլն այսօր ի՞նչ վիճակում է գտնվում:

Է.Նալբանդյան. Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, եռանախագահների հանդիպման գլխավոր նպատակն էր վերադարձնել Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ:

Դուք գիտեք, որ Կազանում Ադրբեջանը հետ քայլ արեց եւ ոչ միայն Կազանում, դրանից առաջ` Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ, փաստորեն մերժեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բոլոր այն առաջարկները, որոնք կատարվել էին եռանախագահների կողմից:

Դա ստեղծել էր այն իրավաճակը, որ, փաստորեն, Ադրբեջանը խոչընդոտում էր բանակցային գործընթացը եւ փաստորեն տանում էր բանակցությունների տապալմանը: Սաֆարովի խայտառակ գործարքը եւս մեկ հարված եղավ այս բանակցային գործընթացի համար: Իհարկե, պետք էր անել հնարավորը, որպիսի բանակցությունները շարունակվեն: Սաֆարովի խայտառակ գործարքից մի քանի օր անց Հայաստանը հայտարարեց, որ տրամադրված է, ինչպես եւ եռանախագահները, շարունակել բանակցությունները: Եթե որեւիցե կողմ ցանկություն ունի տապալելու եւ չշարունակելու այս բանակցությունները` դա ադրբեջանական կողմն է:

Դա էր պատճառը, որ եռանախագահները նախաձեռնեցին այս հանդիպումը եւ հանդիպման գլխավոր նպատակն էր վերադարձնել Ադրբեջանին կառուցողական դաշտ:

Այս երկու ամսվա ընթացքում ի՞նչ է փոխվել: Որոշ փոփոխություն կա. փոփոխությունն այն է, որ միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով Սաֆարովի դեպքից հետո արտահայտեց իր միահամուռ վերաբերմունքը Ադրբեջանի քայլերի, Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որը խստորեն չքննադատեց, չարտահայտեց իր վրդովմունքը այդ քայլի վերաբերյալ:

Մեկ բան չի փոխվել. դա Հայաստանի եւ եռանախագահների ընդհանուր հաստատակամությունն է շարունակել բանակցային գործընթացը եւ պարտադրել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում:

Է. Շահմազանով. Շնորհակալություն, պարոն նախարար:

Փաստորեն կարելի է արձանագրել որ Հայաստանը եւ Արցախը` մեր երկու հանրապետությունները, խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, ինչպես համանախագահ երկրները, եւ այդ տեսակետը ըմբռնում ունի համանախագահ երկրների մոտ, իսկ խնդրի բացարձակապես դեստրուկտիվ ճանապարհի կողմնակիցը միայն Ադրբեջանն է: Դա՞ կարելի է եզրակացնել:

Է.Նալբանդյան. Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջազգային հանրության կողմից եռանախագահող երկրների ղեկավարների միջոցով առաջարկված սկզբունքները եւ տարրերը կարող են հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Չորս հայտարարություն է արվել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների մակարդակով, երեքը` Մեծ Ութնյակի շրջանակներում, վերջինը` Մեծ Քսանյակի շրջանակներում, եւ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման:

Ոչ միայն այդ հայտարարությունները, այլ նաեւ ԵԱՀԿ վերջին չորս տարիների արտգործնախարարների համաժողովների շրջանակներում արված հայտարարությունները՝ Հելսինկիում, Աթենքում, Ալմաթայում, Վիլնյուսում եւ նաեւ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները մեր մոտեցումներին համահունչ են, այսինքն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին: Բայց ես կավելացնեի` միջազգային հանրության մոտեցումները այսօր համահունչ են Հայաստանի մոտեցումներին:

Մենք, միջազգային հանրության հետ համատեղ, իսկ միջազգային հանրության անունից հանդես են գալիս եռանախագահները, որոնք ունեն միջնորդության միջազգային մանդատ, շարունակելու ենք ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի` բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը:

Ս.Ավետիսյան. Պարոն նախարար, 2013 թ. բյուջեի նախագծում, ինչպես ասեց պրն. Սաֆարյանը, 436 միլիոն դրամ է նախատեսվում Ինդոնեզիայում, Մեքսիկայում, Վիետնամում դեսպանություններ բացելու համար: Վերջերս քաղաքական շրջանակներում շատ ակտիվ քննադատություններ էր գնում Ձեր Ավստրալիա, Մեքսիկա, Ինդոնեզիա, Կոնգո կատարած շրջագայությունների հետ կապված, հատկապես կապված մեր տարածաշրջանում զարգացումները: Այսօր, կարծես թե, առիթ է լսելու Ձեր մեկնաբանությունը եւ պատասխանը, եւ՛ այդ քննադատություններին եւ՛ դեսպանությունների բացման անհրաժեշտության հետ կապված: Շնորհակալություն:

