Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին
17 սեպտեմբերի, 2010– Պրն. Կիրակոսյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախաձեռնած հերթական բանաձեւի նախագիծը հանվեց քննարկումից` թողնվելով հաջորդ նստաշրջանին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք նման քայլը, երբ բանաձեւի նախագծի քննարկման հետաձգումը ներկայացվում է որպես ԵԱՀԿ համանախագահող երկրների ճնշման արդյունք:
- Նախ` պետք է հստակություն մտցնել այս հարցադրման մեջ: Խոսքն այստեղ ոչ թե բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ` քննարկումից ընդհանրապես հանելու: Խոսքը ոչ թե բանաձեւի, այլ օրակարգի կետի 65-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին է: ՄԱԿ-ում բանաձեւի նախագծի հետաձգում մեկ այլ նստաշրջանի հնարավոր չէ: Տվյալ նախագիծը քվեարկության չդրվելու պարագայում` համապատասխան նստաշրջանի ավարտից հետո այլեւս դադարում է գոյություն ունենալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաեւ միջազգային հանրության գերակշիռ մասը դեմ են արտահայտվել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ձեւաչափի փոփոխմանն ուղղված որեւէ քայլի եւ միանշանակ սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բնականաբար, Ադրբեջանի նման ապակառուցողական կեցվածքը, աջակցություն չգտնելով անդամ երկրների կողմից, բացասաբար պիտի անդրադառնար վերջինիս հեղինակության վրա, այն ոչ միայն թույլ չէր տա Բաքվին ինչ-որ դիվիդենտներ ստանալ, այլեւ` հակառակը: Դա էլ հիմնականում պատճառ դարձավ Ադրբեջանի կողմից բանաձեւը քվեարկության չներկայացնելու համար:
- Արդյոք այդ նախագծի գոյությունը հաջորդ նստաշրջանի օրակարգում չի՞ կարող օգտագործվել որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ:
- Ինչպես բազմիցս նշվել է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում: Ավելին, մի բանաձեւ, որը ՄԱԿ-ի անդամ երկրների գերազանցող մեծամասնության աջակցությունը չի վայելում, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, առավել եւս` լծակ լինել: Այնուհանդերձ, Հայաստանը մշտապես շեշտել է, որ զանազան միակողմանի փաստաթղթերի առաջադրումը տարբեր ատյաններում, եւ ՄԱԿ-ը բացառություն չէ, որտեղ հաշվի չեն առնվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ ազատ սեփական կյանքը տնօրինելու ցանկությունը, միայն բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա` ստեղծելով անհարկի խոչընդոտներ ու ձգձգումներ: Դրա մասին է խոսում նաեւ անցյալի փորձը: Այս տեսակետից եւս որեւէ նման թերարժեք փաստաթուղթ չի կարող դառնալ ճնշման լծակ ոչ Հայաստանի, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի վրա:
- Հնչում են տարբեր մեկնաբանություններ եւ գնահատականներ, թե ՄԱԿ-ում նման իրավիճակը Հայաստանի արտաքին քաղաքականության պարտվողականության արդյունք է: Միեւնույն ժամանակ, անգամ այս բանաձեւի նախագիծը քվեարկության դրվելու դեպքում, անկասկած էր, որ կընդունվի: Ինչպե՞ս է Հայաստանը փորձում շտկել իրավիճակը:
- Կարծում եմ, սխալ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ինչ-որ նախագծի անցնել-չանցնելը կապել արտաքին քաղաքական հաջողության կամ անհաջողության հետ: Նախ, ցանկացած երկիր իրավունք ունի բանաձեւի նախագիծ ներկայացնել: Այլ խնդիր է, թե նշյալ նախաձեռնությունը որքանով է սատարվում մյուս պետությունների կողմից, եւ որքանով է այն առաջ մղում միջազգային գործընթացները: Ցավոք, լինում են նաեւ ձեւական բնույթի նախագծեր, որոնք ավելի շատ նպատակ ունեն ինչ-ինչ քվեներ շահելու, բայց որոնց օգտակարությունը խիստ կասկածելի է: Պարզապես գործող ընթացակարգերի արդյունքում դրանք կարող են ընդունվել, փաստացիորեն մնալով թղթի վրա: Նույն ՄԱԿ-ում տարբեր երկրների դեմ տարբեր ժամանակներում բանաձեւեր են ընդունվել, սակայն դրանով նշված պետությունների վարկանիշն ամենեւին չի նվազել, իսկ արտաքին քաղաքականությունը վնաս չի կրել: Արտաքին քաղաքական հաջողությունները, կարծում եմ, պետք է գնահատել արդյունքով, այլ ոչ թե աղմկահարությամբ: Եվ կոնկրետ այս դեպքում ճիշտ հակառակն էր. ադրբեջանցիների հանած աղմուկի պարագայում հենց իրենք էին հայտնվել ոչ շահեկան վիճակում:
- Ի՞նչ է արվել Հայաստանի ԱԳ նախարարության կողմից բանաձեւի հնարավոր բացասական ազդեցությունը կանխելու համար:
- Հնարավոր բացասական ազդեցությանն արդեն նախորդ հարցի ժամանակ անդրադարձ արվեց: Ինչ վերաբերում է գործադրած ջանքերին, ապա հանրապետության նախագահը, արտգործնախարարը եւ նախարարությունը անհրաժեշտ աշխատանք են իրականացրել միջազգային հանրությանը ադրբեջանական այդ քայլի ապակառուցողական էության մասին իրազեկելու ուղղությամբ: Դրա արդյունքում է, որ այդ բանաձեւի նախագիծը հանվել է քննարկումից: Մի քանի օրերի ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները 600-ից ավելի հանդիպումներ են ունեցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, արտգործնախարարը հարյուրավոր հեռախոսազրույցներ է ունեցել իր գործընկերների հետ, 200-ից ավելի նամակներ է ուղարկել իր գործընկերներին, միջազգային կառույցների ղեկավարներին: Այսինքն` բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են բանակցային գործընթացը անխաթար պահելու համար: