ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

20 հուլիսի, 2012

Հարց. Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված եւ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից:

Պատասխան. Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով:

Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց:

Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով:

Ակնհայտ է, որ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է: Առանց անզգույշ, հուզական հայտարարությունների եւ շահարկումներին տեղիք տալու, հետեւելով զարգացումներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորության սահմաններում, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:

Տպել էջը