Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Կապիտալ» օրաթերթին

10 հուլիսի, 2010

-Պրն Քոչարյան, նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են կարգավորման վեց տարրերը` Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակները, ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը, փախստականների ու տեղահանվածների վերադարձի իրավունքը, խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները: Ի՞նչ է նշանակում «ընդունում են կարգավորման տարրերը»:

-Այդ տարրերը ներառված են Մադրիդյան փաստաթղթում, որը դեռ 2008թ. մեր կողմից ընդունվել է որպես հիմք բանակցությունների համար: Հայաստանն ասել է նաեւ, որ ընդունում է նույն տարրերի վրա հիմնված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, որը ներկայացվել է կողմերին Սանկտ Պետերբուրգում շուրջ մեկ ամիս առաջ:
Կարեւոր է արձանագրել, որ համաձայն այդ տարրերի` Ղարաբաղը պետք է ունենա միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի՝ համաձայն Արցախի ժողովրդի կամարտահայտության, որը կունենա պարտադիր իրավական ուժ բոլորի համար:

-Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (հուլիսի 9) հայտարարել է, որ Ալմաթիում հուլիսի 16-17-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության լուծման առաջին փուլում Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հանձնելու հարցը։ Նման հարց հանդիպման օրակարգում կա՞։

-Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից:

-Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը չպետք է վնասի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ձեր մեկնաբանությունը։

-ՄԱԿ-ի անդամ երկրի ղեկավարը պետք է իմանա, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը այդ կազմակերպության նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը, ինչպես նշեցի, արտացոլված է նաեւ Մադրիդյան փաստաթղթում եւ վերջին տարբերակում: Ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարների անհույս ճիգերի` միջազգային իրավունքը միջազգային իրավունք է, այլ ոչ թե իրենց անհիմն տեղայնական պատկերացումները իրավունքի մասին:

Տպել էջը