Է. Նալբանդյան. Ծանոթ եմ այդ քննադատություններին, երբ որոշ երկրներ անգամ էկզոտիկ են անվանվում: Կարծեմ, դա առնվազն կոռեկտ չէ որեւէ երկիր էկզոտիկ կոչելը:

Ձեզ հիշեցնեմ, որ Կոնգոն տասնյակ անգամ ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը, կոբալտի առաջին արտադրողն է աշխարհում, երկրորդը` Ռուսաստանից հետո` տեխնիկական ալմաստների արտադրությամբ, եւ այլն: Այդ հարցը տվողները, եթե կարողանան պատասխանել, թե ինչու է պետք գնալ Ուագադուգու եւ պետք չէ գնալ Քինշասա, ապա նման հարցեր չեն տա:

Հայտնեմ նաեւ, որ Քինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որտեղ յոթանասունյոթ երկրների ղեկավարներ էին հավաքվել` նախագահներ, վարչապետեր եւ արտգործնախարարներ, եւ այդ գագաթաժովին մենք դարձանք այդ միջազգային կարեւորագույն կազմակերպության լիիրավ անդամ: Իմիջայլոց, այդ կազմակերպության բազմաթիվ անդամներ միաժամանակ Չմիացած երկրների շարժման կազմակերպության անդամներ են եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամներն են, որոնք ձեզ հայտնի հայտարարություններ էին ընդունել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ:

Իսկ Քինշասայում այս գագաթաժողովը ընդունեց մի հայտարարություն, որտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ձեւակերպումները համահունչ են Հայաստանի եւ միջազգային հանրության մոտեցումներին:

Եթե խոսենք Ինդոնեզիայի մասին, ապա Ինդոնեզիան ամենամեծ իսլամական բնակչություն ունեցող երկիրն է: Երկու հարյուր հիսուն միլիոն բնակչություն ունեցող երկրի ութսունվեց տոկոսը դավանում է իսլամ: Այդ երկրում երկար տարիներ գործում է ադրբեջանական դեսպանությունը: Դուք գիտեք, թե ինչ հայտարարություններ էն ընդունվել այդ երկրի խորհրդարանում: Նույնը` Մեքսիկայում:

Հիշեցնեմ, որ Մեքսիկայում նույնպես արդեն մի քանի տարի է` գործում է Ադրբեջանի դեսպանատունը; Գիտեք, ինչ արձաններ են կանգնեցրել Մեխիկոյում: Ես հոկտեմբերի 22-ին Մեքսիկայում էի գտնվում: Հաջորդ օրը, մեկնելով Մեխիկոյից, ինքնաթիռում բացեցի մեքսիկական թերթերը, այնտեղ կար 16 հոդված, չեմ չափազանցնում: Արտգործնախարարի խոսքը լսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրսում, այդ թվում՝ Մեքսիկայում:

Տասնվեց հոդված միայն մեկ օրվա՝ հոկտեմբերի քսաներեքի, թերթերում: Առաջին, երկրորդ էջերի վրա Ադրբեջանի նախկին նախագահի արձանը պատկերող նկարներ էին զետեղված, վերջինիս անվանելով դիկտատոր, իսկ Ադրբեջանը ներկայացնելով որպես ամենակոռումպացված պետություններից մեկը, ժողովրդավարությունը կոպտորեն ոտնահարող երկիր: Ծիծաղի էին ենթարկում այն գրությունը, որը զետեղված էր այդ արձանի տակ՝ shining example, այսինքն փայլուն էլ չէ, փայլատակող օրինակ` ջատագով ժողովրդավարության, մարդու իրավուքների, աշխարհում խաղաղության, եւ այլն:

Դա սկանդալ է առաջացրել այսօր Մեքսիկայում: Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում կայացրեց համապատասխան հանձնաժողով ստեղծել արձանների հետ կապված որոշումները վերանայելու համար:

Մենք բավական զուսպ էինք արտահայտվել Մեքսիկայի այցելության մեր մամլո հաղորդագրություններում: Այսօր փակ լսումներ չեն, սակայն ես թույլ կտամ ինձ ասել, որ պառմալենտի երկու պալատներում էլ ներողություն խնդրեցին ընդունված հայտարարությունների համար: Ներողություն խնդրեցին Մեքսիկայի արտգործնախարարությունում:

Ավստրալիա այցելության ժամանակ, ոմանք ասում էին` ինչո՞ւ է պետք Ավստրալիա գնալ: Համապատասխան իրադարձություններից հետո այդ նույն քննադատները ասում են` եկեք Ավստրալիայում դեսպանություն բացենք: Իմիջիայլոց, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը, որի հետ մենք ջերմ հանդիպում ունեցանք, եւ ով նաեւ հրավեր ունի Հայաստան գալու եւ ընդունել է այդ հրավերը, ինքը տաս տարի Հարավային Ուելս նահանագի վարչապետ է եղել:

Այսօր, քսանմեկերորդ դարում չի կարելի սահմանափակվել միայն սեփական տարածաշրջանի տեսլականով եւ ինչպես ասում են` պատշգամբից հեռու չտեսնել:
Մենք վարում ենք բազմավեկտոր, նախաձեռնողական ակտիվ քաղաքականություն եւ այդ քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից է Հայաստանի բարեկամների եւ գործընկերների թվի ավելացումը աշխարհի տարբեր մասերում: Այո, մենք կարեւորություն ենք տալիս մեր հարաբերությունների զարգացմանը թե’ ասիական, թե’ աֆրիկյան, թե’ լատինաամերիկյան պետությունների հետեւ:

Կ.Աճեմյան. Պրն.նախարար, գնալով սրվում է իրավիճակը Սիրիայում, եւ մենք ավելի ու ավելի հաճախ լսում ենք մեր հայրենակիցների հետ կապված դժբախտ դեպքերի մասին: Ճիշտ է, բարեգործական ակցիաներ են կազմակերպվում, կան օգնություն հատկացնող անհատներ եւ սփյուռքի նախարարության աշխատանքներին ենք ծանոթ, սակայն շատ կարեւոր է նաեւ պետական մոտեցումը, եւ նաեւ գնալով սիրիահայերի անվտանգության հարցը ավելի ակտուալ է դառնում: Խնդրում եմ ասել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում արտաքին գործերի նախարարության կողմից սիրիահայերի անվտանգությունն ապահովելու համար:

Է.Նալբանդյան. Արտգործնախարարությունը բազմիցս ասել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այդ հարցը բարձրացնում է մեր գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում. լինեն դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները, թե՛ տարածաշրջանի գործընկեր երկրները, ներառյալ նաեւ Սիրիայի հետ:

Իհարկե, չեմ կարծում, որ այդ հանդիպումների բովանդակության հրապարակայնացումը առավել արդյունք կտա:

Եթե որեւէ մեկը տեղյակ չի կամ չգիտի, թե ինչ է արվում, ապա պետք չէ ենթադրություններ անել եւ ենթադրությունների վրա` եզրակացություններ:

Իրավիճակը բարդ է եւ վերաբերվում է ոչ միայն սիրիահայությանը, այլեւ Սիրիայի ամբողջ բնակչությանը:

Արվում է հնարավորը: Հանրապետության Նախագահն եւ վարչապետը բազմիցս հայտարարել են այն լայնածավալ միջոցառումների, քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են թե՛ Հայաստան եկած սիրիահայերի համար համապատասխան լուծումներ գտնելու նպատակով, թե՛ նրանց խնդիրները Սիրիայում դյուրացնելու համար:
Ոչ միայն մեր դեսպանությունն է գործում Դամասկոսում, այլ նաեւ կարող եմ ասել, որ միակը Հայաստանի հյուպատոսությունն է, որ լիակատար գործում է Հալեպում:

Չնայած ծանր վիճակին` անվտանգության իմաստով բավականին բարդ խնդիրներին, մեր հյուպատոսությունը գործում է, շարունակում է աշխատել, եւեւ սիրիահայությունը գիտի, որ Հայրենիքի ներկայացուցչությունը ներկա է ոչ միայն Դամասկոսում, այլ նաեւ Հալեպում, եւ անհրաժեշտության դեպքում կարող է հնարավոր աջակցություն ցուցաբերել:

Տպել էջը