ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Հենարան.ամ» լրատվական կայքի հարցին
08 հոկտեմբերի, 2010ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Հենարան.ամ» լրատվական կայքի հարցին
Հարց. Ադրբեջանի արտգործնախարարությունը Մանվել Սարիբեկյանի սպանությունը մեկնաբանելիս ցինիզմի նոր պոռթկում դրսեւորեց: Ինչպե՞ս կմեկնաբենք դա:
Պատասխան. Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը բնորոշ է ահաբեկիչներին:
Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը եւ անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռեւս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի եւ Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին եւ հերոսացվեցին ու մեծարվեցին:
Այդ անպատժելիությունից ոգեւորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ:
Այսօր էլ Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում եւ հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել եւ ծրագրել նոր ոճրագործություններ: