Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հարցազրույցը «Հ2» հեռուստաընկերության «Չորրորդ ստուդիա» ծրագրին
15 հունիսի, 2010Ինչո՞վ է պայմանավորված «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման անցկացումը Հայաստանում եւ ի՞նչ նպատակներ է այն հետապնդում:
«ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող կարեւորագույն միջոցառումներից է: Միջոցառման նպատակն է բարձրացնել հանրային իրազեկումը` լայն եւ բազմաբնույթ տեղեկատվություն տրամադրելով Հյուսիսատլանտյան դաշինքի, ինչպես նաեւ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ ընթացիկ համագործակցության վերաբերյալ:
Ովքե՞ր են միջոցառման կազմակերպիչները եւ ի՞նչ է նախատեսվում իրականացնել այս տարվա միջոցառման շրջանակներում:
«ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը ամենամյա միջուցառում է: Այն կազմակերպվում է ՀՀ ԱԳ նախարարության եւ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժնի համատեղ ջանքերով, ինչպես նաեւ Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի եւ «Հայկական Ատլանտյան Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ակտիվ մասնակցությամբ: Առաջին անգամ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը Հայաստանում կազմակերպվել է 2007թ-ին: Օրակարգը բավականին հագեցած է եւ բազմաբնույթ` իր մեջ ներառելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, սեմինարներ, կլոր սեղաններ:
Այս տարվա միջոցառումը թվով չորրորդն է: Դրա շրջանակներում նախատեսվում են Հանրային դիվանագիտության ստորաբաժանման հարցերով ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալ Ժան Ֆրանսուա Բյուրոյի այցը Հայաստան, ՀՀ եւ ՆԱՏՕ պաշտոնատար անձանց այցելությունը Գյումրիի համալսարան, դասախոսություններ ուսանողների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների համար, համապատասխան գրականության տրամադրում` համալսարանում «ՆԱՏՕ-ի անկյուն» ստեղծելու նպատակով: Շաբաթվա շրջանակներում կայանալու է նաեւ «Հասարակական ընկալումներ ՆԱՏՕ-ի գործողությունների եւ անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» խորագրով միջազգային սեմինարը:
Որքանո՞վ է կարեւորվում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից եւ ինչպե՞ս է այն իրականացվում գործնականում:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի անվտանգության ճարտարապետության բաղկացուցիչ մաս եւ համահունչ է Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղության` եվրաինտեգրման ձգտմանը: Մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր ենք զարգացնել այն: Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները խարսխված են Գործընկերություն հանուն խաղաղության /1994թ./ ծրագրի վրա, ինչպես նաեւ իրականացվում են ներգրավման ավելի բարձր աստիճան ապահովող Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /1997թ./ շրջանակներում: 2006թ.-ից սկսվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` ԱԳԳԾ-ի իրականացումը, որը օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական եւ անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու գործում: Այդ բարեփոխումների վերջնական նպատակը ժողովրդավարական հասարակությունների համակարգերի հետ համահունչ եւ ժամանակակից միջազգային ռազմական պահանջներին համապատասխանող պաշտպանության համակարգի ստեղծումն է: Տվյալ ուղղությամբ համագործակցության բաղկացուցիչներից է զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ապահովումը: Մենք կարեւորում ենք ԱԳԳԾ` որպես համագործակցության ձեւաչափ եւ մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու դրա արդյունավետ իրագործումը:
Որքա՞ն հեռու է պատրաստ գնալ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելու հարցում:
Ինչպես արդեն նշեցի 90-ականների սկզբից Հայաստանն ինստիտուցիոնալ եղանակով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Միեւնույն ժամանակ Հայաստանն հավաքական անվտանգության այլ համակարգի լիարժեք մաս է կազմում : Չեմ կարծում, որ ճիշտ կլինի համեմատել անդամակցությունն ու գործընկերությունը: Որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ-պետություն, Հայաստանն ունի որոշակի պայմանագրային պարտավորություններ, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգանում է իր ուրույն տրամաբանությամբ եւ չի կարող հակասել ՀԱՊԿ շրջանակներում նշված պարտավորություններին:
Ի՞նչ ներդրում ունի Հայաստանը միջազգային անվտանգության ապահովման գործում, եւ ինչպես է դա իրականացվում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում:
21-րդ դարի սպառնալիքներն ու մարտահրավերները համապարփակ բնույթ ունեն եւ պահանջում են բոլոր պետությունների ջանքերի միավորում: Հետեւաբար անհրաժեշտ է ոչ միայն միջազգային անվտանգության սպառող լինել, այլեւ այդ անվտանգությունն ապահովող գործընթացի ակտիվ մասնակից: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանին իր ներդրումն ունենալ եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում: 2004թ-ից սկսած Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին: 2004-2008թթ. հայ խաղաղապահները ներկայացված էին մեկ դասակով, այնուհետեւ 2008թ. հունիսին մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում կրկնապատկվեց` դառնալով մեկ վաշտ: Նկատի ունենալով ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իր կոնտինգենտի թվի կրճատման միտումը, Հայաստանը եւս նվազեցրեց հայ խաղաղապահների թիվը` սահմանափակվելով այն մեկ դասակով: 2010թ. փետրվարի 14-ից սկսած Հայաստանն ապահովում է նաեւ իր մասնակցությունն Աֆղանստանում` Միջազգային անվտանգության աջակցման ուժերում գերմանական հրամանատարության ներքո գործող Կունդուզի նահանգային վերակառուցման թիմում: Մեր խաղաղապահները բազմիցս արժանացել են Դաշինքի բարձրաստիճան զինվորականնների դրվատանքին` պատրաստվածության բարձր մակարդակի եւ արդյունավետ ծառայության համար:
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը սահմանափակվում է միայն ռազմական ոլորտով, թե կան համագործակցության այլ ոլորտներ:
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ԱԳԳԾ շրջանակներում իր մեջ ներառում է չորս հիմնական ոլորտ. առաջինն առնչվում է քաղաքական եւ անվտանգության խնդիրներին, երկրորդը` պաշտպանական եւ ռազմական, երրորդը` հասարակության իրազեկման, գիտության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների եւ, վերջապես, չորրորդը` վարչական, պաշտպանողական անվտանգություն եւ ռեսուրսների կառավարման հետ կապված խնդիրներին: Ծրագիրը նախատեսում է նաեւ այդ ոլորտներում ստանձնած պարտավորությունների վերահսկման մեխանիզմ: Յուրաքանչյուր տարի ՆԱՏՕ-ի փորձագետներից կազմված գնահատման խումբն այցելում է Հայաստան` ծրագրի մեջ ներգրավված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով, որից հետո կատարվածի ամփոփ զեկույցը ներկայացվում է Հյուսիսատլանտյան խորհրդի հաստատմանը:
2009-2010 Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ գնահատման զեկույցում նշվել է, որ Հայաստանը Դաշինքի ակտիվ գործընկերն է ԳՀԽ ծրագրի եւ ԵԱԳԽ շրջանակներում: Ընդգծվել է Հայաստանի շարունակական առաջընթացը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում: Բարձր են գնահատվել պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում արձանագրված արդյունքները: Դրվատանքի է արժանացել քաղաքացիական պաշտպանության պլանավորման գործընթացի իրականացումը: Այդ ոլորտում հաջողության վառ ապացույցն է այս տարվա սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «Արմենիա-2010» վարժանքի անցկացումը Հայաստանում` հնարավոր երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերի համադրման սցենարով: Պետք է նշել, որ այն լինելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտում անցկացվելիք Դաշինքի խոշորագույն վարժանքը` նախատեսվում է ՆԱՏՕ-ի եւ Գործընկեր երկրների շուրջ 600 փրկարարների, փորձագետների եւ բարձրաստիճան հյուրերի մասնակցություն:
Հաջողություններ են արձանագրվել նաեւ հանրային դիվանագիտության, մասնավորապես հասարակության տեղեկացվածության ապահովման բնագավառում:
Այս տարի մայիսի 12-ին Բրյուսելում կայացավ Հյուսիսատլանտյան Խորհուրդ-Հայաստան ամենամյա հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները: Հանդիպմանը հաստատվեց 2009-2010 Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ գնահատման զեկույցը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոն բարձր գնահատեց Հայաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանին Աֆղանստանում խաղաղապահ գործողությանը արդյունավետ մասնակցելու համար:
Մայիսի 25-ին Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում: Հատկապես հաջողված համարվեցին ԱԳԳԾԽ իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին: ՀՀ Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում:
2009-2010 Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրագործումը շարունակվում է, եւ մենք դեռեւս բավականին անելիքներ ունենք այդ ճանապարհին: Հայաստանը ձգտելու է ժամանակին եւ լիարժեք կատարել այդ ծրագրով ստանձնած պարտավորությունները:
Որքանո՞վ է կարեւորվում խորհրդարանական մակարդակով համագործակցությանը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համատեքստում:
ՆԱՏՕ-Հայաստան խորհրդարանական մակարդակով համագործակցությանը Դաշինքի հետ մեր հարաբերությունների անբաժանելի եւ կարեւոր մասն է հանդիսանում: ՀՀ ԱԺ համագործակցությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել 2002թ. մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի ԽՎ այն ժամանակվա նախագահ Ռաֆայել Էստրելյան եւ ՀՀ ԱԺ առաջարկեց դառնալ դիտորդ: Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցիացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին: Մասնավորապես մենք մասնակցում ենք հինգ տարբեր կոմիտեների աշխատանքներին, որոնք զբաղվում են քաղաքականության, պաշտպանության, գիտության, տնտեսության եւ այլ խնդիրներով եւ որտեղ զեկույցներ են պատրաստվում տարբեր հրատապ հարցերի վերաբերյալ: Այդ զեկույցների քննարկումը հնարավորություն է ընձեռում անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություններ կատարել, ինչը հատկապես կարեւորվում է մեր տարածաշրջանի վերաբերյալ զեկույցների պատրաստման ժամանակ: Այս պարագայում մենք հնարավորություն ունենք անմիջականորեն մեր դիրքորոշումն արտահայտելու, ինչպես նաեւ ազդելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկերների դիրքորոշումների վրա:
Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանում ՆԱՏՕ-ի հասարակական ընկալման հարցում: Որքանո՞վ է այն պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ:
ՆԱՏՕ-ի հասարակական ընկալման վրա ազդող կարեւոր գործոններին անդրադառնալիս հարկ է նշել, որ մենք հետխորհրդային հասարակություն ենք, եւ մեր հանրության, հատկապես տարեց մարդկանց մի մասի մոտ, դեռեւս պահպանվել են ՆԱՏՕ-ի հանդեպ կարծրատիպերը: Այդ կարծրատիպերից ձերբազատվելու համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկածվածության մակարդակը: Այդ նպատակին են ծառայում նաեւ «ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառումները, Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի, տարբեր հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Պետք է նաեւ նշել, որ հասարակական կարծիքի ձեւավորման վրա զգալի ազդեծություն ունի Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելու հանգամանքը եւ այդ երկրի հետ կապված պատմական հիշողությունները: Այս համատեքստում կարծում եմ, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը նպաստավոր կլինի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, ինչպես նաեւ դաշինքի էլ ավելի բարենապաստ ընկալման համար:
Բացի «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումից ուրիշ ին՞չ աշխատանքներ են տարվում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ հանրությանը ավելի լավ իրազեկելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ ԱԳԳԾ-ով ստանձնած պարտավորությունների իրագործման հետ կապված թափանցիկության ապահովումը կարող են զգալիորեն նպաստել հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: Առաջին քայլն այդ ուղղությամբ արվեց անցյալ տարի, երբ ընդունվեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին հասարակության իրազեկման հայեցակարգը: Հանրային իրազեկման բարելավումը պայմանավորված է նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների թափանցիկ գործելաոճով: Այդ առումով շոշափելի հաջողությունների են հասել պաշտպանության նախարարությունը եւ փրկարար ծառայությունը, որոնց վեբկայքերը պատշաճ կերպով լուսաբանում են այդ գերատեսչությունների համագործակցությունը Դաշինքի հետ: Չեմ կարող չնշել նաեւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի եւ «Հայկական ատլանտյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դրական դերակատարումը հանրային իրազեկման մակարդակի բարձրացման գործում: