ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին
14 ապրիլի, 2011Հարց. Պարոն Քոչարյան, Արցախի հարակից տարածքներում զորավարժությունները, Բաքվի վերջին հայտարարությունները, կարելի է որակել որպես ռազմաքաղաքական շանտաժի փո՞րձ, թե՞ նման բաներն այնուամենայնիվ բնական և սպասելի են:
Պատասխան. Մի կողմից, դա ավանդական գործելակերպ է Ադրբեջանի համար, սակայն մյուս կողմից, այո՛, սա մի նոր ալիք է, որը ես ավելի շուտ կբնութագրեի որպես խուճապի արտահայտություն: Ինչո՞ւ. որովհետև այն երևակայական դաշտը, որում գտնվում էր Բաքուն, արդեն անհնարին է պահպանել: Ադրբեջանի առջև արդեն դրված է կոնկրետ հարցադրում, որպեսզի վերջինս իրական բանակցություններ վարի: Նա մինչ այդ քարոզում էր` կա՛մ ամեն ինչ իր ուզածով, կա՛մ ոչինչ, կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ, և բնական է, որ այդ երկու թեզը ի սկզբանե չէին կարող գործեին և չեն գործում: Հետևաբար, հայտնվելով այս իրավիճակում, որում նա արդեն պետք է կոնկրետ գործի, այլ ոչ թե քարոզչությամբ զբաղվի, նա հայտնվել է խուճապային տրամադրությունների մեջ, և դրա արտահայտությունն է այս, այսպես կոչված, շանտաժի հերթական փորձը:
Հարց. Պարոն Քոչարյան, մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն անմեղսունակ է ձևանում, և դրա վրա միջազգային կազմակերպությունները աչք են փակում. գոնե հայտարարությունների մակարդակով ասում են ինչ ուզում են, մեղադրում և դժգոհում բոլոր միջազգային կազմակերպություններից, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահներից: Ո՞րն է այս ամենի պատճառը:
Պատասխան. Հարկ եղած դեպքում մենք շատ հստակ, նաև ամենաբարձր մակարդակով, հնչեցնում ենք մեր ունեցած դիրքորոշումները: Մյուս կողմից, հայկական պետությունների դիրքորոշումները հիմնականում համընկնում են միջազգային հանրության մոտեցումների հետ, մասնավորապես այս հարցում` Մինսկի խմբի համանախագահների մոտեցումների հետ, համանախագահող երկրների ղեկավարների մոտեցումների հետ: Ուստի բնական է, որ Ադրբեջանն է, որ անընդհատ դրանից դժգոհ է: Նա հակադրվում է և՛ միջազգային հանրությանը, և՛ Մինսկի խմբին և՛ համանախագահներին, և դա ունի բազմաթիվ պատճառներ: Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ իրենք իրենց և իրենց սեփական ժողովրդին դարձրել են հենց իրենց քարոզչության պատանդ: Այն ինչ որ նրանք հայտարարում էին և հայտարարում են, իրականությունից կտրված է և իրականանալի չէ: Հետևաբար, նրանք պետք է ինչ որ կերպ արդարանան իրենց ժողովրդի առջև, և արդարանալու համար նրանք սկսում են մեղադրել բոլորին անխտիր` բոլոր միջազգային կազմակերպություններին, Մինսկի խմբին, համանախագահներին, և բնականաբար` երկու հայկական պետություններին:
Հարց. Պարոն Քոչարյան, դիվանագիտական ճակատում հայկական կողմը դրսևորում է բավական զսպվածություն, և դուք արդեն ասացիք, թե ինչու: Նույն զսպվածությունը կա նաև մեր ռազմական պատասխանատուների մոտ, և ի տարբերություն մեզ` Ադրբեջանում դիտվում է ճիշտ հակառակ պատկերը. կոնկրետ Սաֆար Աբիևը ամեն օր հանդես է գալիս ռազմական ելույթներով:
Պատասխան. Մեր երկու հայկական պետությունների պաշտպանության նախարարները առաջնորդվում են այն սկզբունքով, որ պետք է գործեն, այլ ոչ թե խոսեն: Հիշեցնեմ, որ և՛ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, և՛ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ հաղթած հրամանատարներ են, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պարտված հրամանատար է: Եվ եթե Ադրբեջանը նորից փորձի դիմել որևէ արկածախնդրության, ապա նույնն էլ կկրկնվի, և երկու պետությունների պաշտպանության նախարարները և մեր ամբողջ ռազմական հրամանատարությունը կրկին գործով կապացուցեն իրենց անելիքը:
Հարց. Պարոն Քոչարյան, իսկ եթե ամփոփելու լինենք այս Ձեր բացատրությունները, կարելի՞ է հակիրճ ասել, որ և՛ շանտաժի լեզվով խոսելը և՛ ռազմական սպառնալիքները պարզապես մեր հարևանների անճարության դրսևորում է:
Պատասխան. Գիտեք, իրենք դրված են հիմա շատ հստակ խնդրի առջև: Բերեմ կոնկրետ օրինակներ. առաջին` արդեն պահանջվում է, որպեսզի ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում, անպայման քննվի: Բայց չէ՞ որ դա Ադրբեջանին ձեռնտու չէ՞, չէ՞ որ միջադեպեր հրահրողը ինքն է, չէ՞ որ եթե զոհված երեխայի հետ կապված պատմությունը քննվեր, որը որ ադրբեջանցիները փորձում էին հայկական կողմերի վրա բարդել, ապա քննությունը բոլորովին այլ բան ցույց կտար: Հետևաբար` Ադրբեջանն արդեն հայտնվել է անելանելի վիճակում: Երկրորդ` Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ հստակ ասվում է, որ պետք է ամեն ինչ ի մի բերել և անցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, այլ ոչ թե մնալ երևակայական դաշտում:
Օրինակ` Ադրբեջանի նախագահը ընդամենը երեկ հայտարարեց, որ երբեք չի տրամադրի անկախություն Լեռնային Ղարաբաղին: Իսկ ո՞վ է նրանից անկախություն խնդրում, կամ ո՞վ է այդպիսի հարց բարձրացնում: Անկախության կարգավիճակը որոշում է ինքը ժողովուրդը, այլ ոչ թե Բաքուն: Եվ այսպես շարունակ: Այս ամենը բերում է հենց այն վիճակին, որ Ադրբեջանը, այլ ճար չունենալով, այսօր դիմում է վերջին փորձին` մի կողմից արդարանալու սեփական ժողովրդի առջև, գցելու իր իսկ մեղքը հարցի չկարգավորման համար միջնորդների վրա, մյուս կողմից էլ, կարծում եմ, մտապահում են ապագա ընտրությունները: Երկու տարի հետո լինելու են ընտրությունները, և այստեղ կան բազմաթիվ խնդիրներ: Չի կարելի ցմահ լինել երկրի նախագահ, ինչը ապացուցեցին վերջերս մահմեդական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Բուն Ադրբեջանում կա լուրջ դժգոհություն. չի կարելի այս սոցիալական դժգոհությունը անընդհատ փորձել բարդել հայկական կողմերի վրա:
Այս բոլորի արդյունքում ադրբեջանական կողմը հայտնվել է շատ ծանր իրավիճակում: Բայց ելքը մեկն է. ելքը կայանում է նրանում, որ, կրկնում եմ, անհրաժեշտ է դուրս գալ երևակայական դաշտից, իջնել դեպի իրական դաշտ և սկսել իրական բանակցություններ, այլ ոչ թե օգտագործել բանակցային այս ամբողջ գործընթացը որպես քող այն ապաքարոզչության կամ քարոզչության համար, որը նրանք իրականացնում են, միջազգային իրավունքի աղավաղման, ամբողջ այս հակամարտության էության նենգափոխման, պատմության վերափոխման համար: Այդ բոլորը հեռանկար չունի. հեռանկար չունի հենց Ադրբեջանի և Ադրբեջանի ղեկավարության համար:
Պարզ է: Շնորհակալ եմ Պարոն Քոչարյան: