ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին
19 հուլիսի, 2012Հարց. Պարոն Քոչարյան, Թուրքիայի ԱԳՆ-ն ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես կարձագանքեք այդ հայտարարությանը:
Պատասխան. Իր երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որևէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդի որոշումների և ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ:
Իր նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է բավարարել`ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել և օկուպացիոն զորքերը դուրս բերել Կիպրոսի հյուսիսային մասից:
Իսկ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին ժողովրդավարական ընտություններ կազմակերպելու և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: