ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայաստանի զրուցակից» թերթին
29 հունիսի, 2009Շրջանառվող լուրերի համաձայն Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսին ստորագրվելիք մի փաստաթուղթի շուրջ, որն իր բնույթով ոչ հայանպաստ է. նրանում խոսք կա ազատագրված տարածքների հանձնման, ադրբեջանացի փախստականների ԼՂՀ վերադարձի ու նոր հանրաքվեի անցկացման մասին: Այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Նման լուրեր` ինչ-որ փաստաթղթի ստորագրման, հայկական կողմի ինչ-ինչ զիջումների մասին հաճախ են շրջանառվում, սակայն իրականում դրանք անհիմն են ու հետապնդում են ներքաղաքական նպատակներ: Իրականությունն այլ է. այս պահին, ինչպես հայտնի է, կա մեկ փաստաթուղթ` Մադրիդյանը, որն արձանագրում է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքներ` ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Պատահական չէ, որ մեկ տարի շարունակ Բաքուն մերժում էր այդ փաստաթղթի գոյությունը, չնայած Մադրիդում Ադրբեջանը համաձայանություն էր տվել` այն ընդունել որպես բանակցությունների հիմք: Այսօր, երբ սկզբունքային մոտեցումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, ինչպե՞ս կարելի է խոսել տարածքները հանձնելու, ադրբեջանացի փախստականների վերադարձի մասին ու հայտարարել, թե ԼՂ հիմնահարցը ուր որ է լուծում կստանա: Նմանատիպ տեղեկատվության, ավելի ճիշտ ապատեղեկատվության աղբյուրը ադրբեջանական մամուլն է:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը եւ՞ս ադրբեջանական մամուլից էր օգտվել, երբ հայտարարեց, թե շուտով ԼՂՀ գործընթացում առաջընթաց է գրանցվելու:
Ֆիլիպ Գորդոնը շատ հստակորեն հայտարարեց նշածս երեք սկզբունքների առկայության մասին, իսկ նրա լավատեսությունը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը պարտադրված է լինելու նահանջել իր ապակառուցողական դիրքերից:
Տարիներ շարունակ Ադրբեջանը տարբեր ամբիոններից հոխորտալով «գրավյալ տարածքների», ադրբեջանցի փախստականների մասին` հաջողեց նենգափոխել հակամարտության բովանդակությունը: Այսօր շատերն են մոռացել, թե ինչ ասել է «գրավյալ տարածք» եւ թե ո՞վ է իրական ագրեսորը: Արդյո՞ք, սա մեր դիվանագիտության բացթողումը չէ:
Պետք չէ գերագնահատել Ադրբեջանի քայլերը: Իրականում եթե նրան ինչ-որ բան հաջողվել է, ապա միայն այն կառույցներում, ուր անտեղյակ են հակամարտության ծագման եւ խորացման իրական պատճառների մասին: Օրինակ օգտագործելով կրոնական զգացումները` «հաջողություններ» է արձանագրել Իսլամական Կոնֆերանսում, ուր եւ ընդունվել են իրականությանը չհամապատասխանող պատկերացումների վրա հիմնված բանաձեւեր: Հիշենք, որ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը դիմեց միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը: Հայտնի է Ղարաբաղյան պատերազմին մոտ 2000 աֆղան մոջահեդների ակտիվ մասնակցության մասին, իսկ հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաեւն ու նրա ահաբեկչական խումբն առաջին մարտական փորձը ձեռք բերեցին հենց Ղարաբաղում` կռվելով Ադրբեջանի կողմից: Մինչդեռ հայկական երկու կողմերը երբեք չեն փորձել այս հակամարտությանը կրոնական բնույթ տալ ու քրիստոնյա աշխարհին ի ցույց դնել, թե տեսեք` ծայրահեղական մահմեդականները ինչպես են վարվում քրիստոնյա հայ ժողովրդի հետ: Այսօր եւս Ադրբեջանը փորձում է խաղալ կրոնական զգացումների վրա, եւ դա չափազանց վտանգավոր է հենց իր համար: Ի վերջո, ապագան քաղաքակրթությունների երկխոսությանն է: Բայց կան կառույցներ, ուր Ադրբեջանի կեղծիքն ու սուտը չեն կարող անցնել, քանի որ դրանցում բավական տեղյակ են հակամարտության մանրամասներին: Այդպիսին է Մինսկի խումբը: Ահա թե ինչու է Ադրբեջանն անվերջ փորձում բանակցային գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից ու տեղափոխել միջազգային այլ կառույցներ: Ստի ոտքը կարճ է:
Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է լռենք: Մենք խնդիր չունենք իրականությունն աղավաղելու, բայց խնդիր ունենք հստակ ու տեսանելի ներկայացնել հակամարտության էությունն ու ժամանակագրությունը եւ հակամարտության հետեւանքների իրական պատասխանատուին: Առայսօր Բաքուն փորձում է բանակցային գործընթացի հիմք դարձնել իր աղավաղված պատկերացումները: Փաստ է, որ հակամարտության առաջացման եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է, որն ի պատասխան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման դիմեց վայրագ ուժային քաղաքականության: Ադրբեջանը փորձեց ահաբեկել հայությանը հայերի ջարդերով` Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու... եւ հայաթափել Ղարաբաղն ու հարակից տարածքները` իրականացնելով էթնիկ զտումներ ու բռնի տեղահանումներ: Եվ քանի որ չկարողացավ հասնել իր վերջնական նպատակին, անցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի: Ստանալով հակահարված եւ պարտադրված լինելով կնքել 1994թ կրակի դադարեցման եռակողմ (ԼՂՀ, Ադրբեջան, Հայաստան) համաձայնագիրը, Ադրբեջանն աղավաղելով իրականությունը, փորձում է նախ ազատվել այն պատասխանատվությունից, որ կրում է այս հակամարտությանը ռազմական բնույթ տալու համար: Չէ՞ որ ռազմական ուժի գործադրման հետեւանքով ի հայտ եկան փախստականներ, եղան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ: Փորձելով ներկայացնել խնդիրը որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ` վերջինս փորձում է այդկերպ ողջ պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա: Ավելին` փորձում է ներկայացնել, թե ԼՂՀ-ն` որպես կողմ, ընդհանրապես գոյություն չունի: Նման աղավաղված պատկերացումները բանակցությունների հիմք դառնալ չեն կարող: Ադրբեջանն իր իրարամերժ հայտարարություններով ցույց է տալիս, որ պատրաստ չէ իրական, կառուցողական բանակցությունների:
Ադրբեջանը կառուցողական բանակցությունների պատրաստ չէ, իսկ մեզանում անվերջ խոսվում է տարածքային փոխզիջումների մասին: Այդ ի՞նչն ենք «փոխզիջում», երբ ԼՂՀ-ն արդեն իսկ կատարել է իր բաժին զիջումները. համաձայնել է խոսել նոր հանրաքվեի անցկացման մասին ու նաեւ, որ իր շահերը ներկայացնի ՀՀ նախագահը: Փոխզիջման հերթը Ադրբեջանինն է:
Նոր հանրաքվեի գաղափարը առաջարկել են միջնորդները, որպես փոխզիջում: 1991-ին ԼՂՀ-ում միջազգային իրավունքի եւ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումը: ԽՍՀՄ փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀՄ-ի տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը: Ի դեպ ԼՂՀ-ում հանրաքվեն մի քանի օր ավելի վաղ տեղի ունեցավ, քան Ադրբեջանում: Եվ այսօր հանձին ԼՂՀ-ի` մենք գործ ունենք կայացած պետության հետ: Ավելին` նույնիսկ անհարմար է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համեմատել ժողովրդավարության տեսակետից անձնիշխանական Ադրբեջանի հետ: ԼՂՀ-ն ունի Սահմանադրություն, որն ԱՊՀ տարածքում ամենաժողովրդավարականներից մեկն է: Արդեն կայացած պետության դեպքում նոր հանրաքվեի անցկացումն արդեն իսկ փոխզիջում է: Իհարկե միջնորդների առաջարկած նոր հանրաքվեն ենթադրում է որոշակի պայմաններ. առաջին հերթին, հանրաքվեին մասնակցող հայերի ու ադրբեջանցիների միջեւ համամասնությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին 88-ին էր: Երկրորդ` նոր հանրաքվեի անցկացումը կլինի իմաստալի, եթե արձանագրվի, որ ԼՂՀ-ի ժողովրդի կայացրած որոշումը պարտադիր է բոլոր կողմերի` այդ թվում եւ Ադրբեջանի համար: Ադրբեջանը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային լիիրավ կողմ լինելը: Եվ միայն այդ դեպքում հնարավոր է արդյունավետ խոսել մյուս հարցերի մասին: Իսկ Հայաստանում տարածում ունի ադրբեջանական մամուլի ապատեղակատվությունը: