ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
20 հուլիսի, 2012Հարց. Ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ: 
Պատասխան. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած  ազատ, արդար եւ մրցակցային    նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: 
Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ  ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան: 
Չեմ կարծում, որ ժողովրդավար որեւէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը: 
Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:
Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: